14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Վրաստան․ խոստումնալից համաձայնություն
Գլխավոր Նորություններ

Վրաստան․ խոստումնալից համաձայնություն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մի քանի շաբաթ տևող բանակցություններից հետո Վրաստանի ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներն այսօր պայմանավորվեցին առաջիկա հոկտեմբերին խառը համակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Ընդդիմությունն ու իշխանությունը կիրակի բանակցություններ են վարել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի նստավայրում՝ դեսպան Քելլի Դեգնանի ներկայությամբ: Հանդիպման ավարտին բոլոր մասնակից կողմերը հուշագիր են ստորագրել, որը պարտավորեցնում է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությանը Սահմանադրության համապատասխան փոփոխություններ նախաձեռնել խորհրդարանում: Պայմանավորվածությամբ ենթադրվում է կուսակցությունների համար 1 տոկոսային անցումային շեմի սահմանում ընտրությունների ժամանակ, ինչպես նաև ընրակարգի փոփոխություն․ 150 պատգամավորներից 120-ն ընտրվելու են  կուսակցական ցուցակներով, իսկ 30-ը ՝ մեծամասնական (գործող սահմանադրական կարգի համաձայն՝ 150 պատգամավորից 77-ն ընտրվում են կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ մեծամասնական):

Ընտրակարգի վերաբերյալ ընդդիմության և իշխանության միջև ընթացող ակտիվ բանակցային գործընթացը դադարեցվեց փետրվարի 10-ին, երբ Վրաստանի Գերագույն դատարանը նույն արարքի համար երկրորդ անգամ ազատազրկման դատապարտեց ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավային։ Դրանից հետո հանդիպումներն, ընդդիմության մեկնաբանություններով, ընթանում էին ոչ պաշտոնական ֆորմատով։

Վրաստանի իշխանությունն, առաջին անգամ վերջին 15 տարվա ընթացքում, հայտնվեց միջազգային հանրության բավականին նշանակալի ճնշման տակ։ Իրար հաջորդող հայտարարություններ էին անում ԱՄՆ կոնգրեսականները, հրապարակային դաշտ էին դուրս եկել սովորաբար կուլիսների հետևում գործող Վրաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։ Հայտարարված նպատակը մեկն էր՝ նպաստել Վրաստանում աճող լարվածության լիցքաթափմանը և դրա միակ ճանապարհն՝ ընդդիմության և իշխանության միջև համաձայնությունն էր։

2011 թվականից ի վեր, երբ խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ տարի առաջ քաղաքական ասպարեզ մուտք գործած Բիձինա Իվանիշվիլին միավորեց ընդդիմադիր հիմնական ուժերին, առաջին անգամ ընդդիմությունը հանդես է գալիս միասնական դիրքորոշումով, ինչը և նպաստեց նշանակալի զիջումներին իշխանության կողմից։ Իշխանության դիրքերը հատկապես թուլացան այն բանից հետո, երբ Վրացական երազանքը հրաժարվեց անցած տարվա հունիսին տրված քաղաքական խոստումից՝ ընտրակարգը 100 տոկոսով համամասնական դարձնելու վերաբերյալ։ Ընդդիմությունը կարողացավ հասնել այն բանին, որ իշխանության այս քայլը հայտնի դարձավ Վրաստանի գրեթե բոլոր քաղաքացիներին․ թեև հարցն, առաջին հայացքից տեխնիկական բնույթ ուներ, բայց ընդդիմության բարձրացրած աղմուկն այնքան մեծ էր, որ Վրաստանի գրեթե ողջ բնակչությունը քաջատեղյակ էր, որ Վրացական երազանքը դրժել էր խոստումը։ Նման պայմաններում ըննդիմությունն, աստիճանաբար կոշտացնելով պահանջները, հասավ նրան, որ Իվանիշվիլիի գլխավորած կուսակցությունը տեղի տվեց ։

Համաձայնությունը միանշանակ կարելի է համարել ընդդիմության հաղթանակ՝ ձեռք բերված համաձայնության արդյունքում այսօր գոյություն ունեցող 73 ընտրատարածքներն ավելի քան 2 անգամ պետք է խոշորանան․ այսինքն նախկինում ընտրված պատգամավորները (ինչպես նաև բոլոր թեկնածուները) իրենց քարոզչությունն իրականացնելու են ոչ թե իրենց համար հարմար/ծանոթ շրջանում, այլ այսօր անեն երկու անգամ ավելի խոշոր ընտրատարածքում։ Հասկանալի է, որ նման պայմաններում մեծամասնական պատգամավորների համար վերընտրվելու հնարավորությունները կտրուկ նվազում են։ Զուգահեռ, կտրուկ ավելանում է մրցապայքարի քաղաքականացման հնարավորությունները։

Նկատենք, որ առանձնահատուկ բարդություն կառաջանա հայ թեկնածուների համար՝ մեծամասնականով ընտրված նախկինում Սաակաշվիլիի աջակցությունը վայելող, ապա Վրացական երազանքի հովանավորը դարձած Հենզել Մկոյանի համար շատ ավելի դժվար կլինի պայքար վարել Նինոծմինդա և Ախալքալակից բացի՝ գերազանցապես վրացիներով բնակեցված Ադիգենիի շրջանում, գուցե նաև եւս մեկ շրջանում։ Վստահաբար, առաջատար կուսակցությունների ցուցակներում կլինեն հայ պատգամավորի թեկնածուներ, նաև այս առումով բավականին հետաքրքիր ընտրապայքար է սպասվում։

Վրացական երազանքն էլ իր հերթին կարող է մի փոքր շունչ քաշել, քանի որ ընդդիմություն-իշխանություն համձայնությամբ զգալիորեն լիցքաթափվում է իրավիճակը։ Այն նաև լավ հնարավորություն է ընձեռում իշխանությանն՝ առաջիկա շաբաթների ընթացքում ըննդիմության տարբեր հատվածների հետ աշխատանք վարելու և այսօր առկա միասնությունը թուլացնելու ուղղությամբ։ Վստահաբար կլինենք նման, շատ դեպքերում հաջողված, փորձերի ականատեսն առաջիկայում։ Ընդդիմությունն էլ, բանականաբար, որդեգրելու է այնպիսի մարտավարություն, որը թույլ կտա պահպանել առկա քաղաքական լարվածությունը։ Մի բան ակնհայտ է՝ լինելու է շատ թեժ ընտրապայքար, որի սկիզբը արդեն տրված է։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին