15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Տիգրան Համասյանը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ռասիստական ու ֆաշիստական գործելաոճը
Այլ Լուրեր

Տիգրան Համասյանը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ռասիստական ու ֆաշիստական գործելաոճը

Անվանի դաշնակահար Տիգրան Համասյանը դատապարտել է Արցախի և Հայաստանի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած Ադրբեջանի և Թուրքիայի ռասիստական ու ֆաշիստական գործելաոճը: Համասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի խղճին:

 «Հարգելի ընկերներ, սովորաբար ես չեմ սիրում անել որևէ քաղաքական հայտարարություն, քանի որ իմ աշխատանքն է` համախմբել մարդկանց, սեր տարածել երաժշտության միջոցով: Բայց շատ դժվար է լռել, երբ ամբողջովին զինված Ադրբեջանը իմ հայրենիքը` Հայաստանն է թիրախավորել հարձակվում է խաղաղ և անմեղ բնակչության վրա, կրակում, ռմբակոծում, հրետակոծում: Հայաստանը հենց հիմա ենթարկվում է հարձակման Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանից: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սկսել է ագրեսիա Արցախի նկատմամբ, թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, կրակ բացելով Ստեփանակերտի և այլ շրջանների ուղղությամբ: Հայաստանը վճռականորեն դատապարտում է այս գործողությունը: Հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի վրա, ինչպես նաև Թուրքիայի, որը 4000 վարձկանների է տեղակայել, կարծես ցանկանալով շարունակել Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Համասյանը:

Դաշնակահարը նշել է, որ այս պահին էլ Արցախի սահմանի ողջ երկայնքով մղվում են թեժ մարտեր` Ադրբեջանի մարտավարական գրոհների պատճառով, որոնք հակասում են Ժնևյան կոնվենցիային:

«Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը ոչ միայն ռասիստական և ֆաշիստական տարրեր է պարունակում, այլև ցույց է տալիս ցեղասպանական տենդենցներ, և աշխարհը պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքի վրա: Ի հակառակ Հայաստանի, Ադրբեջանը, ավտորիտար ռեժիմը նախընտրում է բռնությունը և պատերազմը և պատրաստ չէ խաղաղ բանակցությունների ու ուրախությամբ պատրաստ է նայել, թե ինչպես են երկու կողմից երիտասարդ զինվորներ զոհվում: Այդ զինվորների արյունը մնալու է Ալիևի խղճին (եթե նա առհասարակ խիղճ ունի) և ես շատ ափսոսում եմ իրենց զինծառայողների համար, որոնք հրաման են կատարում: Հուսով եմ, որ Աստված կների նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում: Իմ աղոթքներն ուղղված են բոլոր ընտանիքներին»,- նշել է Տիգրան Համասյանը:

Համասյանն իր գրառումը եզրափակել է` «Թուրքիա’, դադարիր օգնել Ադրբեջանին` ներխուժել Արցախ» կոչով:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 500 կորուստ: Հակառակորդը կորցրել է 63 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 97 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 17 տանկ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին