7 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116771.2 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո իրատեսական չէ ակնկալել, որ մոտակա տարիներին բանակցություններ կլինեն․ Դ․ Բաբայան
Այլ Լուրեր

Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո իրատեսական չէ ակնկալել, որ մոտակա տարիներին բանակցություններ կլինեն․ Դ․ Բաբայան

NewArmenia.am-ը զրուցել է Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանի հետ։

-Պարո՛ն Բաբայան, արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել ՀՀ-ի սահմանին՝ Տավուշի ուղղությամբ։ Ինչո՞ւ այս անգամ Ադրբեջանն այս կողմից հարձակվեց, ի՞նչ նպատակ է հետապնդում։

— Պետք է մի բան փաստենք՝ Ադրբեջանը չի տարբերում Տավուշի հատված, Նախիջեւանի կամ Արցախի հատված, քանի որ նրա համար սա մեկ ընդհանուր ճակատ է։ Ամեն անգամ դիմելով տարբեր պրովոկացիաների ու արկածախնդրության՝ նրանք հաշվարկներ են անում, իսկ այս անգամ հատուկ են գործողություններ արել ՀՀ սահմանագծին, որովհետև այստեղ անմիջականորեն ընդգրկված է նաև Թուրքիան։ Թուրքիան վարում է շատ ագրեսիվ ու հարձակողական քաղաքականություն, օրինակ, վերջերս էլ Սուրբ Սոֆիան որպես մզիկիթ վերագործարկեց և այլն, այս ամենը արշավանք է՝ քաղաքական ջիհադ։ Թիրախների մեջ, բնական է, որ նաև հայությունն է, ինչպես նաև ուղղափառ աշխարհը, քանի որ, այո, Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ժառանգություն է, բայց այդ քաղաքակրթության ժառանգորդներ են հույները, ռուսները և հայությունը, որովհետև հայերը հույների հետ մեկտեղ եղել են Բյուզանդիայի պետական տարրերից կարևորագույնները։ Հիմա միասնական երկու երբայրներով՝ թուրքադրբեջանական տանդեմով, հարվածում են բյուզանդական ժառանգության մյուս տարրերին՝ ՀՀ-ին ու ՌԴ-ին։ Սկսել են այստեղ, որովհետև հատուկ հաշվի են առնել, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է։ Փաստորեն՝ մոծակի խայթոց է, բայց, միևնույն է, այս հանգամանքը հաշվի առնվել է։

Ադրբեջանի ներքին խնդիրները, ընդդիմադիրների պայքարն իշխանության դեմ կարո՞ղ էին լինել հանգամանքներից մեկը՝ ուշադրությունը թշնամու վրա շեղելու տեսանկյունից։

-Այո, հանգամանքներից մեկն էլ Ադրբեջանի ներքին խնդիրներ են։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ներքաղաքական պայքար է, նոր որակ է հաղորդվել այդ պայքարին, ալիևյան կլանը ջարդում է իրեն ընդդիմացած պետական տարբեր կառույցների կադրային ներուժը։ Սա, կարծում եմ, որ նոր իրավիճակ է ստեղծելու, իսկ իրենց ընդդիմությունը համալրվելու է պետական կառույցներից դուրս եկած մարդկանցով։ Դրա համար պետք է վհուկների որս հայտարարել՝ սկսելով թե՛ արտաքին թշնամու կերպարը սերմացնել, թե՛ այս ամենն օգտագործել ներքին հաշվեհարդարի համար։ Օրինակ՝ տեսանք, որ Ադրբեջանում կազմակերպված հանրահավաքը սկսեց ազգայնամոլական կոչերով, բայց վերածվեց հակաիշխանական ցույցի։ Այո, ցույցերը կազմակերպված էր իշխանությունների կողմից, որպեսզի առաջինը հարված հասցնեն, բայց ալիևյան կլանն ամեն ինչ անելու է, որ ընդդիմությանը վերացնի։ Նրանք ուզում են ասել՝ տեսեք, հայերը հարձակվում են, իսկ սրանք իշխանության աթոռի համար կռիվ են անում։ Հիմա այնտեղ մենք մի նոր ալիք ենք տեսնում՝ հայկական արյուն ունեցող ղեկավարներ են փնտրում և այլ։ Սա բազմաշերտ իրավիճակ է ու մի շարք գործոնների հետևանք է այն, ինչ տեղի է ունենում Տավուշում։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ ընդգծելով, որ կողմերը վերադառնան բանակցային սեղան։ Որքանո՞վ է հնարավոր սկսել բանակցությունները ԱՄՆ հովանու ներքո, կողմերը պատրա՞ստ են բանակցությունների։

-Մենք ողջունում ենք նման հորդորները բոլորի կողմից, քանի որ նման հորդորներ հնչեցին նաև Ֆրանսիայից ու ՌԴ-ից, այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկների կողմից։ Բայց մի բան պետք է հստակ ու պարզ հասկանալ, որ Ադրբեջանի՝ Տավուշի ուղղությամբ ագրեսիայից հետո առնվազն մի քանի տարի քննարկման միակ հնարավոր ուղղությունը լինելու է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը։ Սրանից հետո՝ մոտակա տարիներին, այլ բանակցություն ակնկալելը պարզապես անիրատեսական է։

Իսկ այս ագրեսիան հետևա՞նք չէ նրա, որ վերջին տարիներին կողմերի մեջ ռեալ ու առարկայական բանակցություններ չկային։

Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունն ունի երկու խնդիր՝ կարգավիճակի ու սահմանների։ Այս երկու առարկայական հարցերն են, իսկ այս երկու ուղղություններով էլ կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ, ինչը հասկանում են նաև միջնորդները, հետևաբար, պետք է պահպանեն ստատուս քվոն, խաղաղությունն ու կայնություն, այլ բան միջնորդները չեն կարող անել։ Այս բոլոր տարիների ընթացքում սա է եղել ուղղություն, սակայն էլի քիչ չէ, չպետք է սա թերագնահատենք, քանի որ միակ հնարավորությունը սա է։ Իրատեսական չէ ակնկալել այլ հարցերի քննարկում նման ագրեսիայից հետո, ապրիլյան պատերազմից հետո երկար տարիներ որևէ քննարկում չի եղել, 4-5 տարին մեկ Ադբեջանը դիմում է ագրեսիայի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց իր իսկ ԱԳ նախարար Էլմար Մահմեդյարովին Արցախի բանակցությունները տապալելու մեջ, խաղաղասիրության ու հայերի հետ բանակցելու։

Սա Մահմեդյարովի խնդիրը չէ, քանի որ բոլորի համար պարզ է, որ ԱԳ նախարարը չի որոշում արտաքին քաղաքականության ուղղությունը, այլ որոշում է երկրի ղեկավարը։ Ադրբեջանի պարագայում էլ որոշում է Իլհամ Ալիևն ու իր նեղ շրջանակը, իսկ Մահմեդյարովն այդ նեղ շրջանակից էր, բայց ոչ որոշիչ ձայնով։ Այո, նա կարող էր որպես կադրային դիվանագետ իր կարծիքն ասել ու խորհուրդներ տալ, ինչը բնական է, բայց ուղղությունն ինքը չի որոշում։ Այս պահի դրությամբ Մահմեդյարովի նկատմամբ նման որոշումը ոչ այլ ինչ է, քան ներքաքաղաքական պայքարի դրսևորում։ Չի բացառվում, որ Մահմեդյարովը լինի այլ հոսանքների կողմնակից, չի բացառվում, որ նա դեմ է իշխանությունը Մեհրիբանին հանձնել և այլն։ Սա պետք է լավ ուսումանսիրել ու խորն իմանալ՝ գիտակցելով, որ սա ներքաղաքական պայքար է։ Մահմեդյարովը երբեք աչքի չի ընկել կառուցողական դիրքորոշմամբ, նրա հռետորաբանությունը որևէ ձև չէր տարբերվում Իլհամ Ալիևի հռետորաբանությունից։

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի ժողովուրդը հոգնել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ անիմաստ բանակցություններից, և միջնորդները պետք է դա հասկանան, զուգահեռ փոխեց ԱԳ նախարարին։ Այսինքն՝ նա կրկին հրաժարվո՞ւմ է բանակցություններից ու դիրքորոշումն ավելի է կոշտացնելո՞ւ։

-Իհարկե, այդպես է լինելու, ավելին՝ միշտ էլ այդպես է եղել, այսինքն՝ նրանք իրենց կոշտ դիրքորոշումից երբեք չեն հրաժարվել։ Բայց մենք պետք է հասկանանք, որ բանակցային գործընթացն ունի երկու ուղղություն, որոնք փոխկապակցված են, բայց նաև տարբեր են։ 1-ինը խնդրի վերջնական կարգավորումն է, որտեղ տեսանելի ապագայում որևէ առաջընթաց դժվար գրանցվի, իսկ 2-րդ տարածաշրջանում խաղաղության ու կայնության ապահովումն է, և այս 2-րդի վրա է ուղղված բոլոր ջանքերը։

Այսինքն՝ սպասենք, որ կշարունակվի ռազմական էսկալացիան։

-Կարծում եմ՝ էսկալացիան շուտով կվեջանա, որովհետև այնքան էլ հեշտ չէ լայնամասշտաբ պատերազմ սկսել մեր տարածաշրջանում։ Սա կախված չէ միայն Ադրբեջանի քմահաճույքից, այլ տարբեր գերտերությունների, տարածաշրջանային խաղացողների շահերին է առնչվում։ Եթե պատերազմ սկսվի, ապա կլինի ոչ միայն ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ, այլև կլինի մարտահրավեր գլոբալ խաղացողների շահերին։ Ունի՞ այդ հնարավորությունն Ադրբեջանը, ոչ։ Իհարկե, չենք կարող բացառել լայնածավալ պատերազմը, սակայն պետք է տեսնենք, թե երբ է հնարավոր, երբ կլինի համապատասխան պայմաններ։ 1-ին պայմանն այն է, որ պետք է լինի աշխարհաքաղաքական վաակում, որը եղավ խորհրդային միության փլուզումից հետո, քանի որ այդ ժամանակ գերտությունները զբաղված էին այլ գործերով։ 2-րդ պայմանն այն է, որ մենք պետք է վարենք այնպիսի սխալ աշխարհաքաղաքականություն, որը արդեն մեր քաղաքականությամբ բախվենք այլ ուժային կենտրոնների հետ։ Այս ժամանակ պատերազմ կարող է լինել, բայց կլինի ոչ այնքան Ադրբեջանի, որքան այլ ուժային կենտրոնների հետ, որոնք Ադրբեջանի միջոցով կարող են փորձել այստեղ լուծել։ Սակայն նման պատկեր չկա, մենք վարում ենք լավ աշխարհաքաղաքականություն ու այսպես բալանասավորված էլ պետք է շարունակենք։ Մեծ պատերազմի 3-րդ պայմանն էլ այն է, որ հայկական կողմը պետք է լինի այնքան թույլ, տկար ու անհամախմված, որ Ադրբեջանը փորձի բլից-կրիգ միջոցով շատ կարճ ժամակահատվածում փաստի առաջ կանգնեցնի բոլորին, սակայն սա էլ չկա, քանի որ բանակը կանգնած է, ուժեղ է։ Մնում է 4-րդ տարբեակը, որ Ադրբեջանն ունենա չափազանց անհավասարակշռված ղեկավարություն ու հարձակում գործի։ Չեմ կարծում, որ հիմա Ադրբեջանում անհավասարակշռված ղեկավարություն կա։ Այո, դաժան են, ահաբեկիչներ են, հայատյաց են, կոռումպացված են, բայց անհավասարակշռված չեն, հետևաբար, պատերազմի հավանականությունը քիչ է։

2016 թ․-ի Ապրիլյան պատերազմից հետո հայկական բանակը դասեր քաղե՞լ է, հիմա չկրկնվեցին Ապրիլյան պատերազմի ժամանակ թույլ տրված սխալները։

-Յուրաքանչյուր բախում, պատերազմ, իհարկե, իր դասերն է թողնում, որոնցից պետք է սովորել՝ լավ ու վատ իմաստով։ Սակայն յուրաքանչյուր նոր ժամանակահատված իր հետ նոր մարտահրավերներ է առաջ բերում։ Կարծում եմ՝ ցանկացած բանակ այս ամենը պետք է հաշվի առնի ու մենք հաշվի ենք առել։ Գիտեք, որ Արցախում 2016 թ․-ի ապրիլից հետո ու մինչ օրս արդիականացվում է առաջնագիծը և այլն, իսկ այս գործընթացը շարունակական է թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում։ Այն, որ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական արկածախնդրությունը տապալվեց, նրանք բազմաթիվ զոհեր տվեցին, վկայում է, որ ՀՀ ԶՈւ մարտունակությունը պատշաճ մակարդակի վրա է:

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Հակասություն չկա. Դավիթ Բաբայանը՝ Շուշիից Ստեփանակերտը գրոհելու՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին

Անի Գրիգորյան

Մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը մինչև վերջ, մինչև հաղթանակ. Դավիթ Բաբայան

Անի Գրիգորյան

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրադադարը չհարգելը մեծ հարված կլինի Թրամփին ընտրությունների նախաշեմին. Դավիթ Բաբայան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին