-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116099.2 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » «Վիճակն անհույս չէ, պետք է ճիշտ ելք գտնել». «ՀԺ»
թերթերի տեսություն

«Վիճակն անհույս չէ, պետք է ճիշտ ելք գտնել». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Մինչ ՀՀ վարչապետն իրականացնում է կադրային փոփոխություններ՝ օրերս հրապարակած ճանապարհային քարտեզն իրագործելու համար, արդեն կարծիքներ են հնչում, որ նոր կադրերը մեծ սպասելիքներ չեն առաջացնում:

«Դրանք չեն ոգեւորում անձամբ ինձ: Այդ փոփոխություններով ոչինչ չի փոխվելու: Պետք է վարչապետին կից ինչ-որ մի խորհրդակցական կաբինետ ձեւավորվի: Այդ կաբինետը պետք է համալրվի ավելի ստեղծագործող, ավելի պատրաստված մարդկանցով, քան էսօր կան: Մենք պետք է իմանանաք՝ ովքեր են այդ մարդիկ, անհատները, որ մշակում են այդ ճանապարհային քարտեզը: Ի վերջո այդ հարցերը պետք է մշակվեն բանավեճերի արդյունքում»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ պատերազմից հետո նաեւ նոր բանակցող է պետք: Այդ առումով վստահ չէ, որ արտգործնախարար Արա Այվազյանը ճիշտ ընտրություն էր, չի ճանաչում նրան: Ինչ վերաբերում է անձամբ Փաշինյանին՝ Խաչատրյանը վստահ է՝ վարչապետն այս ընթացքում պետք է մի քանի քայլ իրականացնի, որից հետո հրաժարական տա, արտահերթ ընտրություններ նշանակի:

«Մինչ այդ պարտադիր պետք է սահմանադրական փոփոխությունները ավարտին հասցվեն: Ես մասնավորապես եկել եմ այն համոզման, որ խորհրդարանական կառավարման համակարգը մեզ համար վտանգավոր է, որովհետեւ դա ենթադրում է քաղաքական ուժերի իշխանություն, իսկ մենք չունենք կայացած քաղաքական ուժեր: Ուստի, պետք է հրաժարվել խորհրդարանական մոդելից: Բացի այդ, պետք է համաձայնության մթնոլորտ ձեւավորել»,- ընդգծեց Խաչատրյանը:

Վստահ է՝ առանց այդ մթնոլորտը ձեւավորելու հրաժարական տալու պարագայում ոչ միայն ընտրությունները արդար չեն լինի, այլեւ շատ արկածախնդիրներ կարող են օգտվել իրավիճակից եւ «վարի տալ այս երկիրը»:

Այդ առումով խոսելով Ազատության հրապարակում հավաքներ անցկացվող 16 ուժերի մասին՝ քաղաքագետը արձագանքեց. «Դրանք լուրջ չեն ինձ համար: Դրանք հեչ»:

Վիգեն Խաչատրյանը վստահ է՝ եթե նույնիսկ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հեռանա՝ կարող է շարունակել օգտակար լինել մեր երկրին.

«Թող Փաշինյանը ստանձնի հակակառուպցիոն պայքարի պատասխանատվությունը: Իսրայելում բազմաթիվ վարչապետներ կան, որ հետո նախարար են աշխատում: Պետք չի ամեն ղեկավարի քշել: Նա պետք է մնա եւ իր փորձը ծառայեցնի: Ինքը լուրջ տեղ կարող է գրավել քաղաքական համակարգում, շատ բան կարող է անել Հայաստանի համար»,- հավելեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ վիճակն անհույս չէ, պետք է ճիշտ ելք գտնել, իսկ դա հնարավոր է, եթե իշխանությունները ելքը միայն իրենց մեջ չփնտրեն:

«Բազմաթիվ փորձագետներ կան, վերլուծաբաններ կան, որոնք տարբեր առաջարկներ են շարադրում ու մնում է նրանց հարցադրումները անպատասխան: Այսինքն այդ նեղկուսակցական ինքնամեկուսացված վիճակից վարչապետը պարտավոր է դուրս գալ. Լսել կարծիքներ»,- շարունակեց Խաչատրյանը:

Վերջում նա հավելեց, որ իր վերը թվարկած խնդիրների պատճառն ամենեւին էլ պատերազմը չէ: «Էդ պատերազմի անհաջողությունը 25 տարի է եփվում էր, դա Նիկոլ Փաշինյանի մեղքը չի: Նիկոլ Փաշինյանի մեղքն այն է, որ ինքը չհասկացավ, թե ինչ խայտառակ վիճակ է լինելու, խուսափեր պատերազմից: Բոլորս համոզված էինք, որ բանակը ունակ է հակահարված տալու, մեզ խաբել են փաստորեն: Վարչապետը դա պետք է իմանար եւ խուսափեր արկածախնդրությունից»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:

Ի տարբերություն նրա՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ վարչապետը պետք է շարունակի պաշտոնավարել:

Իսկ այն փոփոխությունները, որոնք կատարվում են կառավարությունում, պատգամավորի համոզմամբ անհրաժեշտ են ներկա պահին, եւ դրանք պետք է իրականացվեն օր առաջ: Ընդունելով, որ ամեն ինչի թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է՝ Խաչատրյանը երեկ լրագրողների հետ զրույցում ընդգծեց. «Այո, թիվ մեկ պատասխանատուն ինքն է, սակայն կա կառավարություն եւ եթե այդ տրամաբանությամբ  մենք գործենք, որ կա մեկ պատասխանատու, ապա չի լինի ոչ կատավարություն, ոչ նախարարներ մի հոգու կնշանակեն ու բոլոր ոլորտները կսպասարկի: Ոլորտային պատասխանատուները նախարարներն են, գերատեսչությունների ղեկավարներն են: Նրանցից շատ բան է կախված»,-ասաց Արմեն Խաչատրյանը:

Որպես պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ նա չթաքցրեց, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը քննարկվել եւ հավանության է առաջացել հանձնաժողովում:

Հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ խմբակցությունը պայման է դրել վարչապետի առաջ, որ պետք է գլխադասային հանձնաժողովները որոշեն իրենց ոլորտում ովքեր լինեն նախարարները՝ Խաչատրյանը պատասխանեց. «Որեւէ պայման չի կարող դրվել վարչապետի առջեւ, դա պայման չէ: Ուղղակի աշխատանքները ճիշտ կազմակերպելու, կադրերի ճիշտ ընտրության հարցում վարչապետին օգնելու համար, քանի որ ԱԺ-ն ունի վերահսկողական լիազորություններ, գլխադասային հանձնաժողովները բնականաբար իրենց դերակատարումը պետք է ունենան եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնեն»: Պատգամավորը ընդգծեց՝ թեեւ առաջարկը եղել է հանձնաժողովից, բայց ընտրությունը վարչապետինն է եղել:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին