Գլխավոր » «Վիտալի Բալասանյանի ասածների մեջ հանցավոր դրսևորումներ չկան». Պարույր Հայրիկյան
Քաղաքականություն

«Վիտալի Բալասանյանի ասածների մեջ հանցավոր դրսևորումներ չկան». Պարույր Հայրիկյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ծիծաղելի է, երբ ինչ-որ մարդիկ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններն ազգային անվտանգության սպառնալիք են համարում։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն` ավելացնելով նաև, որ խոսքի նկատմամբ ուշադիր է, և այդ պատճառով բռնությունն զսպելու` Բալասանյանի կոչերը հակված չի համարել բռնություն կիրառելու կոչ։ «Որքան ես եմ նկատել, իսկ ես հպանցիկ եմ նայել, այնտեղ Բալասանյանն արտահայտում է մտահոգություն բռնությունների կիրառման և դրանց դեմ պայքարելու պատրաստակամության մասին։ Ճիշտ է, որ արտահայտված ոչ բոլոր մտքերի հետ եմ համաձայն հատկապես ազգային միասնականության վերաբերյալ։ Նաև համաձայն չեմ ռազմավարական գնահատականների հետ»,- նշեց պարոն Հայրիկյանը։

Ըստ նրա` պետք է լինի կարծիքների բազմազանություն և այդ տեսանկյունից է նա դիտարկում նաև Վիտալի Բալասանյանի հայտարարությունները. «Բնության մահն այնտեղ է, որտեղ կա միատեսակություն։ Օրինակ` անապատում մահ է, քանի որ լրիվ ավազ է»։ 

Պ․ Հայրիկյանի համար տարօրինակ են այն տեսակետները, երբ ասում են, թե Վիտալի Բալասանյանը պետք է պատասխան տա իր այդ հայտարարությունների համար։ Ըստ նրա` այսօր շատերն են քննադատում Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությունը, սակայն դա չի նշանակում, որ բոլորին պատասխանատվության պետք է ենթարկեն։ «Վիտալի Բալասանյանի ասածների մեջ հանցավոր դրսևորումները չկան։ Ես կասեի` Նիկոլ Փաշինյանի շատ ասածների մեջ կան հանցավորության տարրեր. օրինակ, երբ նա ասում էր` գնացեք, շրջափակեք դատարանները։ Այնպես որ եկեք անաչառ լինենք. Նիկոլ Փաշինյանի շատ քայլեր հավանում եմ, սակայն նա կարևորագույն հարցերում իրեն սխալ է պահել»,- ընդգծեց նա։

ԱԻՄ-ը վաղը նախագահության ժողով է ունենալու և այդ ժամանակ, եթե որևէ առաջարկ լինի` այս և ազգային անվտանգությանը, պետականությանը վերաբերող, ապա, Պարույր Հայրիկյանի խոսքով, իրենք համապատասխան հայտարարությամբ հանդես կգան։

Նշենք, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը վերջին իր հարցազրույցի ժամանակ հետևյալ մտքերն էր ասել. «Նիկոլը ու «Սասնա Ծռերը» 1 ահաբեկչական խմբավորում են», «Բոլորին ֆիզիկապես ոչնչացնելու ենք»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին