-4 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115568 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Պուտինի ելույթը խաղաղապահների տեղակայման նախապատրաստություն էր. քաղաքագետ
Այլ Լուրեր

Պուտինի ելույթը խաղաղապահների տեղակայման նախապատրաստություն էր. քաղաքագետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթում հնչեցրած գնահատականները տարաբնույթ մեկնաբանության արժանացան Հայաստանում՝ բուռն ոգևորությունից մինչև տարակուսանք:

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը չափազանցված է համարում  հասարակության մեջ այդ ելույթի ընկալումը՝ որպես Հայաստանի փրկության ելույթ և անվերապահ աջակցություն Հայաստանին:

«Շատ կարևոր եզրագծումներից էր, որ պատմական ակնարկ արվեց, թե ինչպես է ծնվել հակամարտությունը, և որ հայերն ու թուրքերը իրար հետ ապրել չեն կարող, բայց Պուտինի այս ելույթը հիմնականում նախապատրաստական փուլ էր՝ ուղղված խաղաղապահների տեղակայմանը»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով. «Կարևոր է ուշադրություն դարձել, որ խոսքը միամանդատ խաղաղապահների, այսինքն՝ ՌԴ խաղաղապահների մասին է: Թեպետ այս խաղաղապահների տեղակայումը ինքնին արագ գործընթաց չի ենթադրում, դրա համար պետք է միջազգային մանդատ և այլն, բայց սա հարցի մյուս կողմն է: Հստակ ասվում էր, որ, ըստ էության, Ռուսաստանը շատ ավելի է շահագրգռված և դրանով հիմնավորում էր միամանդատ խաղաղապահների ներգրավվումը»:

Ըստ քաղաքագետի՝ այն, որ Հայաստանը կողմ է արտահայտվել խաղաղապահներին, արդեն ոչ դրական է: «Բայց եթե մենք չունենք այլ լուծում, քան խաղաղապահներն են, այդ դեպքում մենք այլընտրանք չունենք: Պետք է հստակ հասկանանք՝ մենք ինչ ենք տալիս և ինչ ենք ստանում, և արդյոք դա համարժե՞ք է: Դրա համար պետք է ամբողջական տեղեկատվություն»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ խաղաղապահների տեղակայումը պատմության մեջ երբևիցե չի լուծել իր առջև դրված խնդիրը. «Խաղաղապահը երբևիցե չի երաշխավորել խաղաղություն: Խաղաղապահներին մենք տեսել ենք 1905-1906 թվականին, նաև՝ 1920-ին Նախիջևանում խաղաղապահների տեղակայումը, որտեղ գիտենք Նախիջանը ում տարածքն է»:

Անդրադառնալով հարցին, թե Պուտինը նաև ասաց, որ դրանք ադրբեջանական հողեր են և չէին կարող երկար այդպես մնալ, քաղաքագետը պատասխանեց. «Երբ Պուտինն ասաց, որ այդ հողերը ադրբեջանական են, ընդամենը կրկնեց Հայաստանի նախկին նախագահներին, որոնք դրա շուրջ բանակցում էին, և այդ տարածքները համարվում էր բուֆերային գոտի, ոչ թե հայկական հող: Մենք ասել ենք, որ նույնիսկ չենք հավակնում, որ դրանք հայկական տարածքներ են, անվտանգության գոտիներ են, չենք հավակնել դրանց»:

Պետրոսյանը չբացառեց, որ Արցախի շուրջ ռուս-թուրքական համաձայնությունը, անդրադառնալով Պուտինի հայտարարությանը, թե  Էրդողանը շատ վստահելի գործընկեր է. «Նման օրինակներ բազմիցս տեսել ենք: Քանի որ մյուս տարի լրանում է Կարսի պայմանագիրը, և այստեղ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են գալ համաձայնության:
«Եթե կա իրավիճակային շահերի բախում, չի նշանակում, որ նրանց շահերը գլոբալ առումով հակասում են»:

Միևնույն ժամանակ քաղաքագետը համարում է, որ այս փուլում Արցախյան խնդրի լուծման բանալին առաջին հերթին գտնվում է Ռուսաստանի և Իրանի մոտ. «Ռուսաստանի դեպքում՝ ռազմաքաղաքական, Իրանի դեպքում՝ ռազմական»:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի ուղերձը արտացոլում է ՌԴ նախագահի դիրքորոշումները Ռուսաստանի պետական քաղաքականության վերաբերյալ, որը հաշվի է առնում տվյալ երկրի պետական շահը: «Ենթադրաբար, այս ելույթը պետք է լիներ ոչ թե պրոադրբեջանական կամ պրոհայկական, այլ պրոռուսական: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որը հանդես է գալիս որպես միջնորդ, դժվար է պատկերացնել, որ այս ելույթում կարող էին հնչել միակողմանի դիրքորոշումներ հօգուտ մեկ կամ մյուս կողմի»,-շեշտեց Մարկարովը:

Ուստի, ըստ քաղաքագետի, պետք է կենտրոնանալ այդ ելույթում հնչած մեր դիրքորոշման համար դրական էլեմենտների վրա՝ դրա ամրապնդման և տարածման համար: «Մեր դիրքորոշումը հետևյալն է. որ այո, հասկանալի է կոնֆլիկտի պատճառները, հասկանալի է՝ խնդիրը լուծում չի ստացել 30 տարվա ընթացքում, սակայն դա բացարձակապես չի նշանակում, որ անհրաժեշտ է անցնել ռազմական գործողությունների, և որ անհրաժեշտ է կարգավորել կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով»:

Ըստ Մարկարովի, հակառակը, իր ելույթով Պուտինը բացահայտեց, որ կան տարաձայնություններ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքոշումների միջև Հարավկովկասում տեղի ունեցող իրավիճակներում:

«Ասել, որ Ռուսաստանը գնում է պայմանավորվածության Թուրքիայի հետ, սխալ է»,-վստահեցրեց Մարկարովը՝ բացատրելով, որ ՌԴ-ն ունի սեփական շահերը, որոնք բախվում են Թուրքիայի հետ Հարավային Կովկասում:   

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Նատա Հարությունյան

Պուտինը կարևորել է Լեռնային Ղարաբաղում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը

Նատա Հարությունյան

Ռուսաստանի համար ԼՂ հակամարտության կարգավորումը կարեւոր է ներքին անվտանգության տեսանկյունից. Պուտին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին