8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Վրաստանի նախարարի այցը հույժ կարևոր էր. «Ժամանակ»
թերթերի տեսություն

Վրաստանի նախարարի այցը հույժ կարևոր էր. «Ժամանակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժամանակ» թերթը գրում է.

Ռուս-թուրքական բախումնային իրողության ֆոնին որոշակի ստվերում մնաց Հայաստան Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը, որի ընթացքում վրաց նախարարը հանդիպում ունեցավ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ: Խոսել հայ-վրացական հարաբերության կարևորության մասին, այդ թվում՝ ռազմա-քաղաքական, անվտանգային ասպեկտում, կնշանակի, թերևս, գրեթե ոչինչ չխոսել: Այդ գործակցությունը ունի բացառիկ նշանակություն երկու կողմի համար, թեև կան մի շարք հանգամանքներ, որոնք Հայաստանն ու Վրաստանը դնում են տարբեր, հաճախ հակոտնյա հարթությունների վրա:

Այդուհանդերձ, այդ հանգամանքն ինքնին առավել արժևորում է երկու երկրների սերտ գործակցությունը: Եվ իր հերթին, այդ ամենով հանդերձ էլ, Վրաստանի նախարարի այցը հույժ կարևոր էր նաև հենց ռուս-թուրքական ներկայիս թեժ, լարված իրադրության ֆոնին: Վրաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում հայտարարեց, որ ուրախությամբ արձանագրում է ընթացիկ տարում Վրաստանում ՆԱՏՕ զորավարժությանը Հայաստանի մասնակցության մասին որոշումը: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության, գործակցության կարևորությունն իր հերթին, թերևս, չունի ավելորդ խոսքերի անհրաժեշտություն: Եվ առավել ևս բարդ իրադրության պայմաններում:

Ռուս-թուրքական բախման համատեքստում Հայաստանի համար հույժ կարևոր է ձևավորել անվտանգության հնարավորինս բազմաֆունկցիոնալ միջավայր: Իսկ այդտեղ՝ Ռուսաստանի հետ սերտ դաշնակցության, ՀԱՊԿ մեխանիզմի ֆոնին, անկասկած, չափազանց կարևոր է ՆԱՏՕ ուղղությունը: Առավել ևս հաշվի առնելով հանգամանքը, որ Թուրքիան դիմել է ՆԱՏՕ աջակցությանը՝ ՌԴ-ի դեմ պայքարում: Եվ այդ համատեքստում Հայաստանի համար առավել քան կարևոր է, այսպես ասած, ավանդական ռազմա-քաղաքական անվտանգային ուղղությանը՝ Ռուսաստանին զուգահեռ, ոչ պակաս սերտորեն աշխատել ՆԱՏՕ-ի հետ, թուրքական որևէ «սեպարատ» անակնկալ չունենալու համար, անգամ եթե Անկարայի համար դրա նպատակը կլինի Ռուսաստանին միջնորդավորված թիրախավորելը: Վրաստանի պաշտպանության նախարարի այցն այդ իմաստով կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն երկկողմ, ռեգիոնալ հարցերի, այլ նաև հենց կոնկրետ իրադրության իմաստով, քանի որ Թբիլիսին Եվրաատլանտյան դաշինքի հետ իր սերտ հարաբերությամբ Հայաստանի համար մշտապես եղել է հաղորդակցության խողովակներից մեկը, որից Երևանը անկասկած օգտվում է Վրաստանի նախարարի այցի պայմաններում:

 Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին