24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով
Այլ Լուրեր

Տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

ԱԳ նախարարները քննարկեցին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացմանը՝ ուղղված արտաքին քաղաքական համադրման արդյունավետության բարձրացմանը, պաշտպանական բաղադրիչի, սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդման մեխանիզմների ամրապնդմանը:

Անդրադառնալով նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերներին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Համավարակի և դրա հետևանքների դեմ պայքարում անհրաժեշտ են միջազգային հանրության միասնական և համակարգված գործողություններ: Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում մեր դաշնակիցներին համավարակի դեմ պայքարում և պատրաստ ենք կողք կողքի աշխատել բոլոր ուղղություններով՝ բոլոր բացասական հետևանքները հաղթահարելու և մեր պետությունների կայուն զարգացումն ապահովելու համար»:

Այս համատեքստում նախարար Մնացականյանը, ի թիվս այլ որոշումների, կարևորեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին աջակցելու վերաբերյալ արտաքին գործերի նախարարների հայտարարության ընդունումը:

«Մեր պետություններն առաջիններից էին, որ իրենց լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի տարբեր մասերում գլոբալ հրադադարի հաստատման մասին կոչին:

Այս համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ չնայած համաշխարհային հանրության միասնական ընկալմանը, որ անհրաժեշտ է համընդհանուր հրադադար հաստատել և կենտրոնանալ համավարակի և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ջանքեր գործադրելու վրա, մեր արևելյան հարևան Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական ​​մոտեցումներից և ռազմատենչ հռետորաբանությունից: Շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվում է, սահմանին շարունակվում են սադրանքները, որոնք սպառնալիք են ներկայացնում խաղաղ բնակչության անվտանգության համար»:

Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ Ադրբեջանի կողմից մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հարձակողական բնույթի օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունների անցկացմանը, որն իրականացվել է միջազգային հանձնառությունների՝ Վիեննայի փաստաթղթի խախտմամբ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ այդօրինակ գործողությունները, որոնք խարխլում են տարածաշրջանային կայունությունը և լուրջ վնաս են հասցնում խաղաղ գործընթացին, պետք է պատշաճ կերպով դատապարտվեն։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև վերահաստատել է Հայաստանի և Արցախի նորընտիր իշխանությունների հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: «Մենք կտրականապես բացառում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության և բոլոր կողմերի համարժեք փոխզիջման»:

Նախարար Մնացականյանն իր խոսքում նաև անդրադարձավ Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին՝ ընդգծելով կրոնական և ազգային փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին ընդունվել են «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ», «Covid-19 համավարակի հետ կապված համընդհանուր հրադադար հաստատելու ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին աջակցության մասին», «Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում համերաշխության և փոխըմբռնման մասին» և «ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության հաստատման մասին» համատեղ հայտարարությունները:

Նմանատիպ Հոդվածներ

Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին

Ani Grigoryan

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով

Աշխեն

ՀԱՊԿ-ը դատապարտող հայտարարություն անգամ չի անում. «168 ժամ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին