Գլխավոր » Պուտինի հանդիպումը Քոչարյանի տիկնոջ հետ. Մեծ քաղաքականության փոքր խայծերը
Վերլուծական

Պուտինի հանդիպումը Քոչարյանի տիկնոջ հետ. Մեծ քաղաքականության փոքր խայծերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նախօրին ոչ պաշտոնական տեղեկություններ տարածվեցին, ըստ որոնց, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։ Այնուհետև, տեղեկությունները պաշտոնապես հաստատվեցին և պարզ դարձավ, որ, նախկին նախագահի տիկնոջ խնդրանքով, Վլադիմիր Պուտինը մի քանի րոպեով հանդիպել է վերջինիս։  Հանդիպման բովանդակության մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն հանդիպման վերաբերյալ շահարկումները չեն դադարում։

Նախ անդրադառնանք նրան, թե ինչո՞ւ է ՌԴ առաջնորդը համաձայնել հանդիպել նախկին նախագահի տիկնոջ հետ։ Գումարային առումով արդեն շուրջ 15 տարի նախագահության պաշտոնը ստանձնած Վլադիմիր Պուտինի մոտ, այնուhանդերձ, պահպանվում են ինստիտուցիոնալ հիշողությունները, որոնց 8 տարին համատեղվել է նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման հետ։ Այս տարիներին են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքվել մի շարք կարևոր փաստաթղթեր և կատարվել մի շարք առանցքային գործարքներ։ Վլադիմիր Պուտինին և Ռոբերտ Քոչարյանին միասին ենք տեսնում Հոկտեմբերի 27-ին հետևելիք իրադարձությունների ֆոնին, 2001-ի սեպտեմբերի 11-ին աշխարհը ցնցած ահաբեկչությունից հետո, երբ ՌԴ նախագահը Հայաստան էր ժամանել և այլն։ Անտարակույս, պաշտոնականից զատ անձնական կապեր ևս եղել են նրանց միջև, ուստի ՌԴ առաջնորդը չէր կարող չանսալ տիկին Քոչարյանի խնդրանքին և հանդիպել նրա հետ։ Հարցն այստեղ կոնկրետ Քոչարյանների անձն էլ չէ։ Նմանատիպ ուշադրություն Պուտինի կողմից մենք նկատում ենք նաև նախկինում իր հետ նույն տարիներին պաշտոնավարած աշխարհի այլ առաջնորդների նկատմամբ, ինչպես օրինակ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հանդեպ։

Մյուս կողմից հանդիպման հանգամանքը հայ-ռուսական հարաբերությունների համայնապատկերում փոքր տեղ է զբաղեցնում, եթե չասենք, որ դրանից դուրս է։ Անհեթեթություններ են թվում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական գործընթացների ընթացքն այդ հարաբերությունների հետ կապելը։ Հայ-ռուսական հարաբերությունների որակի վրա կարող են ազդեցություն ունենալ այլ ուղղվածության և այլ բնույթի, մասնավորապես, արտաքին քաղաքական որոշակի փոփոխականներ։

ՌԴ բարձր ղեկավարությունն ինքն էլ է ընկալում ՀՀ-ում էլիտաների փոխակերպման դինամիկ գործընթացների բնույթը և նորմալ է մոտենում այդ հարցին։ Դա էր պատճառը, որ հետհեղափոխական շրջանում և մինչ օրս էլ այդ հարաբերությունները նորմալ ընթացքի մեջ են։ Ի վերջո, գործ ունենք տարածաշրջանային գերտերության և որոշակի առումով կայսերական մտածողությամբ առաջնորդի հետ։ Ուստի այդ հարաբերությունների բեկումները միայն կոնկրետ իրադարձությունների կամ առանձին հանդիպումների հետ կապելը անշնորհակալ գործ է։ Մեծ պետությունների համար միջպետական հարաբերությունները միագիծ չեն, այլ բազմաշերտ են և կապված են մեծաթիվ գործոնների հետ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին