23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99094.4 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Սերժ Սարգսյանը շարունակում է տապալել դատական նիստերը․ այս անգամ կորոնավիրուսի կասկածով
Այլ Լուրեր

Սերժ Սարգսյանը շարունակում է տապալել դատական նիստերը․ այս անգամ կորոնավիրուսի կասկածով

Պետբյուջեից մոտ կես մլրդ դրամի յուրացմանն օժանդակելու մեջ մեղադրվող ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը այսօր կրկին չկայացավ նրա բացակայության պատճառով: Օրերս «Հարսնաքարում» առանց դիմակի ասուլիս տված Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը բժշկի տեղեկանք ներկայացրեց, ըստ որի՝ երեկ երեկոյան հանկարծակի բարձրացել է Սերժ Սարգսյանի ջերմությունը:

«Առողջական վիճակում արձանագրվել է վատացում: Ցուցված է անկողնային ռեժիմ»,- ասաց պաշտպանը: Ընդ որում՝ Սարգսյանը հիվնադանոց չի տեղափոխվել:

Ուշագրավն այն է, որ դեռ 2 օր առաջ NewArmenia.am-ը Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանից փորձել էր ճշտել՝ գնալո՞ւ է այսօր Սարգսյանը դատարան, թե՞ ոչ, և Մակինյանը խուսափողական պատասխաններ էր տվել՝ պատճառաբանելով, թե մեզ չի ճանաչում որպես լրագրող: Երբ փորձել էին բացատրել, որ պարտավոր չէ բոլոր լրագրողներին ճանաչել, և չպետք է միայն ծանոթ լրագրողների հարցերին պատասխանել, Մակինյանն անդրդվելի էր մնացել, կրկնել իր անհիմն հիմնավորումը ու հրաժարվել պատասխանից: Ասել է թե՝ դեռ 2 օր առաջ Մակինյանը կանխազգում էր, որ Սերժ Սարգսյանի առողջական վիճակը դատից ժամեր առաջ վատանալու է:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերը ապրիլից չեն կայանում: Նրա նախորդ բացակայությունը դատարանը անհարգելի էր համարել՝ չնայած բերման ենթարկելու որոշում չէր կայացրել, ինչպես կվարվեր ցանկացած շարքային քաղաքացու դեպքում:

Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մի քանի անգամ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պայմանավորված շարունակվող համաճարակային իրավիճակով Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստերը հետաձգելու խնդրանքով: 

Չնայած կորոնավիրուսի համաճարակին, ինչի պատճառով դատական նիստերը չէին կայանում, Սարգսյանը «Հարսնաքարում» վերջերս առանց դիմակի ասուլիս էր  հրավիրել ու փորձել արդարանալ Ապրիլյան պատերազմի կորուստների մասով: 

Դատական այսօրվա նիստում մեղադրող դատախազը նկատեց, որ Սերժ Սարգսյանի փաստաբանի ներկայացրած բժշկական փաստաթղթում նշված է, որ նա երեկ է ունեցել ջերմաստիճանի բարձրացում: «Այս պահին չունենք որևէ փաստ, որ նա հիվանդ է: Այս պահին միգուցե նա հնարավորություն ունենա ներկայանալ դատական նիստին, քանի որ չկա նշված այնպիսի հիվանդություն ու նախանշաններ, որ չկարողանա մասնակցել նիստին»,- նկատեց դատախազը՝ դատավորին առաջարկելով պարզել՝ արդյոք Սարգսյանը չի՞ կարող այսօր ներակայանալ դատարան:

«Սա շատ էական նշանակություն ունի խափանման միջոցը վերանայելու համար»,- հայտարարեց դատախազը՝ ինչի դեմ ընդվզեց Սարգսյանի պաշտպանը՝ քաղաքական ելույթ ձոնելով Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը:

Ամրամ Մակինյանին դուր չէր եկել, որ դատախազը միանգամից անվերապահորեն չէր հավատացել բժշկի թղթին: «Գրված է՝ Քովիդի կասկած և ցուցված է թեստ անցնել»,- ասաց նա՝ դժգոհելով, թե դատախազությունը կասկածի տակ է դնում նախագահի առողջական վիճակը:

Դատավոր Վահե Միսակյանը չփորձեց պարզել՝ Սարգսյանn այսօր կարո՞ղ էր գնալ նիստի, թե՞ ոչ: Դատարանը որոշեց Սերժ Սարգսյանի բացակայությունը հարգելի համարել և հաջորդ դատական նիստը նշանակեց հոկտեմբերի 22-ին՝ հույս հայտնելով, որ Սերժ Սարգսյանը մինչ այդ լավացած կլինի: Թե այս տեմպերով որքան կտևի դատը, դժվար է ասել: 

Ի դեպ, բժշկական տեղեկանքի մասին. հունիսի 18-ին, երբ Վերաքննիչ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, մինչ այդ, ըստ փաստաբանների ու Վարչական դատարանի, հիվանդանոցային բուժման կարիք ունեցող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց իր բնակարան և սկսեց ակտիվ կյանքով ապրել՝ հեծանիվ վարել, հյուրեր ընդունել և լուսանկարներ հրապարակել ֆեյսբուքում: Ֆեյսբուքյան տիրույթում քննարկվեց հարցը, թե «հրաշք է տեղի ունեցել» ու հիվանդանոցային հիվանդ մեղադրյալ Քոչարյանը «միանգամից բուժվել է», կասկածներ շրջանառվեցին, որ իրականում բժիշկները կեղծ տեղեկանքներ էին տվել՝ նրան բանտից հանելու համար: 

Ըստ Սերժ Սարգսյանի մեղադրանքի, 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ Հայաստանի կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվել է մարզպետարանների և Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող կազմակերպությունների ներկայացրած հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները:

Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը:

Ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրությունում, Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, որ ավելի էժան գնով վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է ավելի քան 3 միլիոն լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է ավելի քան 297 միլոն դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231 միլիոն 240 հազար 170 դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է ավելի քան 66 միլիոն դրամ ավելի վճարված գումար:

Նախկին նախագահի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը Սարգսյանին առաջադրված մեղադրանքը համարում է «քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում»:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսի 115 նոր դեպք, մահվան 2 ելք

Նատա Հարությունյան

Մահվան 6 նոր դեպք, 29 առողջացած. կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

Նատա Հարությունյան

Կորոնավիրուսի 3737 թեստավորում է արվել, 244 նոր դեպք կա

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին