28 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99667.2 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » «Վլադիմիր Գասպարյանն ու նրա ենթակաները պետք է պատասխան տան 2016-ին Խորենացիում ու Սարի թաղում վայրագության համար»
Գլխավոր Նորություններ

«Վլադիմիր Գասպարյանն ու նրա ենթակաները պետք է պատասխան տան 2016-ին Խորենացիում ու Սարի թաղում վայրագության համար»

Մինչ հանրությունը քննարկում է 2016-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների համար մեղադրող դատախազի պահանջած բարձր պատժաչափերը՝ (9 տարուց մինչև ցմահ ազատազրկում), այդ օրերին Խորենացի փողոցում ու Սարի թաղում ապստամբներին աջակցող ու բողոքի ելած քաղաքացիների հանդեպ ոստիկանության վայրագ գործողությունների համար դեռ ոչ ոք պատասխան չի տվել: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետն այդ ժամանակ նույն Վլադիմիր Գասպարյանն էր, որն այսօր սպառնում է լրագրողներին՝ Սևանի իր դղյակը տեսանկարելու համար: 

Ավելին՝ ի զարմանս շատերի, թե՛ «Սարի թաղի», թե՛ այդ ժամանակ տուժած բազմաթիվ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերով քրգործերը ՀՔԾ-ում կարճվեցին Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018-ի աշնանը: 

2016-ի հուլիսի 29-ին ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցը ցրելու ժամանակ դաժան ծեծի էին ենթարկվել ու ոստիկանների կիրառած լուսաձայնային նռնակներից այրվածքներ էին ստացել բազմաթիվ քաղաքացիներ ու լրագրողներ: 47 անձ ստացել էր բեկորային վնասվածքներ, 36-ը ենթարկվել էր ֆիզիկական բռնության, 5-ի մոտ հայտնաբերվել էին այրվածքներ: Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների պատճառով 16-ամյա մեկ պատանի կորցրել էր աչքը:

Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով ընդհանուր առմամբ բավական լուրջ տուժել էր 99 քաղաքացի, որոնցից 23-ը՝ լրագրողներ: Լրագրողներից 19-ը ճանաչվել էին տուժող, 2-ը հարցաքննվել են որպես վկա։

Ընդ որում՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող Սարի թաղի դեպքերի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել էր «որպես մեղադրյալ ներգրավող անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ։ Այդ մասին ՀՔԾ-ն տեղեկացրել էր գործով տուժողներին՝ միևնույն ժամանակ վստահեցնելով, որ շարունակվում են դեպքերի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հանցանք կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և քննությանը ներկայացնելուն ուղղված անհրաժեշտ քննչական գործողությունները։

Մամուլի և ականատեսների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիների նկատմամբ բռնությունները կիրառել էին քաղաքացիական հագուստով ոստիկանները կամ ոստիկանության հովոնավորությամբ գործող անձինք: Այնուամենայնիվ, վարույթն իրականացնող մարմինը շուրջ երկու տարի չկարողացավ բացահայտել հանցանք կատարած անձանց ինքնությունը:

Անցյալ տարվա սկզբին մեղադրանք առաջադրվեց այդ ժամանակվա փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին՝ այն բանի համար, որ նա 2016-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի թաղում ու Խորենացու փողոցում հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Ակնհայտ է, որ Լևոն Երանոսյանը գործել է Վլադիմիր Գասպարյանի ուղղակի ուղղորդմամբ, սակայն վերջինս որպես մեղադրյալ ներգրավված չէ: Լևոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը անձամբ էր լրագրողների ու ցուցարարների ուղղությամբ նռնակ նետում, սակայն նա ևս գործում չկա: 

Գործն այժմ դատաքննության փուլում է, գործով 20-ից ավելի տուժողներ են ներգրավվել: Լևոն Երանոսյանին կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում, սակայն դեռ դատավճիռ չկա ու Երանոսյանը ազատության մեջ է: 

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը, որը 2016-ի ցույցերի ժամանակ 24 օրով կալանավորվել է որպես ցույցի մասնակից, ոչ համաչափ է համարում խաղաղ քաղաքացիների ու լրագրողների հանդեպ ոստիկանական վայրագ գործողություններն անպատասախան թողնելն ու «Սասնա ծռերի» համար մեղադրող կողմի պահանջած պատժաչափերը: 

«Հեղափոխությունից հետո այդ գործերը պետք է քննվեին, մեղավոր ոստիկանապետերը՝ պատժվեին, բայց հակառակը եղավ, այդ գործերը կարճվեցին: Մինչդեռ այդ աժամանակ հրահանգների ներքո քաղաքացիական հագուստով անձինք դեղերի ազդեցության տակ երկաթյա ձողերով հարձակվեցին ժողովրդի վրա»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Խուրշուդյանը՝ հավելելով. «Թե Վլադիմիր Գասպարյանը, Թե իր ենթակաները պետք է պատասխան տան 2016-ի վայրագությունների համար: Հենց ինքն էր ոստիկանապետը և ինքն էր հրահանգներ տալիս: Մարդիկ վիրավորվել էին, արյունահոսում էին, ծեծի էին ենթարկվել, ու էդ ամեն ինչը որևէ հետևանք չունի»: 

Խուրշուդյանի խոսքով՝ ոստիկանությունն ինքը պետք է շահագրգռված լիներ մաքրվել այն անձանցից, որոնք կարող են խաղաղ ցուցարարներին այդ կարգի բռնության ենթարկել: 

«Լրագրողների դեմ քրգործն էլ <<ջրվեց>>, մինչդեռ ակնհայտ էր, որ ոստիկանությունը նպատակային հետապնդել ու ծեծի էր ենթարկել բռնությունը նկարահանող լրագրողներին: Դրանից հետո ընդամենը Սերժ Սարգսյանն ասեց՝ կներեք, եկեք էս էջը փակենք ու դրանով ամեն ինչ ավարտվեց»,-հիշեցրեց Խուրշուդյանը: 

Ուստի, ըստ նրա, ոչ համաչափ մոտեցում է կիրառվում Սասնա ծռերի հանդեպ: «Ապստամբությունը տեղի է ունենում որոշակի պատճառներով: Եթե մենք ընդունում ենք, որ նախորդ իշխանությունը բռնազավթել էր իշխանությունը, ուրեմն նրանց դեմ պայքարը՝ այդ թվում՝ զինված, իրավունք է, որը միջազգայնորեն է նաև ճանաչված»,-նշեց նա՝ հավելելով. «Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ քննարկելու է քաղաքական գնահատական տալու հարցը: Եթե քաղաքական գնահատական տրվեր ռեժմին, նրանք կճանաչվեին որպես ռեժիմի զոհ, ինչպես ոստիկանները, որոնք սպանելու մտադրություն չեն ունեցել: Իսկ զոհված 3-րդ ոստիկանի մահը մինչև հիմա կասկածելի է, քանի որ մինչև հիմա հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է Տեփանոսյանը մահացել»:  

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայկական բանակի վերստեղծման 28-րդ տարեդարձի առթիվ․ Սասնա Ծռեր

Աշխեն

Ոստիկանությունը բռնության է ենթարկել Սասնա Ծուռ Սեդրակ Նազարյանին

Diana Amirkhanyan

Ստեղծել ազգային-ժողովրդավարական բևեռ և ավարտին հասցնել հեղափոխությունը

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին