9 C
Yerevan
23 Նոյեմբերի, 2020
115555.2 By Google Analytics 22.11.2020
Գլխավոր » Սահման են մեկնել նաեւ դատական կարգադրիչներ․ ԲԴԽ անդամի խոսքով՝ դատարանները բնականոն աշխատում են. «ՀԺ»
թերթերի տեսություն

Սահման են մեկնել նաեւ դատական կարգադրիչներ․ ԲԴԽ անդամի խոսքով՝ դատարանները բնականոն աշխատում են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Դատական դեպարտամենտի՝ առաջնագիծ մեկնած շուրջ 60 աշխատակիցների թվում հիմնականում դատական կարգադրիչներն են, դեպարտամենտի կենտրոնական բաժնի աշխատակիցները։ Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Վերջինիս խոսքով՝ նրանք արդեն անցել են մարտական պատրաստվածություն եւ դիրքերում իրականացնում են իրենց գործառույթները։

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել ԲԴԽ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը․

— Պարո՛ն Բեքմեզյան, այսօր հայտնեցիք Դատական դեպարտամենտի 60 կամավորների առաջնագիծ մեկնելու մասին։ Թեեւ օրենքը պահանջում է, որ ռազմական դրության պայմաններում դատարանները շարունակեն իրենց անխափան աշխատանքը, բայց ամեն դեպքում, հնարավո՞ր է՝ կամավորագրվելու ցանկություն դատավորներն էլ հայտնած լինեն։

— Սկզբնական փուլում եղել են դատավորներ, որ ուզում էին գնալ սահման, նման խոսակցություն եղել է, բայց քննարկումների արդյունքում հասկացանք, որ հիմա ավելի կարեւոր է ամեն ինչ անել, որ դատական իշխանությունը անխափան աշխատի,  որովհետեւ ամեն դեպքում, կյանքը շարունակվում է, եւ մենք չենք կարող այստեղ ամեն ինչ ձախողել։ Իսկ արդարադատությունը երկրի այն հիմնական, կարեւոր գործոններից է, որ պետք է միշտ շարունակի աշխատել։ Ինչպես արտակարգ դրության ժամանակ էր աշխատում, այնպես էլ հիմա՝ ռազմական դրության ժամանակ։

— Որքանո՞վ է հաջողվում այս պայմաններում աշխատանքը անխափան շարունակել։

— Հետաձգումներ կան, բայց այդքան էլ շատ չեն, դատական համակարգը դեռեւս աշխատում է, եւ վստահ եմ՝ կաշխատի։ Եղած հետաձգումները հիմնականում պայմանավորված են նրանով, որ կողմերից ոմանք գտնվում են սահմանին կամ զինվորագրված են, եւ պարզ է, որ դատավորները հետաձգում են այդ նիստերը՝  հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Իսկ այն դեպքում, երբ կողմերը ներկա են, իհարկե, նիստերը անպայման տեղի են ունենում։

— Դեպքեր են եղել, երբ նիստերը հետաձգվել են, որովհետեւ հենց ամբաստանյալներն են Արցախ մեկնած եղել։ Նման գործերով դատական պրոցեսները չտապալելու համար ի՞նչ օպտիմալ լուծում է հնարավոր գտնել։

-Ցավոք սրտի, այստեղ կա երկընտրանքի խնդիր․ մենք կամ պետք է պահանջենք, որ նրանք գան, մասնակցեն նիստերին, կամ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ փորձենք նիստերը հետաձգել ողջամիտ ժամկետով՝ հույս ունենալով, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի, նրանք կվերադառնան եւ դատական նիստերը կշարունակվեն։ Այս պահի դրությամբ դատավորները գնում են այդ ուղղությամբ։ ԲԴԽ-ն, իհարկե, չի կարող խոչընդոտել կամ ազդել նրանց որոշումների վրա, մենք միայն կարող ենք հետեւել եւ հետեւում ենք, եւ եթե խնդիր է լինում, դատավորները մեզ դիմում են, եւ մենք փորձում ենք աջակցել, բայց տվյալ պահին դատական նիստերը կազմակերպելը դատավորների խնդիրն է, եւ նրանք այս փուլում այդպես են հարմար համարել։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին