13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » ՌԴ-ն շուտով Հայաստանին կտրամադրի ևս մեկ շարժական լաբորատորիա
Այլ Լուրեր

ՌԴ-ն շուտով Հայաստանին կտրամադրի ևս մեկ շարժական լաբորատորիա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը առողջապահության բնագավառում բազմակողմ օգնության համար` հատկապես շեշտադրելով վերջին շրջանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ուղղությամբ կատարվող շարունակական աշխատանքները:

«Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից շուտով Հայաստանին կտրամադրվի ևս մեկ շարժական լաբորատորիա»,- ասել է նախարարը և կրկին շնորհակալություն հայտնել աջակցության համար:

Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանն այն բոլոր ջանքերի համար, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը:

«Այնպես է ստացվել, որ այս պահին մեր առողջապահական համակարգն աշխատում է 3 ուղղությամբ. առաջին ուղղություն` պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային համավարակ, որն աճի միտում է ցուցաբերում վերջին շրջանում ինչպես մեզ մոտ, այնպես էլ` ողջ աշխարհում: Եվ երրորդ, հաշվի առնելով ռազմական գործողությունների հետևանքով Արցախի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, Հայաստանի առողջապահական ոլորտը նաև տրամադրում է համապատասխան աջակցություն՝ ծանրաբեռնվածության թեթևացման նպատակով: Առողջապահական համակարգի 3 ուղղություններով ծանրաբեռնվածությունն, իհարկե, որոշակի դժվարություններ է առաջացնում, բայց մենք կարողանում ենք հաղթահարել»,- նշել է նախարարը:

Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել` շարունակելու և ամրապնդելու առողջապահության ոլորտում համագործակցությունը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ համագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին