27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100140.8 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » Վարչապետը իր բարեկամական դիրքորոշումն է արտահայտել Բելառուսի նկատմամբ․ «Իմ քայլի» պատգամավոր
Այլ Լուրեր

Վարչապետը իր բարեկամական դիրքորոշումն է արտահայտել Բելառուսի նկատմամբ․ «Իմ քայլի» պատգամավոր

New Armenia.am–ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

-Պարո՛ն Թորոսյան, Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից  շնորհավորական ուղերձ հղելը  ճի՞շտ էր, թե՞ ոչ։

 -Բելառուսում ինչպիսի իրավիճակ էլ լինի, եթե պաշտոնապես հայտարարվել է, որ Լուկաշենկոն վերընտրվել է, այդ դեպքում Հայաստանի ղեկավարը պետք է արձագանքի այդ պաշտոնական տեղեկատվությանը և պետք է շնորհավորի, որովհետև Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է Լուկաշենկոյի վերընտրվելու մասին, ԱՊՀ դիտորդական առաքելությունն արձանագրել է այդ ընտրության իրողությունը և Հայաստանի ղեկավարը, որը նաև ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կառույցներում դաշնակցային հարաբերությունների մեջ է Բելառուսի հետ, բնականաբար պետք է արձագանքեր, անկախ նրանից, թե հետո ինչ զարգացումներ կլինեն։ Այդ շնորհավորանքը քաղաքական կոռեկտության տարր է պարունակում։

 -Այսինքն՝ վարչապետը չի՞ շտապել շնորհավորել Լուկաշենկոյին, անհրաժեշտություն չկա՞ր մի քանի օր սպասել։

-Վարչապետը չի շտապել, որովհետև դա նաև արարողակարգային գործընթաց է, երբ պաշտոնապես հայտարարվում է ընտրության արդյունքը, բարի կամեցող պետությունների ղեկավարները շնորհավորում են։ Վարչապետը միակը չէ, բազմաթիվ երկրներ, այդ թվում աշխարհի ուժային բևեռների ներկայացուցիչներ շնորհավորել են Լուկաշենկոյին, և վարչապետը իր բարեկամական դիրքորոշումն է արտահայտել երկրի և երկրի ղեկավարի նկատմամբ։

 -Հասկանալի են այդ քաղաքական ընթացակարգերը, այս կամ այն պարտավորությունները, բայց քննադատության մեխն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մի մարդու, որը, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կարգավիճակում է, նրա խղճին արդեն մեկ մարդու մահ կա։ Բացի այդ էլ, քննադատողները նշում են, որ Նիկոլ Փաշինյանն անցել է այն նույն ճանապարհով, որով հիմա անցնում է Բելառուսի ընդդիմադիր դաշտը և այդքանից հետո շնորհավորե՞լ Լուկաշենկոյին։

 -Ուզում եմ, որ մենք կարողանանք տարանջատել ներքաղաքական գործընթացները արտաքին քաղաքականությունից և միջազգային հարաբերություններից, եթե դա տարանջատենք, ապա այդպիսի հարցադրումներ այլևս չեն հնչի։

 -Այսինքն՝ դրանք տարբեր բանե՞ր են։

-Միանշանակ, այն ինչ-որ եղել է՝ արտաքին քաղաքական գործընթաց է, երբ որ պետության ղեկավարին շնորհավորում են, մեկը մյուսի հետ կապ չունի, իհարկե, կարող է ինչ-որ կապ ունենալ, բնականաբար, բայց կրկնում եմ, երբ մենք տարանջատում ենք ներքին քաղաքականությունը արտաքինից, բնականաբար այդ հարցը չի առաջանա։

-Այսինքն՝ վարչապետի արժեհամակարգի փոփոխության, իր նախկին խոսքերի և ներկա գործողությունների բախում չկա՞։

-Ոչ մի բան չկա, կա արտաքին քաղաքական խնդիրը և միջպետական հարաբերությունների հրամայականը։

 -Արդյոք այս շնորհավորանքը կազդի՞ Հայաստանի միջազգային հեղինակության վրա, հաշվի առնելով այն, որ միջազգային հեղինակավոր կառույցներն արդեն դատապարտել են Բելառուսում տեղի ունեցածը։ Չեխիան, Լատվիան չեն ճանաչել այդ ընտրությունների արդյունքները։

-Ամենևին ոչ, որովհետև մենք միջազգային հարթակներում ունենք մեր և այն բոլորին հայտնի է իր ժողովրդավարական, իր արժեհամակարգային առումով և մենք ունենք դաշնակից երկիր ի դեմս Բելառուսի, որտեղ տեղի է ունեցել քաղաքական գործընթաց, տեղի են ունեցել ընտրություններ, արձանագրվել են արդյունքներ, որից բխել է վարչապետի շնորհավորանքը և ամեն մի երկիր ունի իր շահը, իր մոտեցումներն ունի միջազգային հարաբերություններում։ Եվ այդ միջպետական շահից ելնելով էլ՝ նույն Չեխիան և մյուս չճանաչող ու քննադատող երկրները ելնում են կոնկրետ իրենց շահերից, մենք էլ ունենք մեր շահերը։

-Որո՞նք են մեր շահերը, պարո՛ն Թորոսյան։

-Հենց առնվազն երեք խոշոր տարածաշրջանային կառույցներում համատեղ ներգրավվածությունը, ունենք նաև որոշակի խնդիրներ հենց Բելառուսի հետ կապված, և նաև այդ խնդիրները հարթելու անհրաժեշտություն։ Այդ ամենից ելնելով՝ պետք է միջպետական հարաբերությունները շարունակենք բարձր մակարդակի վրա պահել, առավելևս, որ այդ շնորհավորանքները միշտ փոխադարձության հիմքի վրա են։ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ Լուկաշենկոն շնորհավորանք  էր հղել, բնականաբար փոխադարձության սկզբունքը պետք է պահվի, նաև այս տեսանկյունից վարչապետի շնորհավորանքը տեղին է, և շահարկելու որևէ բան չեմ տեսնում։

-Տեղի՞ն է համեմատել կամ նույնականացնել Բելառուսի դեպքերը Հայաստանում տեղի ունեցած 2008 թվականի մարտի մեկի դեպքերի հետ և, ըստ Ձեզ, ինչպե՞ս կհանգուցալուծվեն Բելառուսի դեպքերը։

-Հետընտրական լայնածավալ գործընթացներ սկսվեցին Բելառուսում՝ կդժվարանամ ասել, թե ինչ կարող է լինել, փաստն այն է, որ մրցակից նախագահի թեկնածուն այժմ լքել է երկիրը, առկա է մեկ զոհ, ներքաղաքական լարվածություն, իսկ զարգացումների վերաբերյալ կոնկրետ վերլուծություն չեմ կարող տալ։

-Իսկ տեղի՞ն է համեմատել այդ դեպքերը հայաստանյան մարտի մեկի դեպքերի հետ։

-Յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկությունն ունի։ Ընդհանուր երևույթը՝ հետընտրական զարգացումն ու լարվածությունն է, որտեղ որ կասկածի տակ են դրվում ընտրության արդյունքները, բոլոր տեղերում էլ նույնն են, իսկ դրսևորումները կարող են լինել տարբեր։ Չեմ ուզում խորոնալ այդ ամենի մեջ և նմանեցնել մարտի մեկի դեպքերի հետ կամ չնմանեցնել։ Բելառուսի ժողովուրդն ինքը գիտի, թե որն է իր պահանջը։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին