9 C
Yerevan
2 Ապրիլի, 2020
52041 By Google Analytics
Գլխավոր » ՍԴ նախագահը փորձում է կրակել Սերժ Սարգսյանի իշխանությունից մնացած միակ փամփուշտը
Գլխավոր Նորություններ

ՍԴ նախագահը փորձում է կրակել Սերժ Սարգսյանի իշխանությունից մնացած միակ փամփուշտը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հրայր Թովմասյանն, իր բառերով, 20 օր համբերատար սպասեց և ուղիղ մեկ ամիս հետո դատական հայտ ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Վերջինս, ըստ ՍԴ նախագահի, Կապանում մեկ ամիս առաջ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել արդարադատության բաստիոնի հանդեպ։ Հիմա պիտի դատական կարգով հերքի։ Առնվազն հերքի։

Պարզ է, չէ՞, որ Հրայր Թովմասյանն ուզում է հերոսանալ։ Պաշարման մեջ գտնվող մարդը ուզում է հերոսանալ։ Ոչ ոք չգիտի, թե ինչ սպասել Հայաստանի դատարաններից։ Հնարավոր է նույնիսկ Փաշինյանը դատը շահի ոչ որովհետև արդար է, այլ՝ որովհետև ուժեղ է ու մեր դատավորները «խելքը հացի հետ չեն կերել»։ Ու բնավ բացառված չէ, որ Թովմասյանը հենց դա է ուզում ցույց տալ՝ որ դատավորները ծառայում են գործող իշխանություններին, իսկ ինքը հերոս է, ինքը ընդդիմություն է։ Կարճ ասած, ՍԴ նախագահ լինելով արդեն քայլում է դեպի քաղաքականություն։

Մինչդեռ ո՞վ է կասկածում, որ Թովմասյանն իր ծառայություններն առաջարկել է գործող իշխանություններին։ Անձամբ ես հավատում եմ։ Անձամբ ես կարծում եմ, որ հանուն պաշտոնի Թովմասյանը թքած կունենար ՀՀԿ-ի վրա էլ, Քոչարյանի վրա էլ, Սերժ Սարգսյանի վրա էլ։ Այստեղ խոսքը մինչև 2035 թվականը պաշտոնավարելու մասին է, իսկ մինչև այդ թիվը խիստ կասկածելի է, որ ՀՀԿ-ն կհասցնի ուշքի գալ, իսկ Քոչարյանից ու Սարգսյանից քաղաքական որևէ բան հազիվ մնացած լինի։ Հրայր Թովմասյանն ամեն ինչ մանրամասն կպատմեր, կգրեր նոր Սահմանադրություն նոր իշխանությունների համար։ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի գիրկն է նետվել ոչ վերջինիս հանդեպ սիրուց, այլ հենց իշխանության հանդեպ սիրուց, և Փաշինյանի գիրկը կնետվեր հենց նույն պատճառով։

Ես չգիտեմ, թե որն է վարչապետի դեմ դատական հայց ներկայացնելու տրամաբանությունը։ Նույնիսկ եթե վարչապետը պարտվի, դա բարոյական պարտություն է լինելու և որևէ կերպ չի խոչընդոտելու հանրաքվեի «Այո»-ին, եթե, իհարկե, կորոնավիրուսն «իրենից անկախ» չդառնա հակահեղափոխության «ձիու» քայլը։ Մյուս կողմից, իհարկե, Հրայր Թովմասյանը կորցնելու ոչինչ չունի, նա ուզում է իր անձնական թշնամի հեղափոխությունից կորզել իր բարոյական հաղթանակը։ Այլ հարց է, որ վարչապետն ամենևին կարիք չուներ ասելու, որ «2018-ի մայիսից սկսած, սկզբում` ամենօրյա ռեժիմով, հետո` ամենշաբաթյա, հետո` ամենամսյա, Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն»։ Գրչի պատմությունից հետո բնավ էլ անսպասելի չէ, որ վարչապետն ինչ-որ բան չափազանցրած լինի, բայց որ Հրայր Թովմասյանն առնվազն Վանեցյանի բերանով ծառայություններ առաջարկած կլինի, դրանում ոչ մի կասկած։ Թովմասյանն ընդամենը փորձում է կրակել Սերժ Սարգսյանի իշխանությունից մնացած միակ փամփուշտը, որը կրակելու համար պիտանի չէր նույնիսկ երկու տարի առաջ։

Սերոբ Սերոբյան

Նմանատիպ Հոդվածներ

ՍԴ անդամները պետք է հրաժարական տան, ստեղծված իրավիճակում սա է հարցի լուծումը․ Ստեփան Սաֆարյան

Diana Amirkhanyan

Արտակարգ դրությունը եզակի առիթ է, որ ՍԴ նախագահն ու անադմներն արժանապատիվ հեռանան. Վիգեն Խաչատրյան

Diana Amirkhanyan

«Հարցազրույցը, որը վերագրվել էր Հրայր Թովմասյանին, հեռախոսով չի եղել»

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին