23 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107472 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » «Սևանը հենց լողալու տեղ է»․ լողի ֆեդերացիայի նախագահի պատասխանը, թե ինչու Գեղարքունիքում չկա լողավազան
Այլ Լուրեր

«Սևանը հենց լողալու տեղ է»․ լողի ֆեդերացիայի նախագահի պատասխանը, թե ինչու Գեղարքունիքում չկա լողավազան

Սևանի ջրային մարզաձևերի մարզադպրոցում գործում են թիավարություն` բայդարկա և կանոե, առագաստանավային և լողափնյա վոլեյբոլի խմբակներ: Աշխարհի խաղերին մասնակցող մարզաձևերից՝ թիավարություն` բայդարկա և կանոե մարզաձևի ուսուցումն իրականացվում է Սևանա լճում, բնականաբար, համապատասխան սեզոնին։

Մարզադպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Ավետիք Մալխասյանը, NewArmenia.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս մարզաձևի համար լողավազան ունենալու  անհրաժեշտությանը, նշեց, որ իր համար երազանք է, որ Գեղարքունիքի մարզն ունենա փակ լողավազան, որտեղ անցկացվեն լողի պարապմունքներ, որպեսզի մարզադպրոցի սաները կարողանան լող սովորեն նախքան թիավարությունը․ «Սևանում միայն ամառային այս կարճ հատվածում ենք  կարողանում մեր մարզադպրոցի սաներին սովորեցնել լող, որովհետև մակույկը վարելուց լինում է, որ երեխան շուռ է գալիս և պետք է լողալ իմանա։ Կերազեինք լողավազան ունենայինք մեր մարզում: Հնարավորության դեպքում ես իմ խմբի երեխաներին ձմռանը տանում եմ Հրազդանի մարզադպրոցի կամ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի վճարովի լողավազանները: Դա մեր միջոցներով ենք անում, որովհետև մեզ անհրաժեշտ է:»։

Սևանի ջրային մարզաձևերի մարզադպրոցի փոխտնօրենը շեշտեց, որ երբ նախորդ տարիներին լողավազան ունենալու հարցով դիմել են Սպորտի նախարարություն, այնտեղից պատասխանել են, թե Սևանը ձեզ հերիք չէ՞։

Ավետիք Մալխասյանը մտահոգվում է՝ ընդգծելով, որ երեխա կա, որի համար Սևանի ջուրը սառն է, կամ մակույկից շուռ է գալիս թիավարության պարապմունքի ժամանակ, հետևաբար լողի դասերն անհրաժեշտ են․ «Յոթանասունութ թվից այս սպորտաձևի մեջ եմ և դա մեզ համար ցավալի կողմ է, որ փակ լողավազան չունենք մեր մարզում»:

Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը մեզ հետ զրույցում թեպետ հաստատեց, որ ողջ մարզում չկա փակ լողավազան, որտեղ անցկացվեն լողի պարապմունքներ, բայց նաև ընդգծեց, որ այդ հարցն իրենց ենթակայության տակ չէ, այլ լողի ֆեդերացիայի։

 ՀՀ լողի ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, անդրադառնալով լողավազանների հարցին, նախ ընդգծեց, որ Հայաստանում ընդհանուր թվով յոթ լքված լողավազաններ կային, որոնք կոմունիստների ժամանակ դպրոցներին կից եղել են, այնուհետև փլուզվել են և չեն աշխատել: Եվ այդ լողավազաններից երկուսը վերանորոգել են և արդեն գործում են՝ Իջևանում և Հրազդանում․ «Իջևան քաղաքի լողավազանը առաջին հանրակրթական դպրոցին կից է, իսկ Հրազդանինը լողի պատանեկան մարզադպրոցում է»։

Մեր դիտարկմանը, որ Գեղարքունիքի մարզում չկա լողավազան՝ լողի ֆեդերացիայի նախագահն արձագանքեց. «Սևանը հենց լողալու տեղ է, այնպես չէ, որ Սևանում լողավազան է պետք։ Իսկ ձմեռը ըստ իս Սևանի ջրային մարզաձևերի մարզադպրոցը չի աշխատում, որովհետև՝ օրինակ բայդարկա և կանոե թիավարություն մարզաձևը ձմռանը անհնար է Սևանում»։

Սևանի ջրային մարզաձևերի մարզադպրոցի փոխտնօրենի խոսքով` աշխարհի և Եվրոպայի մրցումներին բայդարկա և կանոե թիավարության մարզաձևով  հիմնականում Սևանի ջրային մարզաձևերի մարզադպրոցի սաներն են մասնակցում։ Նա ներկայացնելով սաների հաջողությունները նշեց, որ 2019թ. բայդարկա և կանոե թիավարության սպորտաձևում իրենց մարզադպրոցի սաները զբաղեցրել են աշխարհի խաղերում տասնվեցերորդ, տանյոթերորդ տեղերը․ «Պարականոե մարզաձևում աշխարհի գավաթի և եվրոպայի խաղերին կրկին տասնվեցերորդ, տանյոթերորդ տեղն են զբաղեցրել»,-խոսքը եզրափակեց Ավետիք Մալխասյանը։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքն ունեցավ նոր կոմբայն

Անի Գրիգորյան

Գեղարքունիքում մեղրաքամն ընթանում է նկատելի ցածր արդյունքներով

Նատա Հարությունյան

Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով իրականացվում է ճանապարհաշինական հերթական խոշոր ծրագիրը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին