28 C
Yerevan
12 Օգոստոսի, 2020
91558.4 By Google Analytics 11.08.2020
Գլխավոր » «Սահմանադրության ուժի մեջ մտած դրույթները փոխելու լիազորություն ՄԻԵԴ-ը չունի». «Իմ քայլի» պատգամավոր
Իրավունք

«Սահմանադրության ուժի մեջ մտած դրույթները փոխելու լիազորություն ՄԻԵԴ-ը չունի». «Իմ քայլի» պատգամավոր

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը հնարավոր չի համարում, որ ՄԻԵԴ գանգատ ուղարկած ՍԴ նախկին անդամները և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը օրենքի ուժով կամ դատարանի որոշմամբ վերանշանակվեն իրենց պաշտոններում:

«Որքան հասկացա, ՄԻԵԴ-ում միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել: Ելնելով գործի փաստերից չեմ պատկերացնում՝ ինչ միջանկյալ միջոց պետք է կիրառվի»,-NewArmenia.am-ին ասաց պատգամավորը: Ինչ վերաբերում է ՍԴ նախկին անդամների վերանշանակվելուն, ինքը, որպես իրավաբան, նման հնարավորություն չի տեսնում: «Բայց սպասենք ՄԻԵԴ-ի կարծիքին, այդ համատեքստում մեկնաբանենք: Էլի եմ ասում՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունն ուժի մեջ է մտել, և Սահմանադրության ուժի մեջ մտած դրույթները փոխելու լիազորություն, ամենայն հարգանքով, ՄԻԵԴ-ը չունի»,- հավելեց Գրիգորյանը:

Նա նաև չի կարծում, որ ՄԻԵԴ-ը ՍԴ նախկին անդամների լիազորությունները վերականգնելու որոշում կկայացնի. «Որովհետև մոտ օրերս ոչ թե գործի առթիվ որոշում է լինելու, այլ խոսքը վերաբերելու է միջանկյալ միջոց կիրառել-չկիրառելուն: Դրա շրջանակում չի կարող ֆիքսվել խախտման առկայություն կամ բացակայություն»:

Թե, օրինակ, ի՞նչ միջանկյալ միջոց կարող է կիրառել ՄԻԵԴ-ը հարցին, պատգամավորը պատասխանեց, որ միջանկյալ միջոց կիրառվում է  կոնկրետ դեպքերում: Օրինակ, մարդու արտահանձումը կանխելու նպատակով՝ մինչ նրա գործով որոշման կայացումը: «Բայց այս դեպքում չեմ էլ պատկերացնում՝ ինչ միջանկյալ միջոց են հայցել դիմումատուները, բայց տեսականորեն, դժվար եմ պատկերացնում, որ որևէ միջանկյալ միջոց կարող է կիրառվել»,-պնդեց նա՝ շարունակելով. «ՍԴ անդամների լիազորությունները դադարել են Սահմանադրական փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելու փաստով: Եվ դա այլևս եղելություն է: Պետք է կարդալ դիմումը, տեսնել՝ ինչ են ուզել ՄԻԵԴ-ից, բայց ես իրավական արգելքներ եմ տեսնում»:

Հնարավոր չէ՞, որ ՄԻԵԴ-ն արձանագրի Կոնվենցիայի խախտման փաստ հարցին ի պատասխան «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Ես չեմ գտնում, որ էստեղ կա որևէ կոնվենցիոն իրավունքի խախտում, բայց չգիտեմ՝ դիմումատուները որ հոդվածով են համարել, որ իրենց իրավունքը խախտված է, որ կարողանամ առարկայական հակադարձեմ: Դիմումին ծանոթանալուց հետո դա միայն հնարավոր կլինի»:

NewArmenia.am-ը արդեն տեղեկացրել է, որ ՍԴ նախկին դատավորները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ։ Նախկին դատավորները գանգատում պնդել են, որ իրենց իրավունքները խախտվել են և պահանջել կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ անել։ ՍԴ դատավորները նաև խնդրել են ՄԻԵԴ-ին կիրառել միջանկյալ ապահովման միջոցներ, ինչը նշանակում է, որ ՄԻԵԴ-ը գանգատը կքննի արագացված ընթացակարգով և իր դիրքորոշումը կներկայացնի առաջիկա օրերի ընթացքում։

ՄԻԵԴ-ն արդեն գրանցել է գանգատն ու հարցաշար ուղարկել ՀՀ կառավարությանը նրանց լիազորությունների դադարեցման հիմքերի ու ընթացակարգի մասին։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ից ստացել է ՍԴ նախկին դատավորների գանգատին վերաբերող «հարցադրումներ, որոնց տրվել են համապատասխան լիարժեք պատասխաններ»:

Նշենք, որ ՍԴ վերոնշյալ անդամների լիազորությունները դադարեցին ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխություններից հետո:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Միանշանակ է, որ ՍԴ երեք դատավորների լիազորություններն արդեն իսկ դադարած են․ Սուրեն Գրիգորյան

Սերինե

ՍԴ՝ լիազորությունները դադարեցված անդամներին կտրվի կենսաթոշակ․ Սուրեն Գրիգորյան

Սերինե

Մենք շարունակում ենք պնդել, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է, բայց… Սուրեն Գրիգորյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին