21 Հունվարի, 2020
Գլխավոր » «Սենատի որոշումը շրջադարձային է ԱՄՆ քաղաքական գծում»․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
Գլխավոր Նորություններ

«Սենատի որոշումը շրջադարձային է ԱՄՆ քաղաքական գծում»․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia.am-ը զրուցել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ` ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի, նրա ազդեցության և հետագա զարգացումների մասին։

-Պարոն Ներսեսյան, ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, որին կողմ քվեարկեցին նույնիսկ այն սենատորները, որոնք երեք անգամ վետո էին կիրառել։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք, ի՞նչ փոխվեց։

Այո, մենք ականատես եղանք, որ բանաձևը երեք անգամ բերվեց Սենատ և միայն չորրորդ անգամ առարկություն չեղավ, և այն ընդունվեց միաձայն։ Բնականաբար, նման գործընթացները պայմանավորված են բազմաթիվ հանգամանքներով, և երբեմն պահանջվում են մի քանի փորձեր հաջողության հասնելու համար:

Ճանաչման այս գործընթացը թե՛ ամերիկահայ համայնքի և լոբիստական կազմակերպությունների կողմից տարված երկարամյա աշխատանքի,  թե՛ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ մեր երկրի վարած նպատակային արտաքին քաղաքականության արդյունքն էր։ Իհարկե, պետք է նաև երախտիքի խոսքեր ուղղենք բոլոր այն կոնգրեսականներին և սենատորներին, ովքեր տարիներ շարունակ ջանք են գործադրել բանաձևերի ընդունման համար: Սա Հայոց ցեղասպաոնւթյան միջազգային օրակարգը առաջ տանող բոլոր օղակների հետևողական գործունեության արդյունք էր: Գուցե այս պարագայում առկա էին բոլոր այն գործոնները, որոնք նպաստավոր էին բանաձևերի ընդունման համար: Սակայն նորից կրկնեմ, սա հետևողական քաղաքականության արդյունք է, սա մեր համահայկական օրակարգի, համահայկական միասնության արդյունք է, և այն պետք է ընդունվի որպես համահայկական ձեռքբերում.  Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի երկու պալատները ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը: Սա է քաղաքական իրողությունը:  

-ԱՄՆ-ն այս ժամանակահատվածում բավականին լարված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, ինչն էլ, ըստ ամերիկյան և միջազգային մամուլի, հիմք հանդիսացավ` բանաձևի ընդունման բարեհաջող արդյունքի համար։

-Մենք բազմիցս ենք ասել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբևէ երկկողմ հարաբերությունների հարց չէ. Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային օրակարգի հարց է: Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է: Դրա ճանաչումն ու դատապարտումը առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին` անկախ ներքաղաքական համատեքստից ու աշխարհաքաղաքական զարգացումներից։

Ուստի պետք չէ բանաձևի ընդունումը մեկնաբանել ամերիկա-թուրքական երկկողմ հարաբերությունների շրջանակներում: Միանշանակ է, որ բանաձևի ընդունմամբ, ԱՄՆ Կոնգրեսը հստակ դիրքորոշում հայտնեց, որ լինելով մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության առաջամարտիկը, չի հանդուրժում մարդկության դեմ իրականացրած ոճրագործությունը, որն իրականացվել է  դեռևս 104 տարի առաջ: Կարելի է նշել, որ այս քայլով Կոնգրեսն իր հարգանքի տուրքը մատուցեց 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:  Միաժամանակ այս բանաձևը կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում։

-Կան կարծիքներ, որ այս բանաձևի ընդունմամբ շրջադարձային փոփոխություն է մտել ամերիկյան քաղաքական ուղեգծում: Իսկապես դա այդպե՞ս է։

Ամեն դեպքում, բնականաբար, որոշումը շրջադարձային է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկար ու ձիգ տարիներ պահանջվեց` նման որոշում կայացնելու համար։ Ինչ վերաբերում է հետագային, ապա  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ մեր ջանքերը շարունակական են։

-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի` 296 և Սենատի` 160 բանաձևերն օրինագծեր չեն և չեն ենթադրում, որ դրանք պետք է վավերացվեն նախագահ Թրամփի կողմից։ Այս դեպքում ո՞րը պետք է լինի Թրամփի դերակատարումը, ի՞նչ սպասել նրանից։

Ինչպիսի դիրքորոշում նախագահը կընդունի հետագայում, կյանքը ցույց կտա, սակայն մի բան հստակ է. այս տեսակի բանաձևերն արտահայտում են Կոնգրեսի դիրքորոշումը և, համաձայն ընթացակարգի, չեն ենթադրում նախագահի ստորագրություն։

-Մենք ի՞նչ ենք շահում ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից նման բանաձևերի ընդունմամբ, ի՞նչ է սրան հետևելու։

Կարծում եմ, ակնհայտ է ԱՄՆ նման գերտերության կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման նշանակությունը:

-Սենատի կողմից այս բանաձևի ընդունմանը հետևել են նաև թուրքական իշխանությունների արձագանքը, մասնավորապես արտգործնախարար Չավուշօղլուն Սենատի որոշումը «քաղաքական ներկայացում» է որակել ու պնդել, որ պատմությունը քաղաքական նկրտումներին ծառայեցնողներն ու առերեսվել չցանկացողները վախկոտներ են։ Սպասելի՞ էր նման արձագանք, թե սրանք հեռուն գնացող նկրտումներն են։

Նման  դիրքորոշումը բացարձակապես չի համապատասախանում իրողության, բանաձևերը ինքնին խոսուն են։ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժխտողական քաղաքականության շարունակություն, ինչը բացարձակ ապագա չունի։ Այս բանաձևերը ցույց տվեցին, որ նույնիսկ 104 տարի անց հնարավոր չէ խուսափել պատմական իրողությունների պատշաճ գնահատականից, որքան էլ Թուրքիան փորձի խուսափել առերեսվելու սեփական պատմության և ճշմարտության հետ։ Ժխտողականությունն ապագա չունի, ինչ դրսևորում էլ որ այն ունենա: Ժխտողականության փորձերը դատապարտված են ձախողման, ինչպես ցույց տվեցին Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերը, որոնց տեքստերն ինքնին խոսում են պատմական փաստերի ճանաչման և իրերն իրենց անունով կոչելու մասին։

Նմանատիպ Հոդվածներ

Լրատվամիջոցներ. ԱՄՆ-ը կարող է խստացնել հղի կանանց վիզայի տրամադրումը

Diana Amirkhanyan

ԱՄՆ-ը չի ծրագրում զորքերը դուրս բերել Իրաքից

Diana Amirkhanyan

ԱՄՆ-ում հաստատել են, որ Իրանի հարվածից 11 զինծառայող է տուժել

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին