Գլխավոր » ՏՄՊՊՀ-ն և ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր են կնքել
Տնտեսություն և Բիզնես

ՏՄՊՊՀ-ն և ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր են կնքել

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը  համագործակցության հուշագիր են ստորագրել: Այս մասին հայտնեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն ակտիվացրել է համագործակցությունը բուհ-երի հետ՝ առաջնորդվելով մրցակցության պաշտպանության ոլորտում զարգացման միտումներին համընթաց քայլելու, գիտականորեն հիմնավորված որոշումների կայացման, ինչպես նաև բուհ-ից աշխատաշուկա անցումն ավելի սահուն դարձնելու անհրաժեշտությամբ:

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցության դրական փորձ արդեն ունենք: Այս տարի մեր առաջին ուսումնասիրության  շրջանակում, որը կատարեցինք կարագի շուկայում, համագործակցել ենք համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ՝ օգտվելով նրանց վերլուծությունից: Տնտեսագիտական համալսարանը մեր երկրում այն հիմնական դարբնոցն է, որը տնտեսագետներ է պատրաստում, և մեզ համար՝ որպես գործատուի, կարևոր է այդ համագործակցության ամրապնդումը բոլոր ուղղություններով:  Այսօր աշխատաշուկան ձևափոխվել է, պահանջարկը շատ արագ է փոխվում, և պետք է համատեղ աշխատենք այդ ազդակները տեղ հասցնելու և մրցունակ, պրակտիկ հմտություններ ունեցող մասնագետներ պատրաստելու  համար»,- մասնավորապես նշել է հանձնաժողովի նախագահը:

Իր հերթին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար, կարևորելով բուհ-ի և պետական մարմինների միջև սերտ և գործուն համագործակցության հաստատումն ու զարգացումը:

«Այսօր մեր համալսարանը գտնվում է բարեփոխումների փուլում, մենք վերանայում ենք և ուսումնական պլանները, և կրթական ծրագրերը՝ արդիականացնելով դրանք,  և  առավելապես դրանցում ավելացնելով գործնական տարրը, քանի որ ավանդույթի համաձայն  ավելի շատ տեսական մասն է գերակշռել: Այժմ ցանկանում ենք դա կոտրել, և առաջնահերթ ներգրավում ենք մասնավոր և պետական հատվածից գործնական ոլորտի մասնագետների»,- իր խոսքում մասնավորապես նշել է Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ պետական կառույցների հետ նման հուշագրերի կնքմամբ ուսանողների համար փորձառություն ձեռք բերելու, հետագայում նաև որոշակիորեն զբաղվածության խնդիրները լուծելու հնարավորություններ են ստեղծվում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հանձնաժողովի լավագույն մասնագետներին դասախոսական աշխատանքներում ներգրավելու, համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու, հանձնաժողովի կողմից համալսարանին ավարտական աշխատանքների և ատենախոսությունների թեմաների պատվիրակման և համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը վերաբերող այլ հարցերի շուրջ:

Կնքված հուշագրի շրջանակում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կհամագործակցեն հանձնաժողովում ուսանողների փորձառությունների կազմակերպման, իրականացվող ուսումնասիրություններում  հետազոտողների և ուսանողների ներգրավման, վերապատրաստումների, կլոր սեղանների, սեմինարների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ միջոցառումների կազմակերպման միջոցով:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին