Գլխավոր » Տնտեսվարողներ vs Գևորգ Պապոյան. պահանջվում է անհապաղ միջամտություն
Տնտեսություն և Բիզնես

Տնտեսվարողներ vs Գևորգ Պապոյան. պահանջվում է անհապաղ միջամտություն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին ընդունեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանված է, որ 2020 թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:

Այս փոփոխությունից հետո մասնագիտական շրջանակներում բուռն քննարկումներ են ընթանում օրենքի ծագման ու նպատակի շուրջ: Օրենքի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն է, սակայն տեղեկություններ կան, որ իրականում օրենքի նախաձեռնողը Կենտրոնական բանկն է: Այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բանկային համակարգում կյանքը զգալի կաշխուժանա: Որքան էլ Արքա քարտերն անվճար են տրամադրվում, այնուամենայնիվ դրանց սպասարկումը տարեկան առնվազն 3000 դրամ արժի, իսկ դրան էլ գումարած կանխիկացման տոկոսադրույքները, արդյունքում՝ մի կլորիկ գումար կմնա բանկերում: Սակայն արդյո՞ք նվազագույն աշխատավարձ ստացողները պատրաստ են նման քայլի:

Թեև օրենքի քվեարկության ժամանակ իշխանական մեծամասնության ներկայացուցիչներից որևէ մեկը «դեմ» չի քվեարկել, սակայն բավականին ուշագրավ է «ձեռնպահ» քվեարկողների և բացակաների անունները, օրինակ՝ Հովիկ Աղազարյանը, Արտակ Մանուկյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Սուրեն Գրիգորյանը, Սիսակ Գաբրիելյանն ու Սոֆիա Հովսեփյանը ձեռնպահ են եղել, բացակայել են Արարատ Միրզոյանը, Հայկ Գևորգյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լենա Նազարյանը և այլք:

Օրենքում իրավական անորոշություններն այնքան շատ են, որ զարմանալի չէ այս պատգամավորների «ձեռնպահը»:

Բիզնեսի ներկայացուցիչների մոտ տարակուսանք են առաջացրել «Երևան քաղաքում գործունեություն ծավալող» եզրույթի հնարավոր մեկնաբանությունները, օրինակ՝ Երևան քաղաքում հաշվառված կահույքի արտադրությամբ զբաղվող հարկ վճարողի արտադրամասը գտնվում է Արգավանդում, սակայն կահույքը նախապես նշված պատվերով բերում և տեղադրում է Երևանի որևէ բնակարանում, արդյո՞ք այդ գործունեությունը համարվում է ծավալած Երևանում, կամ՝ Երևանում հաշվառված և Երևանում արտադրական տարածք ունեցող կազմակերպության դեպքում, եթե կազմակերպությունը փաստացի գործունեություն չի իրականացնում, սակայն կազմակերպության գույքի պահպանման նպատակով ունի 10 ավելի վարձու աշխատողներ և վճարում է աշխատավարձ, արդյո՞ք գործունեությունը համարվում է ծավալած Երևան քաղաքում, կամ՝ Երևանից դուրս հաշվառված և արտադրական տարածք ունեցող կազմակերպությունը, եթե Երևանում հաշվառված այլ անձի փոխառություն է տրամադրում, կամ ավտոմեքենան վարձով է տրամադրում, արդյո՞ք գործունեությունը համարվում է ծավալված Երևան քաղաքում, իսկ եթե ծառայություն ստացողը հաշվառված է Երևանում, սակայն ավտոմեքենան օգտագործում է Երևանից դուրս գտնվող տարածքում, արդյո՞ք գործունեությունը համարվում է ծավալած Երևան քաղաքում, կամ՝ Երևանից դուրս հաշվառված և արտադրական տարածք ունեցող կազմակերպությունը, եթե ֆիրմային խանութ է բացում Երևանում ընդամենը 1 վարձու աշխատողով, արդյո՞ք գործունեությունը համարվում է ծավալած Երևանում:

Մեկ այլ եզրույթի հնարավոր մեկնաբանությունները ևս տարակուսանք են առաջացնում՝ «10 և ավելի աշխատող ունեցող գործատու»: Օրինակ՝ աշխատավարձի հաշվարկի և վճարման ժամանակահատվածները տարբեր են, իսկ կարգավորումից պարզ չէ՝ նորմի կիրառությունը տարածվում է աշխատավարձի հաշվարկի փաստի՞, թե՞ վճարման փաստի դրությամբ աշխատողների քանակի վրա:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տնտեսվարողների ու Գևորգ Պապոյանի քննարկումներն ոչ միայն անարդյունք են ավարտվել, այլև պատգամավորն օրենքի բացերը մատնանշողներին մեղադրել է ստվերը պաշտպանելու և աշխատավարձն անկանխիկ չվճարելու մեխանիզմներ փնտրելու մեջ:

Մասնագետները վկայակոչում են կանխիկի դեմ պայքարում Ռուսաստանի տխուր փորձը, երբ բանկերն իրենք ներգրավվեցին կոռուպցիայի մեջ և կանխիկացնելու համար 15% էին պահում, իսկ ստվերն ավելի աճեց:

Տնտեսվարողներին զարմացրել է Պապոյանի «պարզաբանումը», թե գործունեության հասցեն ոչ թե ընկերության իրաբանական հասցեն է, այլ ՊԵԿ-ում գրանցված փաստացի գործունեության հասցեն: Խնդիրն այն է, որ ՊԵԿ-ում կան միայն այն հասցեները, որոնք նշում է տնտեսվարողը, իսկ դրանք կարող են մի քանի տասնյակը գերազանցել։ Նման հասկացությունները պետք է հստակ սահմանվեն օրենքով, այլապես անտեղի տուգանվելու ռիսկեր են առաջանում:

Օրենքի մեկնաբանություն ստանալու ակնկալիքով՝ «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ֆինանսների և արդարադատության նախարարություններ, ՊԵԿ, ԿԲ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին