-2 C
Yerevan
22 Հունվարի, 2020
Գլխավոր » Սերժի, Քոչարյանի ժամանակ երգիչներն այսպես իրենց կարծիքը հայտնեին՝ Ամանորն ու Սուրբ Ծնունը ԿԳԲ-ի պադվալներում կանցկացնեին․ Արմինե Գրիգորյան
Մշակութային

Սերժի, Քոչարյանի ժամանակ երգիչներն այսպես իրենց կարծիքը հայտնեին՝ Ամանորն ու Սուրբ Ծնունը ԿԳԲ-ի պադվալներում կանցկացնեին․ Արմինե Գրիգորյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սիրված դերասանուհի, երգչուհի Արմինե Գրիգորյանը, որն առավել հայտնի էր 90-ականներին, շատ տարօրինակ կերպով «եթերազրկեցին», ինչպես նաև գրեթե դադարեցին լուսաբանել նրա եթերից դուրս գործունեությունը։ NewArmenia.am-ի հետ զրույցում Արմինե Գրիգորյանը խոսել է այդ խնդրի պատճառների մասին և պատմել իրադարձություններ, որոնց մասին նախկինում երբևէ չի բարձրաձայնել։  

-Արմինե, 90-ականներին հեռուստադիտողը Ձեզ շատ հաճախ էր տեսնում էկրաններին, տարբեր միջոցառումների ժամանակ, ինչպես նաև դուք մշտապես նկարահանվում էիք Ամանորյա տոնական ծրագրերում, այնուհետև տարիներ շարունակ Ձեզ չենք տեսնել եթերում, ի՞նչն էր այդպես կտրուկ չերևալու պատճառը։

-Ես 1998 թվականին ԱՄՆ-ում էի, իմ պայմանագիրն ավարտվեց, ես պետք է վերադառնայի։ Ինձ այնտեղ լավ պայմաններով աշխատանքի առաջարկ արեցին, բայց ես չհամաձայնվեցի, ասեցի, որ պետք է վերադառնամ Հայաստան։ Եվ հենց այդ տարվա Ամանորյա ծրագրում ես չկայի։ Այդ տարի որոշել էին հին երգերի ամանորյա ծրագիր անել, ցուցակ էր գրված՝ ով որ երգը պետք է ընտրեր, գրված էր բոլորիս անունները, թե ով ինչ է ընտրելու, ես Արև Բաղդասարյանի «Նախշուն բաջի» երգն ընտրեցի, որ պատրաստենք այդ երգը։ Ես գնացի Արև Բաղդասարյանի տուն, ծանոթացա նրա տղայի հետ, ծանոթացա Արև Բաղդասարյանի արվեստի հետ, որպեսզի երգը բնութագրող լինի և լավ ստացվի։ Հետո, ես երգում եմ երգը, գալիս է արդեն նկարահանման օրը,  բոլորին նկարում են, բայց ինձ չեն նկարում։ Հա սպասում եմ, բայց  չեն նկարում, հետո հարցրեցի, բա ե՞րբ կգա ինձ նկարելու պահը ու ոչ ոք ինձ ոչինչ չասաց։ Մեկ էլ մեկն ինձ ասաց, որ քեզ չեն հասցնում նկարել, կնկարեն վաղը։ Հաջորդն օրն ինձ չզանգեցին։ Մի քանի օր չզանգեցին, ես էլ ոչ զանգեցի, ոչ էլ մտածում էի դրա մասին։ Հետո ինձ զանգում է աշխատակիցներից մեկը, որի անունը չեմ տա և ասում է, Արմինե ջան, դրանց մեջ  տղամարդ չկա, ոչ մեկը ռիսկ չի անում քեզ ասի, որ քեզ չեն նկարելու։  Զանգողին հարցնում եմ, ինչ-որ խնդիր կա՞ և նա ինձ ասում է, որ Տիգրան  Նաղդալյանը ժողով է արել և ասել է, որ իրեն չպիտի նկարենք, գրոտեսկը շատ է։  Բայց հետո, ավելի ուշ իմացա, որ Տիգրան Նաղդալյանն ավելի նեղ շրջանակում ասել էր հետևյալ նախադասությունը․ «Լևոնի բոլոր լյուբիմչիկներին մզզցնելու եմ, առաջինը՝ Արմինե Գրիգորյանին»։  Դրանից հետո երբ ստեղծվեց «Բազեն» ինձ էլ էին հրավիրել երգելու, բայց ես հրաժարվեցի, շատերը զարմացան, բայց ես չգնացի։

Արսեն Գրիգորյանը մի հաղորդում ուներ, որը հետագայում Հ1-ից ջնջվել էր, հաղորդման մեջ երբ ինձ հարցրեց, թե ինչու ես հրաժարվել «Բազեից», ես ասեցի, որովհետև ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, ինչ է նշանակում գնալ քաղաքական ագիտացիա անել ու այդ շրջանում քաղաքական լոզունգներ կային, ես ասեցի՝ ինչու պիտի երգիչները գնան այդ լոզունգներն ասեն։ Ինձ հաճախ էին կանչում եթերների, բայց նկատեցի, որ կամաց-կամաց ինձ ուղիղ եթերների չեն կանչում, այլ կանչում էին մոնտաժվող եթերների և սկսել էին իմ խոսքերն աղավաղել, ես էլ  նեղացա ու որոշեցի, որ այդ հաղորդումներին էլ չեմ գնա և այդպես դադարեցի եթերում երևալ։

-Դուք մի պահ «Դար 21» հեռուստաընկերությունում վարում էիք «Իմ արև» հաղորդումը, դրա փակման պատճառը ո՞րն էր։

-2006 թվականին այդ հաղորդումը բացեցի, երկու տարի տևեց, 2008 թվականի մարտի մեկին վերջին հաղորդումն է նկարահանվել։ Ու դրանից  հետո էլ չնկարեցինք։ Ինձ կանչեցին և ասեցին կրիզիսի պատճառով չենք կարողանում  քեզ փող տալ և էլ չնկարահանվեցի։

-Այդ քսան տարիների ընթացքում Դուք ինչո՞վ եք զբաղվել։

-Ես 1992 թվականից ՀՀ բոլոր մշակույթի տներում համերգներ եմ տվել ու ունեցել եմ մենահամերգներ՝ իմ խմբով։ Ես և՛ Ղարաբաղի, և՛ ՀՀ բոլոր զորամասերում մշտապես անվճար մենահամարգներ եմ տվել։ Տարիներ շարունակ մենահամերգներ եմ տվել նաև մանկատներում, ծերանոցներում՝ ամբողջ Հայաստանով մեկ։ Ես զորմասեր գնացել եմ դեռևս այն ժամանակ, երբ դեռ պատերազմ էր։ Ես 92 թվից եմ երգում։ Իսկ երգիչներ կան, որոնք բրենդային հագնված գնում էին մարզերում երգում ու համարում դա բարեգործություն, բայց պետությունից լավ էլ այն ժամանակ փողը քաշում էին։ Եթե իրենք էդպես են գնացել, ես ամենավատ տարիներին եմ գնացել ու անվճար եմ երգել։ Իրենք, «ստիլնիի» մեջ, կամերաներն իրենց վրա պահած ասում էին նայեք, ես բարեգերծություն եմ արել։

Ու 98 թվից Ղարաբաղից գալիս է մի նախագահ, որի պատճառով ես 20 տարի չեմ եղել Ղարաբաղում։ Երբ որ դու ամեն տեղ գնում ես համերգների բարեգործական, բայց քեզ սկսում են ցույց չտալ, մարդիկ բնականաբար արդեն քո երգերը չեն լսում, սկսում են լսել նրան ում ցույց են տալիս։ Դրանից հետո ես էլ չարեցի համերգներ։

-ՀՀ-ում իշխանափոխությունից հետո  Ձեզ  որևէ ծրագրի մասնակցելու հրավեր արե՞լ են։

-Ո՛չ, ինձ մոտ այդ առումով բան չի փոխվել, արվեստում և շոուբիզնեսում հեղափոխություն չի եղել։ Էն կլանային խումբը դեռ էլի կա, ես էլի չկամ։ Ոչինչ, իրենք թող լավ կշտանան երգից, ես էլի կերգեմ։ Ես, օրինակ՝ ուրախանում եմ, որ ամանորյա ծրագրում, Հանրապետության հրապարակում երգել են նախկինների հետ կապված երգիչները, ահա սա է հեղափոխության արդյունքը, Սերժի, Քոչարյանի ժամանակ երգիչներն այսպես իրենց կարծիքը հայտնեին՝ Ամանորն ու Սուրբ Ծնունը ԿԳԲ-ի պադվալներում կանցկացնեին։ Որ չեն ասում՝ մենք մեր տեսակետն ենք ասել․․․

-Այս պահին ինչո՞վ եք զբաղվում։

-Կյանքի բերումով ստիպված եղանք մեր ընտանեկան ռեստորանը բացել, «Ֆորում» ռեստորանը։ Ես այստեղ երբեմն վարում եմ այդ միջոցառումները, երբեմն 15 րոպեով  մի քանի երգ եմ երգում, հետո գնում եմ ինձ մտերիմ մարդկանց ռեստորաններում մի քանի երգ եմ երգում։ Ես ինքս ինձ համար երգում եմ և ուրախ եմ դրա համար։

Տարին մեկ անգամ Հայաստանի կողմից որպես ժյուրի, մասնակցում եմ «Մոռսկոյ ուզել» միջազգային մրցույթին, որին մասնակցում են երիտասարդ երգիչներ։ Բացի նրանից, որ ժյուրի եմ, Հայաստանից տանում եմ նաև լավ ձայնով երգիչների և տվյալ երգչի ներկայացուցիչն ու պրոդյուսերն եմ լինում այդ ժամանակահատվածում։ Ես երբ որ գնացել եմ՝ բազմաթիվ Գրան պրիներ ենք բերել, Անահիտ Շահբազյան, Նարե Գրիգորյան, Նարեկ Մակարյան, որ առաջին տեղ էր գրավել։

-Իսկ այդ մասին ինչո՞ւ ոչ մի տեղ չի խոսվել։

-Հիմա մի սերիալի անիմաստ դերասանուհի մի անիմաստ արարք է անում, ամբողջ ֆեյսբուքը դրա մասին է  խոսում, բայց ես տանում եմ հզոր ձայներով երգիչների, բայց այստեղ դրա մասին ոչ ոք չգիտի, որովհետև, այս 20 տարվա էստրադայի, շոուբիզնեսի կլանը, այնքան իրենք երևացին, որ թույլ չեն տալիս սերնդափոխություն լինի, պիտի թույլ տան գոնե մեկումեջ նոր ձայները երևան։ Թույլ չեն տալիս, որ իրենք լսվեն, թե չէ իրենց կյանքում չեն լսի, դրա համար են փակել այդ ճանապարհը։ Ես շատ մարդկանց շոուզբիզնես եմ բերել, բայց  իրենք շատ մարդկանց չթողեցին երևալ, հանեցին։ Այնքան լավ երեխեք կային ու ճակատագրական ինչ խնդիրներ ունեցան։

— Գուցե ինչ-որ ձևով նախարարությանը ներկայացնեք, որ կան տաղանդավոր ձայներ, որոնց մասին պետք է խոսվի և նրանց ուշադրություն դարձվի։

-Ես թղթաբանության մեջ չկամ, եթե ինձ հետ մարդ լինի, որը ինձ կօգնի այդ հարցում, ես սիրով կանեմ այդ գործը։

— Արմինե, հաճախ ենք լսել, որ ոչ միայն Ձեզ, այլև Ձեր ճակատագրին արժանացած երգիչներին եթեր չտրամադրելն արդարացնում էին նրանով, որ դուք երգում եք նաև ռեստորաններում, բայց այսօր տեսնում ենք, որ չկա մի երգիչ, որը ռեստորանում չերգի։ Վստահ եմ՝ Դուք առավել մանրամասն կիմանաք էստրադային որ երգիչներն են ռեստորաններում  երգում և նույն ինտեսնիվությամբ էլ երևում եթերում, ինչո՞ւ էր դա Ձեր դեպքում համարվում «մեղք», իսկ նրանց դեպքում՝ շատ օրինաչափ։

-Իմ  ոճը թույլ է տալիս երգել նաև ռեստորաններում, ես ուրախ երգեր եմ երգում և ուրախացնում մարդկանց, դրա մեջ միայն  լավ բան կա։ Ժամանակին, երբ որ ես երգում էի և երբ համերգային փուլն ավարտվեց իմ կյանքում ու ստիպված մտա ակումբ, որպեսզի գոյատևեմ և ես ու ինձ նման երգիչները ստիպված էինք  ռեստորաններում և ակումբներում երգել, մեզ ասում էին՝ տո լավ է, դրանք ինչ երգիչներ են որ, հարսանիքային են, ակումբային են։ Ու երբ մեզ «իջեցրին» ակումբային, ռեստորանային երգիչ անվանելով, մեկ էլ տեսանք էդտեղից էլ եկան մեզ բրդբրդելով հանեցին և սկսեցին այդտեղ էլ տեղավորվել և այստեղ էլ մեզ զրկեցին գումար վաստակելու հնարավորությունից։ Եվ ես ստիպված եղա բացել «Ֆորում» ռեստորանը, որտեղ ունեցա իմ բեմը և ունեմ հնարավորություն շփվել հանդիսատեսի հետ՝ թեկուզ կորպորատիվի ֆորմատով։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին