-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116108.8 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Պուտինը տուն ուղարկեց հայաստանյան ընդդիմությանը, բայց վերջինս չի «հանձնվում»
Հարցազրույցներ

Պուտինը տուն ուղարկեց հայաստանյան ընդդիմությանը, բայց վերջինս չի «հանձնվում»

Չհամարձակվեք երազել Արցախում պատերազմի դադարի մասին ստորագրված եռակողմ հայտարարության փոփոխության մասին: Երեկ հայաստանցիներին ուղղված ուղերձում մոտավորապես սա ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով, որ եթե նոր իշխանությունների գալու դեպքում Երևանը հրաժարվի Ղարաբաղի հարցով պայմանավորվածություններից, դա «ինքնասպանություն» կլինի Հայաստանի համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ հենց ինքն է այդ եռակողմ հայտարարության տեքստի հեղինակը: 

Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտարարության վերանայում թույլ չտալու համար:

«Իհարկե, յուրաքանչյուրի գործն է հետևել կամ չհետևել ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց, նորից եմ կրկնում, սա հսկայական սխալ կլինի: Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա», — երեկ «Ռոսիա 24»-ի եթերում ասել է Պուտինը՝ հավելելով. «Դա կլինի ինքնասպանություն: Վարչապետ Փաշինյանի համար, իհարկե, դժվար է, բայց նա նկարագրել է իրական պատկերը, դեպքերը իրական դասավորությունը այնպես, ինչպիսին որ այն կար մեր եռակողմ հայտարարությունը ստորագրելիս, և այնպես, ինչպիսին որ կա այսօր: Ես ավելացնելու բան չունեմ: Նա ասել է շատ ճիշտ, ազնիվ»: 

Եթե հաշվի առնենք, որ հրապարակում այսօր հավաքվում և Փաշինյանի հրաժականն է պահանջում է Հայաստանի ռուսամետ ընդդիմությունը, ապա կարելի է պնդել, որ Պուտինի և Լավրովի ուղերձը նաև հենց ընդդիմությանն էր ուղղված, որը խոստանում է բանակցել Փաշինյանի փոխարեն և հայանպաստ փոփոխություններ մտցնել հայտարարության շրջանակում ու բանակցություններում: Մինչդեռ ՌԴ-ն հստակ ասաց, որ փոփոխությունը իր համար ոչ միայն անցանկալի է, այլև դա հնարավոր չէ:

Այս առումով Արցախի հարցով ստորագրված հայտարարության դեմ պայքարող ընդդիմությունը, որը հիմնականում ՀՀ նախկին իշխանությունն է, հայտնվեց բավական բարդ իրավիճակում: Մեր հարցին, թե արդյոք չի՞ նշանակում, որ Պուտինը ընդդիմությանը ուղարկեց տուն՝ ասելով, թե չհամարձակվեք երազել որևէ բան փոխելու մասին, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց. «Ես կարծում եմ՝ Պուտինը տուն ուղարկեց Փաշինյանին, երբ որ ասաց, որ նույն Շուշիի խնդիրը չի եղել: Ինքը շատ մեղմ է արտահայտվում, բայց ցույց տվեց անկարողությունը ՀՀ իշխանության՝ ճիշտ և պարզ որոշումներ ընդունելու հարցում: Ընդդիմության հիմնական մեսիջն այն է, որ այս իշխանությունն այլևս չի կարող վարել ոչ մի բանակցություն թե ներքին, թե արտաքին դաշտում, որոնք թույլ կտան ինչ-որ կերպ շտկել իրավիճակը: Այս ուղերձով Պուտինը ցույց տրվեց ՀՀ իշխանության անկարողությունը ճիշտ հետևություններ անելու և ճիշտ քայլեր ձեռնարկելու»: 

Հարցին, թե եթե Արցախի հարցով հայտարարության շրջանակում որևէ բան փոխելու հնարավորություն չկա, ընդդիմության առաքելությունը ո՞րն է այսօր, Աբովյանը պատասխանեց. «Առաքելությունը, որ այն իշխանությունը, որը ստորագրել է խայտառակ պայմանագիր և փաստացի հանձնել է Արցախը, այլևս լեգիտիմ իրավունք չունի ինչ-որ բան անել թե Արցախի հետ կապված, թե առհասարակ քաղաքական դաշտում»: 

Հստակեցմանը, թե եթե դուք չեք կարողանալու պայմանագրում որևէ բան փոխել, գալիս եք ի՞նչ անելու, Աբովյանը հավաստիացրեց. «Պայմանագրում շատ բաց կետեր կան, որոնց շուրջ կարելի է բանակցել, և որոնց մասին ինքը ՌԴ լիդերը ակնարկեց մի քանի անգամ»: Թե այդ ի՞նչ բաց կետերի մասին է խոսքը, ԲՀԿ-ականը այդպես էլ չասաց: 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեր հարցին ի պատասխան հայտարարեց. «Ընդդիմությանը տուն ուղարկողը ՀՀ ժողովուրդն է: Երկրորդ՝ մենք երբևէ չենք ասել, որ չեղարկելու ենք պայմանագիրը: Մենք շատ հստակ ասել ենք, որ ընդունված եռակողմ հայտարարությունը անընդունելի է, բայց դա արդեն փաստ է և իրականություն: Նաև ասել ենք, որ ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությունը ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է: Ու նաև ասել ենք, որ այո, կան բազմաթիվ նրբություններ, բազմաթիվ հարցեր, որոնք բանակցությունների միջոցով հնարավոր է բարելավել, իսկ Նիկոլ Փաինյանը ի վիճակի չէ որևէ բանակցություն վարելու»: 

Մեր դիտարկմանը, թե հենց Պուտինը պնդեց, որ հնարավոր չէ հայտարարության հետկանչ կամ փոփոխություն, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց. «Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ որևէ բանակցություն վարել, ինքը պետք է հեռանա, որ նոր բանակցողը կարողանա պայմանները բարելավել»: 

Հարցին, թե կարծում եք ձեզնից մե՞կը պետք է լինի նոր բանակցողը, Սաղաթելյանն ասաց. «Նոր բանակցողը չպիտի լինի Նիկոլ Փաշինյանը, և էս երկրում կան բազմաթիվ մարդիկ, որոնք կարող են»:   

Ստացվում է՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում 16 կուսակցություններին մեկ առաքելություն է մնում՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելը առանց Արցախի հարցում որևէ բան փոխելու հեռանկարի:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Ինչ էր պահանջում խորհրդարանի ընդդիմությունը պատերազմի առաջին օրը և ինչ է առաջարկում այսօր

Սերինե

Պուտինը ՇՀԿ-ի երկրներին կոչ Է արել՝ դիմակայել երիտասարդության արմատականացմանը

Անի Գրիգորյան

Էրդողանը Պուտինին առաջարկել է ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին