15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Սաակաշվիլին նշանակվեց. Որոնք են սպասումներն իր գործունեությունից
Գլխավոր Նորություններ

Սաակաշվիլին նշանակվեց. Որոնք են սպասումներն իր գործունեությունից

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ինչպես հայտնել էր NewArmenia.am-ն, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրամանագրով՝ Միխայիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար։ Մենք նաև անդրադարձել էինք Մ․Սաակաշվիլիի՝ իշխանության վերադարձի պատճառներին ու հնարավոր հետևանքներին: Այս անգամ՝ կփորձենք դիտարկել վերջին զարգացումներն ու սպասումները:

Ճգնաժամ ՈՒկրաինա-Վրաստան հարաբերություններում

Նշանակմանն անմիջապես հաջորդել է դիվանագիտական սկանդալ Ուկրաինայի և Վրաստանի միջև: Վերջինս հետ է կանչել դեսպանին՝ խորհրդատվությունների համար: Սա դիվանագիտական դեմարշի շատ ավելի կոշտ արտահայտություն է, քան ցանկացած քաղաքական հայտարարություն կամ որևէ քվեարկություն միջազգային կազմակերպություններում:

Մ. Սաակաշվիլիի նշանակմանը նախորդած մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանը աննախադեպ ճնշում էր կազմակերպել իր ռազմավարական գործընկեր՝ Ուկրաինայի վրա: Վրաստանի վարչապետը, Խորհրդարանի նախագահը, ԱԳ նախարարը, Վրաստանի նախագահը, Ուկրաինայում Վրաստանի դեսպանը՝ յուրաքանչյուրն առանձին հայտարարություններ էին անում՝ տարբեր, երբեմն ոչ դիվանագիտական ձևակերպումներով փորձելով ձախողել Մ. Սաակաշվիլիի՝ պետական որևէ պաշտոնում նշանակումը: Այդ միահամուռ գրոհ/ճնշման պատճառը ոչ թե արտաքին քաղաքական էր, այլ միայն ներքաղաքական. Մ․ Սաակաշվիլիի գլխավորած Միացյալ Ազգային շարժում կուսակցությունն Իվանիշվիլիի կառավարության (Վրաստանում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Վրաստանի իրական ղեկավարը ոչ թե մեկը մյուսին փոփոխող վարչապետերն են, այլ գործարար Բ. Իվանիշվիլին) հիմնական մրցակիցն է ու ամենաանհաշտ քննադատը և 5 ամիս անց կայանալիք ընտրություններին կարող է իշխանափոխության ծանրակշիռ հայտ ներկայացնել: Կան նաև այլ հանգամանքներ.

  1. Մ․ Սաակաշվիլիի նշանակումը սասանել է Վրաստանի իշխանության թե՛ ներքին և թե՛ արտաքին հեղինակությունը. Ուկրաինայի ներքին գործերին միջազգային պրակտիկայում նախադեպը չունեցող միջամտության փորձերը պարզապես անտեսվեցին ռազմավարական գործընկերոջ կողմից։
  2. Այդ նշանակումը չեզոքացրել է Վրաստանի իշխանությունների պնդումները՝ Վրաստանի նախկին նախագահի ապօրինություններ կատարելու վերաբերյալ՝ չէր կարող Վրաստանի ռազմավարական գործընկերն իրական հանցագործություններ իրագործած անձնավորությանը նշանակել նման բարձր պաշտոնում ու ստանալ արևմտյան կարևոր կենտրոնների հավանությունը։
  3. Վերջին զարգացումները մեծ ոգևորություն են առաջացրել Վրասանի ընդդիմության մոտ՝ նոր լիցքեր հաղորդելով իշխանական կուսակցության մրցակիցներին շրջանում: Միջազգային ամենահեղինակավոր հանդեսների անդրադարձը Մ. Սաակաշվիլիի նշանակմանը ցույց է տալիս նա՛և միջազգային հանրության ավելի քան լոյալ վերաբերմունքն Ուկրաինայի նախագահի այս նախաձեռնության նկատմամբ:

Միջազգային ասպարեզում այս, մեղմ ասած, ոչ սովորական վիճակին նոր երանգներ հաղորդեց Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկիի մեկնաբանությունը: Նա Վրաստանի դիրքորոշումը համարեց սխալ, ապա նկատեց, որ երկու ժողովուրդների միջև հարաբերություններն ավելի երկար են, քան այս կառավարությունների կյանքը: Սա շատ կոնկրետ ու միանշանակ ձևակերպում էր, որից, վստահաբար, կօգտվի Վրաստանի ընդդիմությունը:

Ի՞նչ է պատրաստվում անել Սաակաշվիլին այս նոր պաշտոնում

Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնի գործնական նշանակությունը, առավել քան այլ դեպքերում, պայմանավորված է ղեկավարի անհատական հատկանիշներով: Բացի այդ, Մ. Սաակաշվիլիին նշանակելուն զուգահեռ, նախագահ Վ. Զելենսկին համապատասխան փոփոխություններ է մտցրել Բարեփոխումների ազգային խորհրդի մասին հրամանագրում, ավելացնելով ղեկավարի լիազորությունները: Որոշ վերլուծաբանների կարծիքով, սա նույնիսկ ավելի կարևոր դիրք է, քան Սաակաշվիլիի համար նախապես ծրագրվող՝ փոխվարչապետի պաշտոնը: Վերջինս հարկադրելու էր Սաակաշվիլիին բոլոր կարևոր հարցերը համաձայնեցնել մի քանի ամիս առաջ նշանակված և քաղաքական թույլ դիրքեր ունեցող վարչապետի հետ: Հիմա դրա անհրաժեշտությունը չկա՝ Սաակաշվիլին ուղիղ նախագահին է ներկայացնելու գործադիր կոմիտեի կողմից մշակված հրամանագրի նախագիծը: Ընդ որում դրանք կարող են լինել թե՛ օրենսդրական նախաձեռնություններ, թե՛ կարգավորող ակտեր: Բացի այդ, այժմ Բարեփոխումների ազգային խորհրդի որոշումները կարող են ներկայացվել բարեփոխումների գործադիր կոմիտեի կողմից գործադիր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Սաակաշվիլին արդեն հայտարարել է, որ աշխատելու է օրենսդրական նոր նախաձեռնությունների վրա, որոնց հիմքում տնտեսական օրենսդրության պարզեցումն ու ապակարգավորումն է: Նա պնդել է, որ Ուկրաինայի գործող օրենքները սահմանափակում են գործարարների ազատությունը, ինչը խոչընդոտում է տնտեսական զարգացմանը: Սա համարել է առաջնահերթություն: Նա նաև պատրաստակամություն է հայտնել գործակցել բոլորի, այդ թվում ՆԳՆ նախարար Արսեն Ավագովի հետ: Վերջինիս զուսպ արձագանքը ցույց է տալիս, որ առաջիկա ամիսներին այս երկու վառ անհատականությունները չեն խանգարելու միմյանց:

Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկիի ակնկալիքները Սաակաշվիլիից

Մայիսի 9-ին ճեպազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը ասաց, որ առաջիկա ամիսների ընթացքում սպասում է Սաակաշվիլիի աշխատանքից կոնկրետ արդյունքներ: Մասնավորապես ակնկալում է մաքսային գերատեսչության արդիականացում և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար՝ այնպես, ինչպես դա արվել էր Վրաստանում՝ Սաակաշվիլիլիի նախագահ լինելու ժամանակ: Զելենսկին նաև ակնկալում է գործարար միջավայրի բարելավում՝ ապակարգավորումների միջոցով:

Վ. Զելենսկին ավելացրեց, որ շատ է խոսել Սաակաշվիլիի հետ բարեփոխումների վերաբերյալ: Վերջինս, մասնավորապես պատմել էր, որ նոր մարդկանց էր դրել Վրաստանի մաքսատանը՝ այնուհետև՝ բոլորին ցրել և նորերին հավաքել: Եւ այդպես՝ մի քանի անգամ երկու տարվա ընթացքում: Զելենսկին պահանջելու է, որ Սաակաշվիլին իրական փոփոխություններ իրակաանցնի մաքսատանը:

Նախագահը նաև ակնկալում է օգտվել Սաակաշվիլիիի ներդրումային կապերից: Նա հիշել էր, որ Բաթումիի վերակառուցման գործում Վրաստանի նախագահը կարողացել էր ներգրավվել տարբեր ներդրողներ, որի արդյունքում Բաթումը ամբողջապես վերափոխվել էր:


Սույնով հասկանալի է դառնում, որ Սաակաշվիլիի գործառույթները բավականին լայն են և նա, առնվազն առաջիկա ամիսներին, օգտվելու է նախագահի անվերապահ աջակցությունից: Հաշվի առնելով Ուկրաինայում առկա դժվարությունները, օլիգարխների ազդեցությունը, նաև այն հանգամանքը, որ աճում է ժողովրդի դժգոհությունը բարեփոխումների դանդաղ ընթացքով, իսկ որոշ դեպքերում ՝ բացակայությամբ, Մ. Սաակաշվիլիին բարդ աշխատանք է սպասում։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին