6 C
Yerevan
4 Դեկտեմբերի, 2020
117993.6 By Google Analytics 03.12.2020
Գլխավոր » Վարչապետի համար ի սկզբանե քննարկելի էր ձևաչափի ընդլայնումը և նրա վերջին հանդիպումներն այդ են վկայում․ Նարինե Դիլբարյան
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Վարչապետի համար ի սկզբանե քննարկելի էր ձևաչափի ընդլայնումը և նրա վերջին հանդիպումներն այդ են վկայում․ Նարինե Դիլբարյան

New Armenia.am— ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը։

13 կուսակցությունների համատեղ հայտարարության դրդապատճառը ո՞րն էր։ Դրանից հետո հնչեցին բազմաթիվ քննադատություններ, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց։

-Քննադատությունների հիմքում կա՛մ թյուրըմբռնումն է, կա՛մ զգայականությունը։ Դժգոհություններ եղան նաև մեր կուսակցության ներսում, հասկանում եմ, որ արմատականությունը շատ ուժեղ է, մարդիկ համոզված են, որ մեր երկրում կան թշնամիներ, և այդ թշնամիները երեք նախագահներն են։ Մեր կուսակցության  ներսում երեք նախագահների հանդեպ կար ընդգծված բացասական վերաբերմունք։ Կարծիքներ հնչեցին, որ այդ մարդկանց ներգրավումը բացարձակ սխալ է և, որ մենք կանգնել ենք ոճրագործ ուժերի կողքին, դավաճանել ենք «Ժառանգության» արժեքներին, քննարկումը շատ երկար է եղել, և ուզում եմ արձանագրել, որ չարենցյան այդ կարգախոսը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» արդիական է հենց այսօր։ Մենք միացել ենք այդ նախաձեռնությանը, որի հիմքում այն տեղեկատվական և խորհրդատվական հանդիպումներն էին, որոնք տեղի էին ունենում վարչապետի հետ, և հստակ էր, որ միայն իշխանությունը չի կարող պատասխանատվություն կրել կատարվածի համար, և հասարակական-քաղաքական դաշտը բացի լալահառաչ կոչերից պետք է առաջարկի ինչ-որ ճանապարհներ։ Եկեք ընդունենք, որ այդպիսի հարթակ արդեն ձևավորվել է, երեկ էլ տեղի ունեցավ արդեն երկրորդ հանդիպումը արտախորհրդարանական ուժերի հետ, մինչ այդ էլ տեղի էր ունեցել անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Այսինքն՝ այդ հարթակը, անկախ անվանումից ձևավորվել է, պարզապես, խնդիրն այն է, որ այն մարդիկ, ովքեր օպերատիվ կառավարման փորձ են ունեցել և ովքեր անցել են այս հակամարտության տարբեր փուլերով, ունեցել են իրենց տարբեր տեսակետները, պետք է նաև հիմա դիրքորոշում հայտնեն։ Նրանք, ովքեր գնահատում են նման առաջարկը վնասակար, չեն ուզում պատասխանատվություն վերցնել և ունեն միամիտ հույսեր, որ ամեն ինչ կարելի է բարդել իշխանության ուսերին։ Մեր կուսակցության նպատակը եղել է ձևավորել այդպիսի խորհրդատվական հարթակ, որն արդեն ձևավորված էր, բայց իմ համոզմամբ՝ թերի կազմով, թե ինչպես դա ընկալվեց, այլ հարց է, բայց դեպի միասնություն տանող ճանապարհը շատ բարդ է։

 —Թերի կազմ ասելով նկատի ունեք նախկին նախագահների բացակայությո՞ւնը։

 -Ոչ միայն նախագահներին, ես նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են ոչ միայն խորհրդատվական տեղեկություն ստանալ, այլ նաև դրանից հետո գործել։ Հարցը վերաբերում է և՛ պաշտպանության նախկին նախարարներին, և՛ արտաքին գործերի նախարարներին, և՛ վարչապետերին, որոնք հատկապես պատերազմական փորձ ունեն, որովհետև պատերազմի ժամանակ կառավարումը բոլորովին այլ բնույթ է կրում։ Եվ, այո՛, նաև այն նախագահներին, որոնք ունեին հարցի լուծման իրենց փաթեթները։ Հիշենք, որ 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը առաջ քաշեց իր հայտնի մոտեցումը, որը քննարկվեց, ես ինքս մասնակցել եմ այդ ասուլիսին, որից հետո հասարակության և տարբեր քաղաքական ուժերի ճնշմամբ տեղի ունեցավ նրա հրաժարականը։ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ ասելով, որ ինքը ներկայացրել է իր դիրքորոշումը։ Այսինքն՝ յուրաքանչյուրի դիրքորոշումը պետք է ներկայացվի և քննարկվի։ Պետք է հասկանանք, թե այս հարցը վերջնականապես ինչպես պետք է հանգուցալուծվի, և Արցախ-Հայաստան միասնությունը ինչպես է կայանալու։

 -Ի դեպ, ՀՀ առաջին նախագահն անդրադարձել է այդ հայտարարությանը։ Ինչպե՞ս կգնահատեք նրա արձագանքը։

-Ամենայն հարգանքով առաջին նախագահի նկատմամբ կարծում եմ, այդ գնահատականում այն էր ճիշտ, որի հետ համակարծիք եմ, որ սա քայլ էր մտահոգությունն արտահայտելու, այսինքն՝ ամբողջ ժողովուրդը հիմա մտահոգված է, և կուսակցությունների այս քայլը ծնված էր այդ մտահոգությունից։ Իհարկե, այնտեղ նկատելի էին նաև գնահատականներ կուսակցությունների վերաբերյալ, հիմա չեմ ուզում անդրադառնալ դրանց, որովհետև մեզ տարանջատող ամեն ինչ պետք է մոռանալ։ Դեպի միասնություն տանող այս ճանապարհին շատ գնահատելի էր ՀՅԴ ներկայացուցչի և առաջին նախագահի հանդիպումը՝ հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ հարաբերություններ են ունեցել ՀՅԴ-ն և առաջին նախագահը։ Այսօր բոլորի ասելիքը նշանակություն ունի, և անհրաժեշտ է, ի դեպ, ասեմ, որ վարչապետի հետ վերջին հանդիպումները ցույց տվեցին, որ գոնե տեղեկատվական և այլ առումներով, ինքն իսկապես հասկանում է, որ պետք է ապահովել հնարավորինս համագործակցության լայն դաշտ։ Առաջարկել միավորվել բնավ չի նշանակում կիսել բոլորի հայացքները։

-Այս հայտարարության վերաբերյալ կառավարության կողմից արձագանք կա՞, երեկ խոսվե՞լ է այս մասին։

-Առայժմ հստակ արձագանք չկա, բայց վարչապետի ներկայացրած տեղեկատվություններից, որոնք նաև գալիս էին Արցախից, նկատելի էր, որ խորհրդատվությունը նախկին պաշտոնյաների հետ, որոնք պատերազմական փորձ ունեն, համենայնդեպս Արցախում, կայացել է։ Վարչապետն այս մասին որոշ տեղեկություններ տվեց, բայց, քանի որ քննարկումը փակ էր, չեմ կարող մանրամասնել։ Ասեմ նաև, որ վարչապետի հետ առաջին հանդիպման ժամանակ ինքս եմ վարչապետին առաջարկել հանդիպման ձևաչափն ընդլայնել՝ վարչապետերի մասով եմ ես ասել, անկեղծ ասած, Փաշինյանը համաձայնեց, միայն նշեց, որ դա չպետք է շատ մեծ և լայն ձևաչափ լինի։

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ ըստ էության, փաստացի ձևավորված այդ հարթակը չկա, բայց հանդիպումները կայանում են, և կուսակցությունների այդ հայտարարությունն էլ ընդունելի է վարչապետի համար։

-Միանշանակ։ Իմ ընկալումն այնպիսին է, որ վարչապետը գիտակցել է դա, և այդ խորհրդատվական գործընթացը ծավալվել է։ Ասվածի ապացույցը ժամեր առաջ տեղի ունեցած հանդիպումն է՝ վարչապետի և Արցախի երկու նախկին նախագահների։ Այսինքն՝ կարևոր չէ դա կլինի շտաբ, թե մեկ այլ բան, կարևոր է, որ այս պահին բոլոր որոշումներն ընդունվեն համատեղ քննարկումների արդյունքում։ Խորհրդատվական ցանկացած հարթակ մեզ համար ընդունելի է, ցանկացած գաղափար պետք է հնչի, և պարտադիր չէ, որ դրա հետ համակարծիք լինես, այդ կարծիքը հնարավոր է ծնունդ տա մեկ այլ արդյունավետ գաղափարի, և վարչապետի այս վերջին քայլերը միտված են դրան։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Նախագահի ինստիտուտի ու խորհրդարանի միջոցով կարող ենք լուծել երկրում ստեղծված ճգնաժամը․ Նարինե Դիլբարյան

Նատա Հարությունյան

Հանրահավաք անող ուժերը դեռ 22 օր առաջ վարչապետից իմացել են 5+2-ի ու Արցախի շուրջ համաձայնության մասին, բայց լռել են

Սերինե

Համալսարանում լարված տրամադրություն է. դասախոսներից շատերը չգիտեն՝ ինչպես օգտվել օնլայն հարթակից

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին