12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Վարչապետի գրառումը՝ քաղաքական դաշտի բյուրեղացման մեկնարկ
Այլ Լուրեր

Վարչապետի գրառումը՝ քաղաքական դաշտի բյուրեղացման մեկնարկ

Սեպտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ընդարձակ մի գրառում, որն առաջարկեց վերնագրել «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»: Այս գրառումը, որը հակված ենք գնահատել որպես ավելի շատ հայեցակարգային, ինչ-որ տեղ նաև՝ մանիֆեստային գծեր ունեցող տեքստ, հայաստանյան մեդիա, հասարակական և քաղաքական հարթակներում խորքային քննախոսության մեծ հաշվով չարժանացավ, ինչպես և կարելի է ասել, վերջին շրջանում չի արժանանում  բովանդակային որևէ տեքստ: Մեծ հաշվով, վարչապետի գրառման արձագանքները, հազվադեպ բացառություններով, մնացին ֆեյսբուքյան (հիմնականում անարժեք) արձագանքի սահմաններում:

Թերևս, հենց այս իրողությունն էլ մի շարք մտորումների տեղիք է տալիս: Մեր կարծիքով, վարչապետն իր գրառման մեջ ամբողջացրեց նախկինում բազմիցս բանավոր խոսքում արտահայտած գաղափարները, որոնք, հասկանալի է, տեսքային ամբողջության մեջ ավելի ընդգծված խորություն են ստանում: Գրառումը բավական երկար էր և կառուցված էր մի շարք գաղափարների վրա, որոնցից կցանկանայինք ուշադրություն դարձնել, մեր կարծիքով, ելակետային մի սկզբունքի: Խոսքը վերաբերում է կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի», որպես քաղաքական կառույցի նշանակությանն անդրադարձող հատվածներին: Վերջին շրջանում, կարելի է ասել՝ առաջին անգամ, տեքստում մենք այդքան հաճախ հանդիպեցինք հենց «Քաղաքացիական պայմանագիր» արտահայտությանը, որը կարծես թե եկավ փոխարինելու «թիմ», «հեղափոխական թիմ» հասկացություններին: Այս փոխակերպումը խորքային բովանդակություն է ստանում հայաստանյան քաղաքական դաշտի բյուրեղացման տեսանկյունից մի շարք առումներով:

  • Ըստ էության, վարչապետի հիշատակյալ գրառմամբ գծվեց այն մեկնակետը, թե ինչպես և ովքեր պետք է պատասխանատվություն վերցնեն 2018 թվականի հեղափոխական իրադարձությունների համար: Սույն հարցադրումներից «ովքեր»-ի պատասխանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, իսկ «ինչպես»-ի պատասխանը՝ գործող իշխանություն լինելը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե նշված միտքը առավել քան տրիվիալ է, և որ դա, այսպես թե այնպես, ի սկզբանե պարզ էր: Սակայն եթե մենք փորձենք հայացք գցել վերջին մեկուկես տարվա խոսույթներին, ապա կտեսնենք, որ հանրային դաշտում առկա խոսույթներում գրեթե չի կիրառվում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ որպես առաջնային պատասխանատվության սուբյեկտ:  Մի դեպքում մենք տեսնում ենք քննադատություն կամ դրվատանք «Իմ քայլը» խմբակցության հասցեին, մյուս դեպքում՝ վարչապետի անձի՝ որպես հեղափոխության առաջնորդողի: Մեկ այլ դեպքում քննադատությունը կամ դրական գնահատականը ուղղվում է Նիկոլ Փաշինյանին, գործչի, որը ներկայացնում է, պայմանականորեն ասած, «հեղափոխության շահառու» բոլոր կողմերին:
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և անգամ արտահայտության կարևորումը վարչապետի կողմից խորքային առումով ստանում է ցուցիչի դերակատարություն ամբողջ քաղաքական դաշտի համար, այն առանցքով, որ  իշխանության ճիշտ կամ սխալ լինելու բարձրաձայնումն առավել արդյունավետ կարող է լինել միայն բյուրեղացված և «քարտեզագրված» քաղաքական դաշտում: Սա ինքին նշանակում է, որ որպես հեղափոխության շահառուներ հանդես եկող ուժերը, խմբերը, հարթակները պետք է պատրաստվեն քաղաքականություն կիրարկելուն՝ ելնելով հակադրության կամ համերաշխության սկզբունքներից: Այլ կերպ ասած՝ հեղափոխությանը մասնակցած (ՀԱԿ), հեղափոխությունից հետո ստեղծված (ՔՈ, ՍԴԿ) և ստեղծվելիք քաղաքական միավորները (խոսքը այնպիսի ֆորմալ, արհեստական միավորների մասին չէ, ինչպիսիք, օրինակ, «Հայրենիք» կուսակցությունն է, որտեղ առանձնապես պարզ չէ, թե ինչ շրջանակներ են բուն շահառուները), քաղաքական պայքարի իրականացման թիրախ պետք է ունենան հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և նրա շրջանակում՝ միայն վարչապետին: Այսինքն, սա պետք է լինի քաղաքական դաշտի և վերջինիս ամենակարևոր ֆիգուրանտների՝ քաղաքական կուսակցությունների կայացման մեկնակետը:
  • Վերջապես, զուտ «Քաղաքական պայմամանագիր» կուսակցության առումով, հարկ է նշել, որ վերջինս, որպես պատասխանտվություն վերցրած, քաղաքական իշխանություն ներկայացնող մարմին, վերջնարդյունքում պետք է ստանա կուսակցական դիմագիծ, այն է՝ ձևավորի ներքին և արտաքին կառուցվածքը, մարզային կառույցները, ենթակառուցվածքները: Որպես իշխանություն ներկայացնող ուժ՝ տեսանելի լինի հասարակության համար, ընդհուպ մինչև տեղերում ֆիզիկակական ներկայության մակարդակում: Սա թերևս, այն ճանապարն է, որով պետք է գնան հայաստանյան քաղաքական դաշտում գործոն դառնալու հավակնություն ներկայացնող քաղաքական միավորները:

Անահիտ Փանոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Փաշինյանը բոլոր տղամարդկանց կոչ արեց գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը

Նատա Հարությունյան

Փաշինյանն ԱՄՆ-ից արձագանք է ակնկալում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հարցում

Նատա Հարությունյան

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Փաշինյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին