28 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » «Սորոս»-ը ֆինանսավորել է ՀՀ ոստիկանությանը, երբ ոստիկանապետ էր Վլադիմիր Գասպարյանը. Հայկ Սահակյան
Քաղաքականություն

«Սորոս»-ը ֆինանսավորել է ՀՀ ոստիկանությանը, երբ ոստիկանապետ էր Վլադիմիր Գասպարյանը. Հայկ Սահակյան

NewArmenia.am-ի զրուցակիցն է Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական կուսակցության գործադիր անդամ Հայկ Սահակյանը։

-ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպի համատեքստում տրված հարցազրույցի ժամանակ Գասպարյանն ասաց, որ դա կազմակերպված սադրանք էր, և խորհուրդ է տալիս իրեն «չներքաշել քաղաքական դաշտ, դա ճակատագրական կարող է լինել բոլոր քաղաքական արկածախնդիրների համար»։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ դա սադրանք կարող էր լինել։

-Անհիմն պնդումներ է արել պարոն Գասպարյանը։ Իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում նա հայտնի է եղել իր պոռոտախոս հայտարարություններով, այժմ էլ նա իր ոճի մեջ է։ Որևէ սադրանքի, նրան քաղաքականության մեջ ներքաշելու մասին խոսք լինել չի կարող։ Սա շատ բնորոշ է նախկին մերժվածների գործունեությանը։ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը իր գործունեությունն է իրականացրել, նա ինչ մեղավոր է, որ Վլադիմիր Գասպարյանն այնտեղ ապօրինի գույք ունի և դա այն ապօրինությունների մի մասն է, որոնց մասնակից եղել է Գասպարյանը, բնականաբար դա պետք է նկարահանվեր, իսկ իր վարքն ընդհանրապես բնորոշ է կենդանական աշխարհին, դա բնազդային վարք է և այստեղ քաղաքակիրթ մարդու մասին խոսք լինել չի կարող։ Գասպարյանը վտանգ է զգացել, որ նկարահանվում է իր ապօրինի գույքը։

-Բայց Գասպարյանն ասում է, որ իրեն, եթե զգուշացրած լինեին նախօրոք, ինքը նման կերպ չէր վարվի, նրան հունից հանել է այն, որ դա արվել է առանց իր գիտության։

-Պարոն Գասպարյանը կարծում է, թե դեռ հին ժամանակներում է և իր հետ պետք է հաշվի նստեն և, եթե հաշվի չնստեն դա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ, չէ, անցել են այդ ժամանակները, մարդիկ իրենց գործն են անում և պարտավոր չեն տեղեկացնել նրան, որովհետև միտում չի եղել միայն Գասպարյանին նկարել, դա եղել է հերթական նկարահանումներից մեկը։

-Վլադիմիր Գասպարյանը կարծում է, որ անձերի և իշխանության գալու առումով 2008 թվականի և 2018 թվականի իրադարձությունները կապ ունեն և «երբ նախկին իշխանություններին այսօրվա իշխանություններն ասում են՝ ռևանշիստներ, ռևանշիստներ են նաև այսօրվա իշխանության մեջ գտնվողները»,- նշել է Գասպարյանը։ Կա՞ր կապ այդ երկու տարիների իրադարձությունների միջև և ի՞նչ նկատի ունի նախկին ոստիկանապետը, ասելով, որ այս իշխանության մեջ էլ կան ռևանշիստներ։

-Որքան էլ զարմանալի է, բայց նրա ասածի մեջ ողջամտության հատիկ կա, բայց նա այլ դիտանկյունից է նայել։ 2008-ը և 18 թվականը, բնականաբար կապ ունեն, նույն հանրության մեջ մերժման նույն ակտն է եղել և այս տրամաբանություն հստակ կապ ուներ 18-ի իրադարձությունների հետ։ Եթե չլիներ 2008 թվականը, քաղաքացիական պայքարի մյուս դրսևորումները մինչև «Սասնա ծռերը», մենք չէին ունենալու 2018-ի դեպքերը այն տեսքով, որով ունեցանք։ Այդ ամբողջ գործընթացներից մենք զարգացում ապրեցինք, դասեր քաղեցինք, նոր տեխնոլոգիաներ կիրառեցինք և, ի վերջո, հասանք նրան, ինչ ունենք այսօր։ Այս առումով Գասպարյանը ճիշտ է։ Այսօրվա կառավարող ուժին համարում է ռևանշիստներ՝ ինքն իրեն բռեցնելով այն մտքի վրա, որ ինքը այն ժամանակ ոչ համարժեք ու ոչ օրինաչափ գործունեություն է ծավալել, բնականաբար, պետք է դրան հակադարձող քայլեր լինեն, կարծում եմ, հենց այս տեսանկյունից ելնելով է նա նման տեսակետ հայտնել։ Այսինքն՝ յուրաքանչյուր ազդեցություն ծնում է հակազդեցություն, կարծում եմ` պարոն Գասպարյանը ֆիզիկայի այդ տարրական կանոնը պետք է իմանար։

-Վլադիմիր Գասպարյանը կարծում է, որ  2016 թվականին ՊՊԾ գնդի գրավումը հեղափոխության փորձ էր և «միանշանակ այն օղակները, որոնք ազդեցություն ունեցել են 18 թվականի դեպքերի վրա, աշխատել են այդ նույն մարդկանց հետ, ովքեր ՊՊԾ գնդի գրավման փորձ կատարեցին»։ Նա նաև ասաց, որ Սորոսի հիմնադրամը ուղիղ կապ ունի Սասնա ծռերի հետ, հետևաբար և այս իշխանության հետ։

-Սորոսը, ինչպես գիտեք, ֆինանսավորել է ՀՀ ոստիկանությանը, ԵՊՀ-ին ու այդ ժամանակ ոստիկանապետը հենց Վլադիմիր Գասպարյանն էր և, եթե ինչ-որ խնդիր կար, ապա ինքը այդ ֆինանսավորումից թող հրաժարվեր։ Սասնա ծռերի մասով՝ տեղեկությունը փակ է հանրության համար, և չեմ կարող դրան միանշանակ գնահատական տալ, ինչպես Վլադիմիր Գասպարյանը, քանի որ ինքը ավելի  շատ տեղեկության էր տիրապետում այն ժամանակ։ Կարող եմ ասել, որ եթե այն ժամանակ կիրառեինք այս նույն տեխնոլոգիան, ապա հեղափոխությունը կլիներ 2016 թվականին։ Այն կապը, որը տեսնում է Գասպարյանը, ես բացառում եմ։

-Ի դեպ, Գասպարյանը 2018 թվականին կիրառված տեխնոլոգիաները բնորոշեց «կեղտոտ» բառով, երբ «փողոց դուրս բերվեցին հղի կանայք, երեխաները» և դրա համար իրենք ուժ չեն կիրառել։

-Պարոն Գասպարյանի ցինիզմը սահմաններ չունի։ 2008 թվականին, երբ կրակեցին մարդկանց վրա նույն Վլադիմիր Գասպարյանը իշխանության մեջ էր և պատասխանատվություն է կրում դրա համար։ Երբ հղի կինը իր ապագա երեխայի իրավունքների պաշտպանության համար իր բողոքն է արտահայտում գործող իշխանության դեմ, դրա կեղտոտ տեխնոլոգիան ո՞րն է։

-Իսկ, եթե Սերժ Սարգսյանը որոշեր զինված հարձակման գնալ ժողովրդի դեմ, կկարողանա՞ր ճնշել ժողովրդի բողոքի ձայնը։

-Եթե Սերժ Սարգսյանը մեկ վայրկյան անգամ չկասկածեր, որ մեկ կրակոց արձակելով կպահեր իր իշխանությունը, նա կկրակեր ու չէր հապաղի։ Եթե կարողանային պահել իշխանությունը՝ կպահեին։

-Հեղափոխության առաջին օրվանից մինչ այսօր խոսվում է այն մասին, որ 2018 թվականի դեպքերը չէին կարող իրականություն դառնալ առանց այլ ուժերի մասնակցությամբ։ Իրականում եղե՞լ են այդպիսի ուժեր, թե՞ սա ընդդիմադիր ուժերի կողմից է օրակարգ բերվել։

-Այո՛, եղել են ուժեր, որոնք նպաստել են, որ այդ շարժումը հաջողության հասներ։ Այդ ուժերը մեր քաղաքացիներն են, կազմակերպված, լոկալ խմբեր, որոնք դրանից առաջ էլ ինչ-ինչ գործընթացների վրա ազդեցություն են ունեցել՝ Մաշտոցի պուրակ, քաղաքային տրանսպորտի շարժում, այսօր նաև Ամուլսար։ Հենց այդ նույն խմբերն են, որոնք շատ կազմակերպված են և կարողանում են ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների, որոշումների կայացման վրա։ Այս ուժերի ազդեցությունը ճակատագրական է եղել հանրապետականների համար և բարերար՝ հեղափոխությունը կյանքի կոչելու համար։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Լրագրողներին սպառնացած Վլադիմիր Գասպարյանին ոչ համարժեք մեղադրանք է առաջադրվել. իրավապաշտպան

Անի Գրիգորյան

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` լրագրողի գործունեությանը խոչընդոտելու համար

Անի Գրիգորյան

Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանի ամառանոցի ապօրինի շինությունների «ինքնաքանդումը» չի թեթևացնի նրա մեղադրանքը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին