Գլխավոր » Տիգրան Պասկևիչյանը ենթադրում է, որ Հ1-ի վերահեռարձակումը ԱՄՆ-ում առանց մրցույթի «ՊանԱրմ Ինք» ընկերությանը տրամադրելու մեջ կա կոռուպցիոն գործարք
Քաղաքականություն

Տիգրան Պասկևիչյանը ենթադրում է, որ Հ1-ի վերահեռարձակումը ԱՄՆ-ում առանց մրցույթի «ՊանԱրմ Ինք» ընկերությանը տրամադրելու մեջ կա կոռուպցիոն գործարք

հետևեք մեզ նաև Telegram-ում

Լրագրող, սցենարիստ, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Պասկևիչյանը Newarmenia.am-ի հետ զրույցում նշեց, որ Հ1-ի՝ ԱՄՆ-ում վերահեռարձակման խնդրի շուրջ առաջացած պատմության վերաբերյալ իր կարծիքը խիստ բացասական է։

«Որովհետև այնտեղ աշխատելու ժամանակ, որոշակի դիրքորոշում ունեցել եմ այս հարցի նկատմամբ և երբ որ քննարկվում էր՝ ինչ անել, ոնց փոխել այդ ամենը, ես առաջարկում էի անպայման մրցույթ անցկացնել։ ARTN-ի տնօրեն Ռոբերտ Օղլախչյանը նույնպես ասում էր, որ պետք է մրցույթ անցկացրած լինեին, որպեսզի մրցույթով որոշվեր՝ ով ինչ արժեք, ինչ գին կարող է տալ։ Իսկ այսպես, գինը, եթե որևէ ձևով հիմնավորված չի, մնում է ենթադրել, որ այստեղ կա կոռուպցիոն գործարք, ուրիշ որևէ բան հնարավոր չի ասել»,- ասաց Տիգրան Պասկևիչյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում գործող ARTN հեռուստաընկերության նախագահ և սեփականատեր Ռոբերտ Օղլախչյանը օրերս մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարել էր, թե իր ձեռքում  հայտնվել է մի փաստաթութղ, որում նշված է, որ Հանրային հեռուստաընկերությունը, հիմնվելով ՀՀ ռադիոհեռուստաընկերության պետական հանձնաժողովի ավելի վաղ կայացված որոշման վրա, որոշում է կայացրել հինգ տարով երկարաձգել 2014 թվականի նոյեմբերին կնքված այն պայմանագիրը, որով Հանրային հեռուստաընկերության վերահեռարձակման իրավունքն ԱՄՆ-ում տրամադրվել է «ՊանԱրմ Ինք» ընկերությանը: Ըստ բանախոսի՝ ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին։ Նշենք նաև, որ Ռոբերտ Օղլախչյանն իր հայտարարության մեջ նշել էր, որ  վերահեռարձակման համար Հ1-ին ամսական կվճարվի ընդամենը 4000 ամերիկյան դոլար։

Հարցին, թե արդյո՞ք Հ1-ից իր դուրս գալու պատճառներից մեկն էլ սա է եղել, Տիգրան Պասկևիչյանը պատասխանեց, որ իր դուրս գալու պատճառների մի ամբողջ համալիր է եղել, որի մեջ սա էլ է եղել։ Սակայն, նրա խոսքով, այն ժամանակ իրենք չէին ասում, որ մրցույթ չեն անցկացնի, այլ ասում էին՝ այո՛, կանցկացնեն, բայց իր դուրս գալուց հետո փաստորեն չեն անցկացրել։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի երեկվա այցին Հանրային հեռուստաընկերություն՝ Տիգրան Պասկևիչյանն ասաց, որ դա վաղուց պլանավորած այց էր և դեռևս իր այնտեղ աշխատած ժամանակ այդ այցը նախատեսված էր, որը մի քանի անգամ հետաձգվել էր ու որևէ կերպ այս թեմայի հետ կապ չունի։

Տիգրան Պասկևիչյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է վերոնշյալ  պայմանագիրը չեղարկել, ինչին ի պատասխան նա ասաց, որ դա իրավաբանական խնդիր է, և ինքը չի կարող ասել հնարավոր է, թե՝ ոչ։ «Բայց կարծում եմ, որ վարչապետի՝ Լոս Անջելես կատարելիք այցի ժամանակ այս հարցը հաստատ այնտեղ բարձրացվելու է»,- նշեց Տիգրան Պասկևիչյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին