29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100937.6 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » ՊԵԿ-ում հնարավոր կլինի հաշվեքննություն իրականացնել «Հաշվեքննիչ պալատի» մասին օրենքում առաջարկվող փոփոխություններով․ պատգամավոր
Գլխավոր Նորություններ

ՊԵԿ-ում հնարավոր կլինի հաշվեքննություն իրականացնել «Հաշվեքննիչ պալատի» մասին օրենքում առաջարկվող փոփոխություններով․ պատգամավոր

NewArmenia.amի  զրուցակիցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն է։

-Դուք և Ձեր խմբակցության մի քանի պատգամավորներ հանդես եք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում։ Կխնդրեմ մանրամասնեք՝ ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում, և ո՞րն է դրանց նպատակը։

-Փոփոխությունները մի քանի գործոնով են պայմանավորված։ Շուրջ մեկուկես տարի աշխատելով բյուջետային հանձնաժողովում, հիմա էլ լինելով ենթահանձնաժողովի նախագահ՝ Հաշվեքննիչ պալատի մասով մենք բազմաթիվ խնդիրներ ենք նկատել «Հաշվեքննիչ պալատի» մասին գործող օրենքում, որը ուժի մեջ է մտել 2018 թվականին։ Բացի դրանից ՍԻԳՄԱ կազմակերպությունը զեկույց էր հրապարակել՝ անդրադառնալով «Հաշվեքննիչ պալատի» մասին ՀՀ օրենքին և հանձնաժողովին ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ։ Առաջարկվող փոփոխությունները հիմնականում հենց այդ առաջարկություններն են, իսկ մյուս մասը՝ մեր կողմից բացահայտված խնդիրներն են։ Կան նաև խնդիրներ, որոնք կապված են ՀՀ Սահմանադրության հետ, որոնք փոփոխության կենթարկվեն Սահմանադրության փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի կողմից։

Մեր կողմից առաջարկվող փոփոխություններից մեկն այն է, որ Հաշվեքննիչ պալատը կարողանա հաշվեքննություն իրականացնել նաև ՊԵԿ-ում։ Կարևոր կարգավորում կա նաև Հաշվեքննիչ պալատի անդամին ներկայացվող պահանջներին։ Պալատի անդամ կարող են դառնալ Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն անձը, ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ Հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ ֆինանսական  ոլորտում նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում: Փոփոխություններ ենք առաջարկում նաև մի քանի տեխնիկական հարցերի մասով։

Այսինքն՝ այս փոփոխություններով ընդարձակվո՞ւմ են Հաշվեքննիչ պալատի լիազորությունները։

-Ըստ էության այո՛, նրանց իրավունք ենք տալիս հաշվեքննություն իրականացնել նաև հարկերի մասով։ Կառուցողական փոփոխությունների մի մասն էլ մեծ քննարկում պահանջող են և՛ գործադիր մարմնի հետ, և՛ Հաշվեքննիչ պալատի, դրա համար ձեռնպահ ենք մնացել այս նախագծում ներառելուց։

-Նշեցիք, որ փոփոխություններ պետք է կատարվեն նաև Սահմանադրության մեջ։ Կներկայացնեք՝ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։

-Սահմանադրությունում մի տեխնիկական խնդիր նշեմ։ «Հաշվեքննիչ պալատի» մասին օրենքում օգտագործվում է և՛ հաշվեքննություն տերմինը, և՛ ստուգում տերմինը։ Եթե Վերաքննիչ պալատի կառուցվածքային փոփոխություններից հետո հանգել ենք եզրակացության, որ մեզ պետք է ոչ թե Վերաքննիչ, այլ Հաշվեքննիչ պալատ իր գործառույթներով՝ հաշվեքննություն, հետևաբար «ստուգում»-ից պետք է հրաժարվենք։ Հաշվեքննությունը պետական մարմիններում իրականացված հաշվեքննությունն է, իսկ ստուգումները այն ընկերություններում իրականացված աշխատանքներն են, որտեղ պետությունն ունի մասնակցություն։ ՍԻԳՄԱ-ի հետ էլ ենք քննարկել այս հարցը, ճիշտը այն է, որ երկու դեպքում էլ գործածվի «հաշվեքննություն» եզրույթը, քանի որ դա իրականացվում է Հաշվեքննիչ պալատի կողմից։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Հաշվեքննիչ պալատն ԱԺ է ներկայացրել 82 էջից բաղկացած եզրակացությունը. «Ժողովուրդ»

Սերինե

Հաշվեքննիչ պալատը կուսումնասիրի ՊԵԿ-ի ծախսերի կատարման, պարգևավճարների հարցը

Աշխեն

Սուր շնչառական կամ սրտի անբավարարության ախտորոշմամբ հիվանդները ժամանակին չեն հոսպիտալացվել. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին