30 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91955.2 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Վանեցյանի քաղաքական կշիռն այնքան մեծ չէ, որ իշխանությունը վախենա և քաղաքական հետապնդում սկսի նրա դեմ․ Աղասի Մարգարյան
Գլխավոր Նորություններ

Վանեցյանի քաղաքական կշիռն այնքան մեծ չէ, որ իշխանությունը վախենա և քաղաքական հետապնդում սկսի նրա դեմ․ Աղասի Մարգարյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.amի զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Մարգարյանը։

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կարծում է, որ այն, ինչ տեղի է ունենում իր անձի շուրջ, քաղաքական հետապնդում է և, որ իշխանությունն ամեն գնով փորձում է քրեական գործեր սարքել, որպեսզի կասեցնի իր քաղաքական ակտիվությունը։ Կարծում եք, Վանեցյանը որպես ընդդիմադիր ուժ լուրջ վտանգներ ներկայացնու՞մ է իշխանության համար, որ վերջինս այդ քայլին գնա։

 -Ընդդիմադիր կամ, ընդհանրապես քաղաքական դաշտում երևալու, ինքնահաստատվելու, հայտնի դառնալու ամենահեշտ և ուղիղ ճանապարհը հալածյալի, իշխանության կողմից հետապնդվողի կերպար ստեղծելն է։ Ցավոք սրտի, մեր քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ չեն կարողանում այդ հնարքից ազատվել։ Վանեցյանը այդ տեսանկյունից  ոչ մի բանով չի տարբերվում մի շարք այլ ներկայացուցիչներից, ավելին՝ ստեղծագործական մտքի և նորարարության տեսանկյունից բազմիցս զիջում է։ Եթե ինչ-որ գործեր կան, որոնց շրջանակներում ԱԱԾ նախկին տնօրենին կանչում են ԱԱԾ կամ ՀՔԾ նորմալ է, ավելի նորմալ է քան այն, երբ ԱԱԾ տնօրենը պաշտոնից ազատվելուց մի քանի ամիս հետո ինչ-որ քաղաքական միավոր է հիմնում, այ դա աննորմալ է՝ մեծ հաշվով։ Վանեցյանի քաղաքական կշիռը, չեմ կարծում, թե այդքան մեծ է, որ իշխանությունը վախենա նրանից և քաղաքական հետապնդում սկսի։Բացի դրանից, Արթուր Վանեցյանի հիմնած կուսակցությունը առանց իշխանության ընդդիմության հետ մրցակցելու էլ չունի այնքան քաղաքական կշիռ, որպեսզի քաղաքական իրողության մեջ լուրջ դերակատարում ունենա, մեծ հաշվով, այդպիսի կշիռ չունեն նաև այն ուժերը, որոնց հետ Վանեցյանը համագործակցում է և փորձում դաշինք կազմել։

— Արթուր Վանեցյանը չբացառեց, որ կհանդիպի Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Հատկանշական է, սակայն, որ ի սկզբանե նա բացառում էր այս անձանց հետ հանդիպումները։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ է մտափոխվել նա և, որքանո՞վ է տրամաբանական հանդիպել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ՝ հաշվի առնելով այն, որ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ Վանեցյանը վերջիններիս մեղադրում էր կոռուպցիայի մեջ։

-Տրամաբանության մասին խոսելը, իհարկե զավեշտալի է այս դեպքում, բայց, երբ Վանեցյանը հայտարարում է, որ կարող է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, պետք է մի փոքր ճշտում մտցնել, Սերժ Սարգսյանը պետք է որոշի հանդիպել կամ չհանդիպել Արթուր Վանեցյանի հետ։ Այսինքն՝ ասածս այն է, որ՝ որպես քաղաքական գործիչներ, մենք չենք կարող համեմատել Արթուր Վանեցյանին և Սերժ Սարգսյանին, Վանեցյանը շատ երկար ճանապարհ պետք է անցնի, որպեսզի որոշի հանդիպել Սերժ Սարգսյանին։ Այդ հանդիպման որոշողը երբեք ու երբեք չի կարող Վանեցյանը լինել։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին՝ թող հանդիպեն, այդտեղ քաղաքական ինչ-որ լուրջ տրամաբանություն, կտրուկ զարգացումներ ոչ սպասում եմ, և ոչ էլ սպասելի է։ Մի երկու ամիս առաջ էլ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ հանդիպեց, ի՞նչ տեղի ունեցավ։ Այո՛, ճիշտ եք, երբ Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր զբաղվում էր Ռոբերտ Քոչարյանի գործով անձամբ, իսկ հիմա․․․, գիտեք, դա վկայում է նրա«քաղաքական սկզբունքայնության» մասին։

 -Վանեցյանը նաև վստահեցրեց, որ առաջիկայում քաղաքական ակտիվ գործընթացներ կլինեն, որովհետև երկրում լուրջ ձախողումներ կան։ Ըստ էության, կրկին մեզ քաղաքական թեժ աշուն են խոստանում։ Սպասե՞նք թեժ աշնան։

-Աշնանը կարող է լինել քաղաքական գործընթաց, բայց ցանկալի է, որ այդ գործընթացն իսկապես լինի քաղաքական։ Պետք է հասկանանք նաև, թե ինչ են հասկանում այդ մարդիկ ակտիվ գործընթաց ասելով։ Մեր պարագայում՝ որպես խորհրդարանական երկիր, քաղաքական ակտիվությունը դրսևորվում է Ազգային ժողովում, հետո արտախորհրդարանական ուժերի մոտ։ Եթե այդ մարդկանց խանգարում է արտակարգ դրությունը՝ հանրահավաքներ անելու և ակտիվ գործընթացներ ծավալելու, ապա այն շատ շուտով, կարծում եմ, կավարտվի։ Եթե այդ մարդիկ մտածում են, որ երկու-երեք հազար մարդկանցով հավաքներ անելով ինչ-որ քաղաքական իրադրություն կարող են փոխել՝ թող մտածեն, բայց ես վստահ եմ, որ այդ հանրահավաքները, որ այդքան պահանջում են, ընդամենը ցույց է տալու այդ մարդկանց իրական կողմնակիցների քանակը և որակը, ինչպես նաև՝ հայաստանյան հասարակության վերաբերմունքը այդ ուժերի և դրանց մերձակաների նկատմամբ։

 -Ընդդիմությունը չի բացառում, որ այս իշխանությունը կհեռացվի հենց այն  ճանապարհով, որով դարձել է կառավարող ուժ, այն է՝ փողոցային պայքարի ճանապարհը։

-Որ խոսում են տապալելու, փողոցային պայքարի մասին, ակնհայտ է դառնում, որ այդ մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայստանում։ Երբ որ 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունները ներկայացնում են փողոցային պայքար, այդ մարդկանց հետ արդեն խոսելու բան չկա, որովհետև նշանակում է, որ այդ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվել։ Դա համազգային շարժում էր, ամբողջ հասարակությունը ոտքի էր եղել ոչ թե Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ, այլ դա ընդամենը առիթ էր։ Մեր հասարակությունը պարզապես այլևս չէր հանդուրժում այն իշխանությունը, որն ունեինք՝ բոլոր առումներով։ Եվ, եթե մարդիկ դա գնահատում են՝ որպես փողոցային պայքար, ինչ խոսես նրանց հետ, այդ մարդիկ ո՛չ քաղաքականությունից են բան հասկանում, ո՛չ  քաղաքական գործընթացներից։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

«Հայրենիք»-ԲՀԿ կապը վերջնականապես խզվել է. «Ժամանակ»

Սերինե

Արթուր Վանեցյանը հրաժարվել է նախապատրաստվող գործով բացատրություն տալ

Սերինե

Արթուր Վանեցյանը հրավիրվել է ընդամենը բացատրություն տալու, սա քաղաքական հետապնդում չէ․ ԱԱԾ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին