28 C
Yerevan
12 Օգոստոսի, 2020
91564.8 By Google Analytics 11.08.2020
Գլխավոր » «Պարոն Թովմասյանի ամոթի զգացումը թույլ տվեք չմեկնաբանեմ». «Իմ քայլի» պատգամավոր
Այլ Լուրեր

«Պարոն Թովմասյանի ամոթի զգացումը թույլ տվեք չմեկնաբանեմ». «Իմ քայլի» պատգամավոր

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: 

Պարոն Գրիգորյան, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում «առոչնիչ ակտ» անվանեց երեկ ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունները՝ ասելով. «Կա իրավական սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին անձը ոչ թե իր իրավունքն է դրանց ենթարկվել կամ չենթարկվելը, այլ ինքը իրավունք չունի դրան ենթարկվել»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և ի՞նչ իրավական կարգավորում կա այս դեպքում: 

-Ես, անկեղծ ասած, չեմ լսել՝ Հրայր Թովմասյանն ինչ է ասել: Կմեկնաբանեմ ձեր մեջբերումը. ԱԺ-ն և «Իմ քայլը» խմբակցությունը չեն ընդունում առոչինչ իրավական ակտեր: Ես լսել եմ տիկին Ալվինա Գյուլումյանի ասածները: Նա պնդում էր, որ այս կարգավորումները իր վրա չեն տարածվում: Ասաց, որ միգուցե տարածվում են այն դատավորների վրա, որոնք 12 տարի անընդմեջ պաշտոնավարել են որպես ՍԴ անդամ, ապա՝ որպես դատավոր: ՍԴ երկու դատավորների՝ Թովմասյանի, եթե այդպիսի բան ասել է, ու Գյուլումյանի կարծիքները իրար հակասում են, որովհետև Հրայր Թովմասյանը, ինչպես Դուք եք պնդում, երեկ ԱԺ-ի ընդունած սահմանադրական փոփոխությունները որակել է որպես առոչինչ, եթե տիկին Գյուլումյանը կիսեր այդ կարծիքը, չէր ասի՝ իր նկատմամբ կիրառելի չեն, մյուսների նկատմամբ՝ միգուցե կիրառելի են կամ կիրառելի չեն: Ինքն էլ կասեր՝ առոչինչ է, ուստի ոչ մեկի նկատմամբ կիրառելի չէ: 

Հրայր Թովմասյանը նաև ասել է, որ ինքը շարունակելու է ամեն օր աշխատանքի գնալ: Իրավական կարգավորում կա՞ այս դեպքում: 

-Կարգավորումը հետևյալն է. երեկ մենք նաև ընդունեցինք օրենք, որով ԱԺ նախագահը պետք է հրապարակի Սահմանադրության փոփոխությունները, որից հետո դրանք մտնում են ուժի մեջ: Երեկվա մեր ընդունած սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից պարոն Թովմասյանը չի հանդիսանալու ՍԴ նախագահ: Հանդիսանալու է ՍԴ դատավոր: Ուստի որպես նախագահ իր պաշտոնավարումը շարունակելու որևէ իրավական հիմք չի ունենալու: Եթե պարոն Թովմասյանը պետք է գործողություններ կատարի, որոնք չունեն իրավական հիմք, ըստ այդմ, ինչպես մյուս բոլոր դեպքերի, այդպես էլ պարոն Թովմասյանի նկատմամբ կկիրառվի ոչ իրավաչափ գործողությունների համար նախատեսված գործիքակազմը: Պետության կողմից արձագանքը կլինի՝ հիմնվելով այդ իրավական նորմերի վրա: Մեծ հույս ունեմ, որ նման իրավիճակ մենք չենք ունենա: 

Հրայր Թովմասյանը նաև ասել է, որ որպես իրավաբան ամոթի զգացում ունի այն ամենի համար, ինչ կատարվեց երեկ խորհրդարանում:

— Չեմ կարծում, որ ես պարոն Թովմասյանի կամ որևէ այլ դատավորի էմոցիոնալ զգացմունքները պետք է մեկնաբանեմ: Կարող եմ ասել, որ ես էլ շատ մեծ ամոթ ունեմ էն բոլոր հանգամանքների համար, որոնք հիմք են երեկ տվել ԱԺ-ի կողմից նման փոփոխություն կատարել: Ես շատ մեծ ամոթի զգացում ունեմ այդ գործընթացների համար: Պարոն Թովմասյանի ամոթի զգացումը և այլ զգացումներ թույլ տվեք չմեկնաբանեմ: 

Մոտավորապես ե՞րբ կդադարեցվեն Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես ՍԴ նախագահ

— Հրայր Թովմասյանի պաշտոնավարման դադարման հիմքը լինելու է ոչ թե ԱԺ նախագահի հայտարարությունը, այլ Սահմանադրությունում ԱԺ-ի կողմից ընդունված և ուժի մեջ մտած փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնելու, երբ մեր կողմից ընդունված օրենքի նախագիծը ստորագրվի ԱԺ նախագահի կողմից և դրան հաջորդի սահմանադրական փոփոխությունների ԱԺ նախագահի հրապարակումը: Այդ պահից սկսած՝ պարոն Թովմասյանի լիազորությունները, որպես ՍԴ նախագահի, կդադարեն: Ես հատուկ ընթացակարգը այդ մասով չեմ նայել, բայց ենթադրում եմ, որ սովորական օրենքների նման նախագահը մինչև 21 օրում է որոշում՝ ստորագրել, թե ոչ:

ԲՀԿն ու ԼՀԿն քննարկում են նախագիծը Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցը: Ի՞նչ զարգացում եք կանխատեսում

— Չեմ տեսնում որևէ տարբերակ, որ խորհրդարանի մեր գործընկերները վիճարկեն օրենքի դրույթները: Նախ՝ պետք է հասկանանք՝ ինչն են ուզում վիճարկել, տարբեր դրույթներ կարող են լինել: Պետք է ավելի կոնկրետ լինի, որ կարողանամ պատասխանել: Եթե չեմ սխալվում՝ ԼՀԿ-ն արդեն հայտարարել է, որ առնվազն սահմանադրական փոփոխությունների վիճարկման հնարավորություն իրենք չեն տեսնում: Եթե որոշում կկայացնեն՝ դիմելու ՍԴ, կտեսնենք՝ ինչ հիմքով են դիմում, ինչ են վիճարկում և դրա վերաբերյալ արդեն ավելի մանրամասն գնահատական կտանք: Ես նախապես դիմելու իրավական հնարավորություն չեմ տեսնում: 

-ՍԴ նախագահը այսօր նաև հայտարարել է, որ իր հեղինակած  Սահմանադրությամբ սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության, իսկ ՍԴն նման նախագիծ չի քննարկել: Արդյոք հակասահմանադրական չէ՞ ՍԴ չդիմելու որոշումը: 

— Ոչ: Ասեմ, որ նորմալ է, որ ՍԴ-ն չի քննարկել, որովհետև եթե խոսքը երեկ ԱԺ-ում ընդունված փոփոխությունների մասին է, մենք մինչև երկրորդ ընթերցմամբ փոփոխություններն ընդունելը քվեարկել ենք նաև փոփոխությունները ՍԴ ուղարկելու-չուղարկելու հարցը ԱԺ կանոնակարգի համաձայն, և «Իմ քայլը» խմբակցությունն ու Արման Բաբաջանյանը դեմ են արտահայտվել դրանք ՍԴ ուղարկելուն: Մենք պատճառաբանել ենք մեր որոշումը, որ անձը չի կարող դիմել դատարան լինելով դատավոր սեփական գործով: Այդ իրավիճակը մենք կունենայինք, եթե երեկվա փոփոխություններն ուղարկվեին ՍԴ: Առնվազն 7 ՍԴ դատավորները կամ անդամները կունենային շահերի բախում, որի պայմաններում հարցը չէր կարող քննարկվել, քվորում չէր լինի: Քվորումի պահանջվում է 5 դատավորի մասնակցություն: Կհորդորեմ ընթերցել նաև Վենետիկի կարծիքը, որտեղ նշվում է, որ սահմանադրական վերահսկողությունը, առավել ևս՝ բովանդակային վերահսկողությունը, շատ սահմանափակ թվով երկրներում է կիրառվում:  

— Սակայն Հրայր Թովմասյանը պնդել է, որ գործող Սահմանադրության մեջ չի գրված, որ եթե սահմանադրական փոփոխությունները վերաբերվելու են ՍԴ-ին, դա ենթակա չէ նախնական սահմանադրական վերահսկողության: Այսինքն՝ մոտավորապես ասում է, որ շահերի բախումը կապ չունի: 

— Ես ցավում եմ այն իրավաբանի համար, որը վիճարկում է հանգամանքը, որ անձը չի կարող լինել դատավոր սեփական գործում: Ասեմ ավելին՝ եթե պարոն Թովմասյանն ասել է Սահմանադրությունում գրված լինել-չլինելու մասին, ես էլ, օրինակ, վստահ եմ, որ Սահմանադրության մեջ որևէ տեղ գրված չէ, և որևէ իրավական ակտում գրված չի, որ ԱԺ-ն որևէ էական կարգապահական խախտման փաստով ՍԴ դիմելու համար նախապես պետք է ունենա ՍԴ որոշում: Ես էլ նման կարգավորում չեմ հիշում: 

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

«Սահմանադրության ուժի մեջ մտած դրույթները փոխելու լիազորություն ՄԻԵԴ-ը չունի». «Իմ քայլի» պատգամավոր

Սերինե

Միանշանակ է, որ ՍԴ երեք դատավորների լիազորություններն արդեն իսկ դադարած են․ Սուրեն Գրիգորյան

Սերինե

ՍԴ՝ լիազորությունները դադարեցված անդամներին կտրվի կենսաթոշակ․ Սուրեն Գրիգորյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին