-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115897.6 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » «Ռուսաստանի և Ֆրանսիայի հանդեպ Ալիևի անհարգալից վերաբերմունքը պիտի ունենա իր հետևանքը»․ Սոս Ավետիսյան
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

«Ռուսաստանի և Ֆրանսիայի հանդեպ Ալիևի անհարգալից վերաբերմունքը պիտի ունենա իր հետևանքը»․ Սոս Ավետիսյան

NewArmenia.am-ի տաղավարում զրուցում ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանի հետ.

-Դուք ունե՞ք պատկերացում՝ ինչպե՞ս կանգնեցնել այս պատերազմը։

-Ինձ թվում է` ամենակարևոր հարցը, որ այս պահին բարձրացված է միջազգային օրակարգում, ԼՂ անկախության ճանաչումն է և ըստ էության Ալիևին զրկել պատերազմը շարունակելու քաղաքական նպատակից։ Սա է հիմնական մեխը պատերազմը կանգնեցնելու, որովհետև ռազմաքաղաքական այն նպատակը, որ Ալիևը դրել էր, մոտավորապես ամբողջ ԼՂ հայության ոչնչացումն էր կամ տեղահանումը և այդպիսով հարցը լուծելը։ Նա պետք է հասկանա, որ այս ռազմական ագրեսիան ունի իր դիվանագիտական պատասխանը։ Ու դա է այն ուղղությունը, որի մասին պետք է մտածեն միջազգային խաղացողները։ Որովհետև երկու անգամ զինադադար է եղել հումանիտար նպատակներով, ամենաբարձր մակարդակի միջնորդություններով, առաջին դեպքում Ռուսաստանի, երկրորդ դեպքում՝ Ֆրանսիայի, բայց վստահ եմ, որ համանախագահող երկրները միշտ իրար հետ համաձայնեցնում են այսպիսի քայլերը։ Եվ երկուսի հանդեպ էլ պարզ կերպով անհարգալից էր եղել Ալիևը, և դա պիտի ունենա իր հետևանքը։

-Պարոն Փաշինյանն այսօր հարցրել էր՝ կարո՞ղ ենք Ղարաբաղի համար ընդունելի կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով։ Ինքն էլ պատասխանել էր՝ ոչ, որովհետև դրա վերջին հնարավորությունը սպառվել էր Կազանում։ Այսինքն, Կազանից հետո միակ տարբերակը մնում է մինչև արյան վերջին կաթիլը կռվե՞լը։

-Ես լիահույս եմ, որ դա չէ միակ տարբերակը։ Բայց այսօրվա դրությամբ դա է։ Ամեն ինչ ռազմաճակատն է որոշում։ Բայց ես կարծում եմ նաև, որ այն երկրները, հատկապես խոշոր խաղացողները, որոնք զբաղվել են այս հակամարտության պատմությամբ, պետք է հասկանան մի պարզ բան՝ միայն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ հնարավոր կլինի հասնել այն անվտանգային մակարդակին, որն այս ամենը կդադարեցնի։ Այսինքն, եթե դու այդ մարդու քաղաքական նպատակը չես ոչնչացնում, ինքն անվերջ շարունակելու է։ Այդ դեպքում էլ գալու է մինչև արյան վերջին կաթիլի կռիվը, որն այսօր տեղի է ունենում, որովհետև հայերի իրավունքն իրենց Հայրենիքում ապրելու, այս աշխարհում ոչ մի ուժ չի կարող արհամարել։ Այդպես չի լինում։

-Այսօր Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսների համար խնդիր չէ հրադադար հաստատելը։ Ինչպե՞ս հասկանալ նրա այս խոսքերը։

-Ես, անկեղծ ասած, չգիտեմ` այդ հրադադարի հաստատման հնարավորությունը ինչպես են պատկերացնում մեր ռուս գործընկերները, բայց ուզում եմ հիշեցնել առաջին հրադադարը, որը բանակցվել էր ռուսների ահռելի դիվանագիտական ջանքերով, որի համար շատ շնորհակալ ենք, տեղի չունեցել։ Հետևաբար հարց է առաջանում՝ ինչպե՞ս է դա հնարավոր այդքան արագ։ Այսինքն, սա պետք է հասկացվի որպես հայտարարություն։ Նաև կարևոր էր այն, որ Լավրովը հղում էր արել պաշտպանության նախարարների խոսակցություններին։ Այսինքն, ըստ էության դիվանագիտական զինանոցի սպառումը չասեմ, ոչ էֆեկտիվության պարագայում խոսվում է ավելի անվտանգային այլ մակարդակի քննարկման մասին։ Ու այստեղ էլ պետք է մինչև վերջ հասկանալ, թե Ռուսաստանի ԱԳ նախարարն ինչ նկատի ուներ։

-Կա տպավորություն, որ հումանիտար երկու հրադադարների պարագայում էլ Ադրբեջանը դրանք չի պահպանել Թուրքիայի միջամտությամբ։ Այսինքն, դա չի՞ ենթադրում, որ երբ հրադադարի մասին պայմանավորվում են, Թուրքիային էլ պետք է ներգրավեն։

-Ես կարծում եմ, որ՝ ոչ, որովհետև հենց դա է Թուրքիայի քաղաքական նպատակը։ Այսինքն, սկզբում Թուրքիային ես ներգրավում, հետո նա ասում է եկեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը, որը միակ և բացառիկ ֆորմատն է այս վերջին 30 տարվա և ներկայացուցչական իմաստով աշխարհի լավագույն թիմն է, դա մի կողմ դնենք, մի հատ ալ լյա ֆորմատ հորինենք, որտեղ ես կասեմ։ Իսկ այն պահելաձևը, որ ունի Թուրքիան լինելով Ադրբեջանի ուղիղ հովանավորը թե ռազմական, թե դիվանագիտական, թե տեղեկատվական առումով, անիմաստ է դարձնում Թուրքիայի ներգրավածությունը։ Ինքը ամենադասական առումով հակամարտության կողմ է։ Եվ դա է Թուրքիայի քաղաքական մեծ նպատակը, որ Հարավային Կովկասում փորձի հավասարը հավասարի հետ խոսել Ռուսաստանի Դաշնության հետ։ Սա իր մեծ հաշվարկն է։ Ալիևի հաշվարկն իր ժողովրդին սփոփող քայլն է, ԼՂ-ում հայերի հարցը լւծել, իսկ Էրդողանի նպատակն է Կովկասում խոսացող դառնալ։ Ու դա, ես վստահ եմ, անհանգստացնում է նաև մեր ռուս գործընկերներին։

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին