14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Սիրիահայ ոսկերիչը ոսկերչական գործիքների հավաքածու է ձեռք բերել հայրենիք ուղարկելու համար
Հարցազրույցներ

Սիրիահայ ոսկերիչը ոսկերչական գործիքների հավաքածու է ձեռք բերել հայրենիք ուղարկելու համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սիրիահայ ոսկերիչ Հակոբ Մոմջյանը 2012թ.-ից ի վեր ապրում է Հայաստանում: Նա դեռևս Հալեպում ապրելու տարիներին ոսկերչությանը զուգահեռ զբաղվում էր հին ոսկերչական գործիքների հավաքածուներ ձեռք բերելով: Սիրիահայ ոսկերիչը այդ հավաքածուները ձեռք էր բերում Հայաստան ուղարկելու նպատակով:

Ներկայումս Սարդարապատի հուշահամալիրում` Հայոց ազգագրության թանգարանում է պահվում հայ վարպետների ձեռքով պատրաստված և օգտագործված այն գործիքները, որոնք հավաքել է Հակոբ Մոմջյանը և տարբեր ժամանակներում ուղարկել Հայաստան: Հայոց ազգագրության թանգարանում պահվող հավաքածուի այդ հատվածում նշված է, որ գործիքները ձեռք են բերվել սիրիահայ Հակոբ Մոմջյանի շնորհիվ:

-Ինչպե՞ս մտահղացավ ոսկերչական գործիքների հավաքածու ձեռք բերելու և Հայաստան ուղարկելու գաղափարը:

-Ես 1970թ. սկսել եմ ոսկերչությամբ զբաղվել, սկզբում որպես աշակերտ և արդեն շուտով կլրանա իմ 50 տարին, որ ներգրավված եմ այս արհեստում: Մենք ապրում էինք օտար երկրում և ուզում էինք արհեստի զարգացման մեր հետքը փաստել: Հալեպում ոսկերչության զարգացման գործում մեծ դերակատարում են ունեցել հայերը, սակայն մեր հետ աշխատող իսլամ արհեստավորներն ասում էին թե դուք ինչ եք արել ոսկերչության զարգացմանն ուղղված: Ես որպես հայ ոսկերիչ մտածեցի ինչ կարելի է անել և անմիջապես այս միտքը հղացավ` հավաքել տարբեր ժամանակների ոսկերչական գործիքներ: Հալեպում 30 տարի աշխատել եմ այս ուղղությամբ` հավաքել տարբեր ժամանակների հայ արհեստագործների ոսկերչական գործիքներ: Մեր նախնիները, երբ 1915-20թթ. գաղթել էին Կիլիկիայից, իրենց հետ բերել էին նաև ոսկերչական գործիքներ, իմ ունեցած այդ հավաքածուներից շատերի վրա կնքված է նունիսկ արհեստավորների անուն ազգանունները, ինչպես նաև թվականը: Ամեն գործիք ունի իր պատմությունը, որոնք ցույց են տալիս երկրի տվյալ ժամանակվա տնտեսական վիճակը: Գործիքների մեջ կան նաև տանը պատրաստված կտորներ, որոնք ցույց են տալիս, որ այդ ժամանակ վատ օրեր են եղել, դրսից ապրանք չի եկել, և մարդիկ սկսել են իրենք պատրաստել:

Ներկայումս հավաքում եմ Հայաստանի երրորդ անկախության տարիների ոսկերչության աշխատանքային գործիքները, որոնք իրենց մեջ ներառում են և՛ Ղարաբաղյան պատերազմը, և՛ անկախության ժամանակշրջանը, և՛ սովետական ժամանկաշրջանը` ոսկերչությունը որպես արգելված արհեստ:

-Ձեր ծնողները ոսկերի՞չ են եղել:

-Իմ հայրը եղել է կոշկակար, իսկ մայրս տանը գորգագործությամբ էր զբաղվում, որոնք միայն մեր տան համար էին օգտագործվում, չէինք վաճառում, իսկ եղբայրներս արհեստավորներ են:

-Դուք որպես զբոսաշրջիկ եք եկել Հայաստան և արդեն 8 տարի է հայրենիքում եք, Սիրիա վերադառնալու պլաններ ունե՞ք:

-2012թ. երբ աղջիկս դպրոցն ավարտել էր և պետք է արդեն համալսարան գնար, որպես նվեր իմ ընտանիքին բերեցի Հայաստան, սակայն մեր գալուց հետո Սիրիայում պատերազմի պատճառով ճանապարհները փակվեցին և մնացինք հայրենիքում: Սա էլ մեր ճակատագիրն է, որ հայրենիքում պետք է ապրենք և ավելի ուրախ ենք դրա համար: Սիրիա վերադառնալն անհնար է այլևս, մենք 8 տարի է ապրում ենք Հայաստանում, թեպետ որպես տուրիստ էինք եկել մեր հայրենիք: Հայաստանում դու քո տան մեջ ես և ասեմ, որ այստեղ լավ է, այդ լավ բառն օգտագործելը բավարար չէ:

-Հայաստանում ի՞նչ գործունեություն եք ծավալում:

— Հայաստանում սկսեցի ուսումնասիրել հայկական գորգերի նախշերը, դրանց նշանակությունը, և հիմա հայկական գորգերի նախշերով զարդեր եմ պատրաստում, նաև արծաթով եմ աշխատում: Իմ գործերն արտացոլում են հայկական մշակույթը: Համագործակցում եմ «Մեգերյան կարպետ» ընկերության հետ, ինչպես նաև իմ խանութն ունեմ: Ինձ համար շատ կարևոր է, որ իմ աշխատանքը գնահատում են հայազգի մարդիկ: Հայերի հետ երբ խոսում ես, իրենց աչքերում փայլ ես տեսնում:

-Ոսկերչությունը Ձեզ համար արվե՞ստ է, թե՞ արհեստ:

-Ոսկերչությունը և՛ արվեստ է, և՛ արհեստ: Այն պետք չի նմանեցնել այլ արհեստների: Նույնիսկ թևավոր խոսքեր կան` «Լռությունը ոսկի» է:

Հայ իրականության մեջ շատ համով-հոտով պատմություններ կան ոսկերչությանն առնչվող: Այ ինչպես է եղել, որ ստեղծվել է ներկայիս Խորենացու փողոցի «Ոսկու շուկան», որին ժամանակին «Բաղնիքի ոսկու շուկա» էին անվանում․ մոտակայքի Անգլիական այգում, սովետական տարիներին, արհեստագործներն այդտեղ գաղտնի ոսկյա զարդեր էին վաճառում, հետո մարդիկ հաճախորդներին`գնորդներին բաղնիք էին տանում այնտեղ առևտուր անելու, իսկ բաղնիքի տերը զայրանում էր: Անկախության վերջին այդ շուկան հայտնի դարձավ որպես ոսկերիչների շուկա:

Նարա Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին