3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116992 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » «Ստեփանակերտի ապրողը մի պուճոր լուր ա սպասում, որ ասեն` էնտեղ խաղաղ ա, ու սաղ վերադառնալու են իրենց տները, բայց ոչ հարևանությունը ադրբեջանցոց հետ». արցախցի կին
Այլ Լուրեր

«Ստեփանակերտի ապրողը մի պուճոր լուր ա սպասում, որ ասեն` էնտեղ խաղաղ ա, ու սաղ վերադառնալու են իրենց տները, բայց ոչ հարևանությունը ադրբեջանցոց հետ». արցախցի կին

Հայաստան, Նոր Հաճն

Կարինե Մեսրոպյանը նախքան պատերազմն սկսվելը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի` Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում էր աշխատում` «Արցախի բալիկներ» մանկական համույթի մեթոդիստն էր: Սեպետմբերի 27-ի առավոտյան ստացավ պատերազմի բոթը, բայց չհավատաց, որ պատերազմն այսքան դաժան ու տևական է լինելու:

«27-ին, որ կռիվը սկսվել ա, չեմ պատկերացրել ճիշտն ասած, որ դա կարող ա ինչ-որ լուրջ բան լինի, ասեցինք երևի ոնց եղել ա 2016-ին, երևի 4 օր ա տևելու ու կվերջացնեն չորս օրումը: Բայց պատերազմը սկսվեց շատ ուժեղ, օդային տագնապը միացավ, երկու փոքր աղջիկ ունեմ` 9 և 11 տարեկան, դողդողում էին և ամսի 28-ին եկել ենք Երևան, իսկ եղբայրներս մնացել են Արցախում` կռվի դաշտում»,- պատմեց մեր զրուցակիցը` Կարինեն:

Հիմա Կարինեն իր երկու աղջիկների հետ Նոր Հաճնում է ապրում, ասաց` տունը, որտեղ ապրում են` իրենց մոսկվայաբնակ ընկերոջինն է: Երբ սեպտեմբերի 28-ին զանգել են Մոսկվա և ասել, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, ընկերը միանգամից առաջարկել է իր բնակարանը. «Մեր ընկերը Մոսկվայում է ապրում, կռիվը հենց սկսեց, զանգեցի իրենց` ասեցին` գնացեք մեր տուն, հարևաններն էլ մեզ շատ լավ ընդունեցին, չէի պատկերացնում, որ այդքան լավ կընդունեն»:

Երեխաները` Ստեփանակերտի ապաստարանում

Արցախցի կինը, տեսնելով իր երեխաների վախը, շտապել է հեռանալ Ստեփանակերտից և նույնիսկ հագուստ չի վերցրել իր հետ: Ասում է` այդ պահին ինչպես հագնված էինք, հենց այդպես էլ հեռացել ենք քաղաքից` բարեկամի ավտոմեքենայով:

Նոր Հաճնի մշակույթի տանը տեղացի երիտասարդները արցախցիներին օգնելու համար կազմակերպել և հավաքագրել են սնունդ և հագուստ, Կարինեի ընտանիքին ևս օգնել են, ինչի համար շատ շնորհակալ է: 

Մի կողմից հայաստանցիներն օգնում են արցախցիներին, մյուս կողմից էլ արցախցի կանայք ձեռքները ծալած չեն նստում` քայլեր են իրականացնում, որ մարտի դաշտում կռվող զինվորին օգտակար լինեն:

«Նոր Հաճնի մշակույթի տան մոտ երիտասարդների հետ կազմակերպեցինք, ժինգյալով հաց թխեցինք մի քանի` 7-8արցախցի կանանցով»,-ասաց մեր հերոսն ու հպարտորեն նշեց, որ ժենգյալով հացի վաճառքից ստացած հասույթն ուղղվել է զինվորներին` երիտասարդները քնապարկեր և այլ անհրաժեշտ պարագաներ են ուղարկել Արցախ:

Հայաստան, Նոր Հաճն

«Մենք երեկ գնացել ենք Նոր Հաճնի մշակույթի տունը` երեխոցը տեսնելու, ասեցի` ինչ եք մտածում երեխեք, ասացին երևի այս քանի օրը կսկսենք կուրկուտ  պատրաստել: 10-15 օր թխել ենք ժինգյալով հաց, հիմա մի քիչ հանգստանանք ժինգյալով հացից, նորություն անենք, որ մարդիկ առնեն: Նոր Հաճնի 9-10 տարեկան երեխեքը շատ օգնում են, մոլոդցի, պուճուր երեխեքը պադնոսը վերցրած ժինգյալով հացը բերում են, մենք դնում են փեչին, պատրաստում ենք, իրենք տանում են վաճառքի տեղը, և այդ փոքր երեխեքն էլ են իրենց վկլադը անում»,-պատմեց Կարինեն:

Արցախցի կինը վստահեցնում է, որ շահագրգռված են օգնել զինվորներին, և մշակույթի տան երիտասարդներին առաջարկել են, որ ժենգյալով հացից հետո էլ` մեկ այլ արցախյան ճաշատեսակ` կուրկուտ պատրաստեն:

Կարինեն հիացմունքով է խոսում հայաստանցիների ընդունելությունից: Հայաստան գալու հենց հաջորդ օրը` սեպտեմբերի 29-ին, երեխաները հաճախել են դպրոց ,և թե ուսուցչուհին, թե դասարանցիները շատ բարեհամբյուր են դիմավորել` ասել են դուք էլ ոչ մի տեղ չգնաք, կմնաք էստեղ:

Մեզ հետ զրույցի ժամանակ արցախցի կինն ասաց, որ կապը պահում է մարտի դաշտում գտնվող իր հարազատների հետ, և հենց 15 րոպե առաջ է խոսել` ընդամենը 3 վայրկյանով.  «Ասեցին շատ նորմալ ա, արխային եղեք, մենք հաղթելու ենք:Մենք ամեն օր աղոթում ենք, որ մեր զինվորներն անպայաման վերադառնան իրենց տները: Ստեփանակերտի ապրողը մի պուճոր լուր է սպասում, որ ասեն էնտեղ խաղաղ ա, ու սաղ վերադառնալու են իրենց տները, բայց ոչ հարևանությունը ադրբեջանցոց հետ, դա կյանքում չի կարող լինի, իրենք շատ են վերցրել մեր ջահել տղոց կյանքը, ոնց կարանք իրենց հետ հարևանություն անենք, ինչքան էլ ուզենք դա արդեն չի ստացվի: Հավատում ենք վեր մենք կհաղաթահարենք»:

Նարա Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին