Գլխավոր » Ռուսական կողմը խզո՞ւմ է համաձայնագիրը
Քաղաքականություն

Ռուսական կողմը խզո՞ւմ է համաձայնագիրը

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է խզել  Հայաստանի իշխանությունների հետ համաձայնագիրը` պնդելով, որ հայաստանյան կողմը խոչընդոտում է իր դուստր ձեռնարկության` «ՀարավԿովկասյան երկաթուղի»-ի աշխատանքներին: Այդ մասին RTVI-ին պատմել է Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը: Կայքի փոխանցմամբ՝ տեղեկատվությունը հաստատել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում:

RTVI-ի զրուցակցի կարծիքով՝ եթե Հայաստանը ցանկանում էր ճնշում չգործադրել Ռուսաստանի վրա, այլ հանգուցալուծել խնդիրը, նա կդիմեր միջազգային դատարան: «Պայմանագրով նախատեսված է, օրինակ, դիմել Փարիզի արբիտրաժ վիճարկելի հարցերը լուծելու համար, բայց դրա փոխարեն հայկական կողմը նախընտրել է դամոկլեսյան սրի ճնշումը` քրեական գործերի տեսքով»,- նշել է աղբյուրը:

Կոնֆլիկտային իրավիճակը փորձել են լուծել կառավարական մակարդակով, և Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը բանակցություններ է վարել Հայաստանի պրոֆիլային նախարարության ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Մոսկվան առաջարկել է փակել քրեական գործը և դրա դիմաց օգնել լրացուցիչ ներդրումներով: Ռուսաստանը նաև առաջարկել է անցկացնել նոր անկախ ստուգում… Բայց  երկխոսությունը ոչ մի արդյունք չի տվել, այդ իսկ պատճառով Ռուսաստանը պատրաստվում է դուրս գալ համաձայնագրից:

Պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի հետ։ Այնտեղից մեզ խոստացան, որ պարզաբանում կներկայացնեն մի փոքր ուշ։ Այն ստանալուն պես կներկայացնենք ընթերցողին։

Հիշեցնենք` 2018թ–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքով քրեական գործ հարուցելու վերաբերյալ, ինչի արդյունքում տվյալներ էին ձեռք բերվել ՀԿԵ–ում թույլ տրված չարաշահումների մասին։

Բոլոր հանգամանքները պարզելու համար՝ քննիչի որոշմամբ նշանակվել էր ստուգում՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության մասնագետներին հանձնարարելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում իրականացնել այն՝ 2008-2018թթ. իրականացված 110 մլրդ. ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունը և իրավաչափությունը պարզելու համար:

Իսկ Նիկոլ Փաշինյանը օրերս Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Եթե հընթացս պարզվի, որ քրեական պատասխանատվության ենթակա մարդիկ կան, նրանք կենթարկվեն։ Բայց մեր նպատակն է, որ ՀՀ պետական շահերը պաշտպանվեն։ Նկատի ունենք, որ 45 կամ 48 թվականի ժանգոտած շարժակազմերը փոխարինվեն ժամանակակից շարժակազմերով, ինչը ենթադրվում էր ՀԿԵ–ի հիմնադրման ժամանակ»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին