Գլխավոր » Վազգեն Մանուկյան գործիչը և ՀԽ-ի գործունեության վերաիմաստավորման անհրաժեշտությունը
Վերլուծական

Վազգեն Մանուկյան գործիչը և ՀԽ-ի գործունեության վերաիմաստավորման անհրաժեշտությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Օրերս ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Այս դիմումից հետո ներքաղաքական քննարկումների օրակարգերն անմիջապես ուղղվեցին Մանուկյանի կողմը, իսկ վերջինս ծիծաղելի համարեց իր վաստակի հանդեպ նման վերաբերմունքը։

Ինչպես հայտնի է, ՀԽ-ն ավելի շատ խորհրդատվական գործառույթներով օժտված մարմին է, որի որոշումները չունեն իմպերատիվ ուժ։ Այն որպես կառույց ստեղծվեց 2008-ին, և տարածված տեսակետների համաձայն, հենց Վազգեն Մանուկյանի համար։ ՀԽ-ն այն կառույցն էր, որ պետք է կոնսոլիդացներ հանրության շրջանում առկա մտահոգությունները, հրատապ խնդիրները և Խորհրդում առկա համապատասխան մասնագիտական քննարկումներից անհրաժեշտ մոտեցումները ներկայացներ կառավարող շրջանակներին։ Երկրում այսպիսի կառույցի գոյությունը որպես կոնցեպտ բավականին հաջողված էր, սակայն մեկ տասնամյակից ավելի իր գործունեության ընթացքում այն շատ ամորֆ մնաց հասարակական-քաղաքական իրական զարգացումների նկատմամբ, իսկ առարկայական տեսանկյունից տեսանելի չեղան վերջինիս ձեռքբերումները։

ՀԽ-ի անարդյունավետության մասին բարձրաձայնումներ քանիցս եղել են, սակայն կուլմինացիոն քայլն օրերս կատարեց Արման Բաբաջանյանը՝ հիմնականում նկատառելով Վազգեն Մանուկյանի անձը։ Շատերն են ճանաչում Մանուկյանին և նրա դերակատարումը Ղարաբաղ կոմիտեի, Արցախյան պատերազմում կերտած հաղթանակի, նորանկախ ՀՀ-ի պետականաշինության առաջին քայլերի ասպարեզում։ Մարդ, ով 90-ականների կեսերից դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմադիր բևեռը և ով իր քաղաքական ակտիվ կարիերան ավարտեց հենց Տեր-Պետրոսյանի հրաժարականով։ Դրանից հետո Մանուկյանի՝ որպես քաղաքական գործչի գործունեությունը բավականին բյուրեղացավ, իսկ 2008-ից հետո, ըստ էության, դուրս մղվեց էական քաղաքական գործընթացներից։

Գալով մեր օրեր՝ անհրաժեշտ ուշադրություն դարձնենք շատ ավելի խորքային գործընթացների։ 2018 թ.-ի հեղափոխությունը սահմանագիծ էր ոչ միայն մի քաղաքական իշխանության մյուսով փոխարինելու առումով, այլև սահմանագիծ էր նախորդ բոլոր համակարգերի գործիչների համար։ Ի վերջո, հեղափոխության օրերին կես-կատակ, կես-լուրջ բարձրաձայնվում էր, որ «Թավշյա հեղափոխությամբ» վերջանականապես փաստվեց խորհրդային մտածելակերպի փլուզումը մարդկանց մեջ, ինչպես նաև պոստսովետական առաջին շրջանի մտակաղապարները կրող գործիչների հեռացման անհրաժեշտությունը, ովքեր այդքան երկար իշխեցին ու գործեցին Հայաստանում։ Վերջիններս այն գործիչներն էին, ովքեր անկախության շարժման հարթակում էին, ովքեր սակայն հետո ամենալուրջ կոնֆրոնտացիայի մեջ մտան իշխանության համար պայքարում։ Նրանք իրենց կառավարչական հմտություններով ու փիլիսոփայությամբ այդպես էլ չկտրվեցին անցյալից, որը միավորում էր խորհրդային վերջին շրջանի և անկախության առաջին տարիների հիբրիդային մտակաղապարները։ Որպես այս ամենի մարմնացում հանդես էր գալիս հենց Վազգեն Մանուկյանը, և հենց վերը նշվածներն էին այն պատճառները, որ հետհեղափոխական այս ողջ շրջանում նրա հայտարարություններն ու գործունեությունը համահունչ չեղան հեղափոխական իշխանության փիլիսոփայությանը։ Իսկ ՀԽ-ի ղեկավարի պաշտոնում նրա հետագա պաշտոնավարման թեման էլ թերևս առկախվում է երկրում առաջնային կառավարման համակարգերի վերափոխման կարևորության ֆոնին։

Մյուս կողմից, ինչպես հայտնի է, Մանուկյանը հիմնել է «Վերնատուն» հասարակական-քաղաքական խմբակը, որն այլընտրանքային հոսանք է և հայտնի չէ, թե ինչ նպատակների համար էր ստեղծված, իսկ, ըստ որոշ տեղեկությունների, դրա անդամները կառավարության ամենաանմնացորդ քննադատներն են։ Զուտ տրամաբանորեն, չի կարող այլընտրանքային բնույթ ունեցող քաղաքական հոսանք նախաձեռնողը կառավարության հետ փոխգործակցության տիրույթում ազնվության պակաս չունենալ։ Այնուհանդերձ, անգամ սրանից զատվելով, պետք է նշել, որ երկրում սկսված վերափոխումները մի օր բերելու են նաև հանրային-խորհրդատվական բնույթ կրող այս մարմնի գործունեության ու կազմի վերանայմանը։ Սա պայմանավորված է ոչ միայն պետական ապարատում ուղղահայացների արդյունավետության բարձրացմամբ, այլև կից մարմինների գործունեության վերաիմաստավորման անհրաժեշտությամբ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին