25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Վարչապետի և ՀՀ նախկին նախագահների հանդիպումը ևս ցանկալի է․Պետրոսյանը՝ նախկին և ներկա պաշտոնյանների հանդիպումների մասին
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Վարչապետի և ՀՀ նախկին նախագահների հանդիպումը ևս ցանկալի է․Պետրոսյանը՝ նախկին և ներկա պաշտոնյանների հանդիպումների մասին

New Armenia.am- ի զրուցակիցն է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Երեկ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի հանրապետության նախկին նախագահների հանդիպումը, որից հետո Արցախի նախկին նախագահները հանդիպել են ՀՀ նախկին նախագահների հետ։ Ընդհանուր առմամբ այս հանդիպումներն ինչպե՞ս  կգնահատեք։

-Ցանկացած կոնսոլիդացիոն գործընթաց շատ դրական է, որը կենթադրի առանց խտրականության համագործակցություն բոլոր քաղաքական ուժերի հետ՝ հանուն պետական և ազգային անվտանգության, իսկ մնացածը ժամանակի հարց է։ Չնայած, հայտնի չէ՝ ինչ են քննարկել, բայց երևույթը թեպետ մի քիչ ավելի ուշացած էր, բայց տեղին էր և ողջունելի էր, և այստեղ անձերը որևէ նշանակություն չունեն այս տրամաբանության մեջ, խնդիրն այստեղ կոնսոլիդացիոն գործընթացն է, որը գնում է համագործակցության տրամաբանության վրա, այսինքն՝ մարդիկ պատրաստ են համագործակցության՝ մի կողմ դնելով ցանկացած տարաձայնություն հանուն ՀՀ-ի անվտանգության։

Նշեցիք, որ մի փոքր ուշացած էր հանդիպումը, այսինքն՝ պե՞տք էր պատերազմի հենց առաջին օրերին հանդիպել։

-Առաջին օրերից, երբ մենք սկսեցինք խոսել գոյաբանական վտանգների մասին, պետք էր գնալ ամբողջական համագործակցության, սակայն դա պետք չէ այս փուլում դիտարկել մեծ սխալ։ Ուղղակի կարծում եմ, որ դա շատ ավելի նպատակահարմար կլիներ ավելի վաղ փուլում անել։

-Հաշվի առնելով հարցի լուծման վերաբերյալ այս մարդկանց տարբեր մոտեցոումները՝ հնարավոր համարու՞մ եք, որ ընդհանուր հայտարարի կհանգեցնի այս հանդիպումների վերջնարդյունքը։

-Խնդիրն, ըստ էության, հիմա դա չէ, մեր առաջնային և գլխավոր խնդիրը պատկերացնելն է միջազգային հարթություն ասվածի մեջ դերակատարների շարժառիթները և ներգրավվածությունը։ Այս փուլում մեր գլխավոր խնդիրն է պատերազմից հաղթանակած դուրս գալն ու միջազգային մակարդակում այդ դասավորությունների հստակ պատկերացումն է։ Փաստացի կարող ենք ասել, որ  Եվրոպական միությունը և Ամերիկան՝ որպես Արևմուտքի գլխավոր դերակատարներ, ըստ էության շահագրգռված են հարցի՝ ի նպաստ Ադրբեջանի լուծմանը։ Բայց Հայաստանի Հանրապետությունը քանի դեռ ռազմավարական գործընկերության մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ, ՀՀ-ն Արևմուտքին այդքան էլ հետաքրքիր չէ և չի կարող ռազմավարական հեռանկար կապել Հայաստանի հետ, որովհետև Արևմուտքի վերջին հույսերը հօդս ցնդեցին 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը չփոխվեց։ Այսինքն՝ ըստ էության, Հայաստանն Արևմուտքին հետաքրքրում է այնքանով, որքանով նա օտարված կլինի Ռուսաստանից, բայց սա չպետք է դիտարկել՝ որպես ՌԴ-ի հետ Հայաստանի հպատակություն և այլն։ Ռուսաստանն իր հերթին փորձում է այս իրավիճակում այն պարագայում միջամտել խնդրին, որ դեպքում ինքն ավելի շատ քաղաքական շահ կունենա դրանից, այնուամենայնիվ, մեր հիմնական և գլխավոր բանալին՝ որպես գործուն միջոց, ըստ էության Ռուսաստանն է, որը երբևիցէ չի ենթադրում Հայաստանի Հանրապետության սուվերենության օտարում։

-Հնարավոր համարու՞մ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի  և ՀՀ երեք նախկին նախագահների հանդիպումը։

-Դժվարանում եմ ասել, բայց ես շատ կուզենայի որ այդ հանդիպումը լիներ, որովհետև անկախ ամեն ինչից, ինչքան էլ ինստիտուտները գործում են, այդ մարդիկ բանակցությունների տարբեր փուլերով, իրավիճակներով անցած մարդիկ են։ Անկախ տարաձայնություներից, անկախ ամեն ինչից՝ բավական դրական կգնահատեի այդ հանդիպումը, բացի դա, այդ հանդիպումն այս փուլում կլուծեր ամենակարևոր խնդիրը՝ քաղաքական կոնսոլիդացիայի խնդիրը։ Մենք իրավունք չունենք թիկունքում ունենալ ճեղքեր։ 1994 թվականի մեր պատերազմի հաղթանակի հիմքը եղել է այն, որ մեր թիկունքը եղել է խիստ ամուր՝ ի տարբերություն Ադրբեջանի, որի պարտության գլխավոր պատճառներից մեկը թիկունքի այդ պառակտումն էր։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին