Գլխավոր » «Պողոսներ»՝ ՀՀ շարքային քաղաքացիների պիտակավորման անթույլատրելիությունը
Քաղաքականություն

«Պողոսներ»՝ ՀՀ շարքային քաղաքացիների պիտակավորման անթույլատրելիությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հետհեղափոխական շրջանում քաղաքական իշխանության ունեցած հեղինակության բավականին մեծ պաշարի խաթարման համար նախկին համակարգի ամենատարբեր շրջանակների կողմից զանազան տեխնոլոգիաներ են կիրառվել։ Դրանք միտված են գործող իշխանության պետական և քաղաքական տարբեր հատվածների ու նրանց գործելակերպի թիրախավորմանն ու քննադատությանը։ Այս ընթացքում ընդդիմադիր շրջանակների կողմից քարոզչական-տեղեկատվական դաշտ են նետվել տարբեր նախաձեռնություններ, որոնք ժամանակի ընթացքում մարվել են։ Վերջին շրջանում էլ որպես այդպիսի տեխնոլոգիա սկսել է կիրառվել այն թեզը, որ իշխող քաղաքական ուժի էլեկտորալ զանգվածը թե՛ կրթվածության, թե՛ քաղաքացիավարական մշակույթի, թե՛ սոցիալական աստիճանակարգությամբ հիմնականում միջին կամ դրանից ցածր սանդղակում գտնվող ՀՀ քաղաքացիներն են, որոնց պայմանականորեն սկսեցին անվանել «Պողոսներ»։

Հանրային հատվածի որոշակի մասին այսպես անվանելը սկսվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան հայտնի գրառմամբ, որտեղ վերջինս անդրադառնալով Ամուլսարի հարցով հնարավոր հանրաքվեի անցկացման նախաձեռնությանը, գրել էր, որ այն արդարացի չի լինի և իր նպատակին չի ծառայի, քանի որ, դիցուք՝ իր հարևան անգրագետ Պողոսն ու իր բազմանդամ ընտանիքի անդամները և հանրության այս հատվածը կազդեն հանրաքվեի իրական արդյունքների վրա, ինչն անթույլատրելի կլինի հարցի լուծման ելքերի առումով։ Այս գրառումը շատ արագ հայելային էֆեկտ ունեցավ։

Քաղաքական դաշտի տարբեր հատվածներից սկսեցին հնչել կարծիքներ այն մասին, որ հենց վերոնշյալ «Պողոսների» քվեով է իշխող ուժը նախորդ տարվա դեկտեմբերին 70%-անոց արդյունք ձևավորել։ Այս թիրախավորումը քաղաքական-քարոզչական բնույթ է կրում, քանի որ թե՛ էլեկտորալ վարքի, թե՛ սոցիալական հենքի, թե՛ համապատասխան քաղաքացիավարական մշակույթի կրման առումով հնարավոր չէ հստակ տարրաբաժանել ՀՀ ընտրազանգվածը։ Այն համապատասխան համամասնությամբ իր ձայները տվել է թե՛ խորհրդարան անցած քաղաքական ուժերին, թե՛ ընտրական շեմը չհաղթահարածներին։ Այսինքն՝ բոլորի ընտրազանգվածն էլ շատ խայտաբղետ է և շատ դժվար է տարորոշել թե հիմնականում ում են ընտրել օրինակ խոշոր սեփականատերերը, գիտության ոլորտում գտնվողները կամ ցածր քաղաքացիա-իրավական գիտակցություն ունեցողները։

 «Պողոսների» հետ կապված թեման առավել շատ շահարկվում է նախկին իշխանության և նրանց հարող շրջանակների կողմից։ Հատկանշական է, որ հենց նախկինները ժամանակին կայացած բոլոր ընտրություններին հաշվի չէին առնում ՀՀ շարքային քաղաքացիների ընտրական իրավունքը և դիմում էին զանազան ոչ իրավաչափ գործողությունների՝ սկսած ընտրակաշառումներից մինչև ընտրական գործընթացի տարբեր խախտումներ։ Հենց նրանց կողմից այս ընկալունակությունն էր, որ նսեմացնում էր հայ շարքային քաղաքացիների քվեն, որոնք սկսել էին դիտարկվել քաղաքական-ընտրական գործընթացներից դուրս։ Քաղաքացիներն էլ իրականում գիտակցում էին իրենց ընտրական իրավունքի մեծ ներուժը, սակայն չունեին արդյունքի համապատասխան ակնկալիք։ 2018-ի ընտրական տարվա իրադարձությունները որոշակիորեն շտկեցին դա։ Թե՛ Երևանի ավագանու, թե՛ խորհրդարանական ընտրությունները գնահատվեցին մինչև այժմ կայացած ընտրություններից ամենաարադարն ու թափանցիկը։ Այն նաև ցույց տվեց, որ 2017-ի ապրիլյան ընտրություններին 50+ ձայն հավաքած քաղաքական ուժը չկարողացավ հաղթահարել ընտրական շեմը։

Իրականում այս առումով դեռ բավականին շատ անելիքներ կան, որը պետք է միտվի քաղաքացիավարական մշակույթի ներդրմանն ու զարգացմանը։ Նախկիում այս հարցերը երբևէ չեն դիտարկվել, ինչը կապված էր քաղաքական մշակույթի համապատասխան մակարդակով, երբ քաղաքացիները երկրի շատ հարցերին շատ կատեգորիկ էին մոտենում՝ առանց խորամուխ լինելու դրանց մեջ, իսկ քաղաքական համակարգն էլ իր գործելակերպով ոռոգում էր դա։

Հեղափոխության իրական կոչումն ու առաքելությունը ոչ միայն «վերևներում» արատավոր երևույթների հաղթահարումն է, այլև «ներքևինների» համար արժեքային նոր հենքերի ստեղծումը։ Ի վերջո, յուրաքանչյուր քաղաքական ուժ ամուր է հենց իր էլեկտորալ զանգվածի գաղափարական հիմքով և որքան ամրապնդվի  դա, այն չի դառնա «իզգոյ», ինչպես քանիցս եղել է նորանկախ ՀՀ-ի պատմության ընթացքում։

Վերադառնալով «Պողոսների» հետ կապված քարոզչական թեզերին, պետք է նշել, որ քաղաքական առումով դրանք անգո են և հասարակության ոչ մի կոնկրետ հատված այն չի իդենտիֆիկացնում իր վրա։ Այստեղ հարցը ավելի շատ բարոյական հարթակում է, երբ բացասական շեշտադրումներն ուղղվում են շարքային քաղաքացիների ուղղությամբ։ Ի վերջո այս հնարքը չունի իր այն ազդեցությունն, ինչի համար կյանքի էր կոչվում, իսկ «Պողոսների» հետ կապված որակումը զուտ որպես կլիշե է դիտարկվում։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին