Գլխավոր » Տուրիզմի նշանակությունը տնտեսության համար գերագնահատվել է, զարգացման բոլոր հավկիթները մի զամբյուղի մեջ են դրվել. Արթուր Ոսկանյան
Հարցազրույցներ

Տուրիզմի նշանակությունը տնտեսության համար գերագնահատվել է, զարգացման բոլոր հավկիթները մի զամբյուղի մեջ են դրվել. Արթուր Ոսկանյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն անշեղորեն աճի միտումներ ունի: Օրերս հրապարակվեց 2019-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելությունների վիճակագրությունը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 14.8 % է:

Զբոսաշրջային այցելությունների թիվը 1մլն 459 հազար է կամ աճը նախորդ տարվա համեմատ` 14.4 %: Այս տարի առավել շատ զբոսաշրջիկներ եկել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից, ապա ԱՄՆ-ից և Գերմանիայից: Մոտ 1 շաբաթ առաջ ՀՀ կառավարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրության դատին ներկայացրեց 2020-2030թթ. Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության նախագիծը, որով նախատեսվում է էլ ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։ Զբոսաշրջության խնդիրների շուրջ NewArmenia.am-ը զրուցել է տնտեսական զարգացման և զբոսաշրջության զարգացման մասնագետ Արթուր Ոսկանյանի հետ:

Պարոն Ոսկանյան, մեր երկիր այցելած զբոսաշրջիկների վիճակագրությունն արդյոք բավարա՞ր է:

— Կարծում եմ՝ տվյալներն արժանահավատ են, Կոմիտեն ինքն էլ ընդունում է, որ մեթոդաբանության խնդիրներ կան և այդ խնդիրները հաշվի են առնում: Ռուսաստանից այցելուներն ավելացել են, սակայն Booking.com-ում Հայաստանի առաջատար դիրքը, որի մասին խոսել էր վարչապետը, այդքան էլ այդպես չէ, խոսքը Ռուսաստանից ամրագրումների որոշակի նեղ ուղղության մասին էր, որը բացարձակացվեց՝ առանց քննադատական մոտեցման: Ամեն դեպքում, հոսքի ավելացում կա: Օրինակ՝ Աշտարակում եթե նախորդ 2 տարվա ընթացքում ամսական մոտ 2500-3000 այցելու կար, հիմա մոտ 4 անգամ հոսքն ավելացել է՝ նոր հաստատությունների ավելացման և այլ միջոցառումների արդյունքում: Կիրառվող գործիքներն իրենց ազդեցությունը թողնում են, այսօր տարբեր ընկերություններ, բացի կառավարական ատյաններից, իրենց հաշվին ու կապերով մարդկանց բերում ու ցույց են տալիս: Մարզերում կացարանների լուրջ պահանջ կա և տարբեր միջազգային նախագծեր այդ ուղղությամբ են աշխատում: Եվ որտեղ ջանք է ներդրվում, արդյունքն ակնհայտ է:

Ի՞նչ խնդիրներ կան:

— Այսօր Հայաստանում ամենալուրջ խնդիրն այն է, որ տուրիզմի նշանակությունը տնտեսության համար գերագնահատվել է, իսկ դա ՀՀ տնտեսության և մարզերի այն հատվածի համար, որոնք զարգացման հիմնական շարժիչ, լոկոմոտիվ են ընդունում տուրիզմը, ոչ կայուն ճանապարհով գնալու լուրջ վտանգ կա: Այսինքն՝ բոլոր համայնքապետարանները, քաղաքապետարաններն իրենց զարգացման ծրագրում տուրիզը, որպես զարգացման կետ, պահում են, դա կյանքի փորձից է եկել, բայց այլընտրանքային ուղղություններ է պետք զարգացնել: Այսօր ասվում է, որ հումքահենից գնում ենք դեպի գիտելիքահեն արդյունաբերություն, ինչը շատ լավ է ու միակ ճանապարհն է մի քիչ ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն ունենալու համար, այսինքն՝ բոլոր հավկիթները մի զամբյուղի մեջ չպահելու համար: Բայց այսօր հակառակն է արվում, տնտեսական զարգացման շատ հավկիթներ լցնում են տուրիզմի զամբյուղի մեջ և մտածում են, որ մարզերում միանգամից տնտեսությունը կզարգանա: Գուցե կարճաժամկետում զարգանա, բայց երբ տուրիստները պակասեն, տնտեսության անկումն էլ կտրուկ կլինի:

Այսինքն՝ զուգահեռ պետք է նաև մյուս ոլորտներին ուշադրություն դարձնել:

— Անպայման, և եթե զարգանում է համայնքային տուրիզմը, ապա համայնքային բյուջե մուտք եղած միջոցների հաշվին պետք է այլընտրանքային զարգացման ծրագրեր իրականացվեն: Օրինակ՝ Գորիսում ու Ամասիայում բրդի վերամշակման նախաձեռնություն կա, որն արտակարգ բան է: Հուշանվերիների զարգացումը լավ է, բայց տեղաբնակները չեն կարող անընդհատ հուշանվեր գնել, բայց բուրդը, սնունդը, ՏՏ-ն տնտեսության զարգացման համար կարևոր փրկարար օղակներ են: Դժվարությունն այն է, որ մասնագետների խնդիր կա: Եթե ինչ-որ մարզում մարզպետը լավ թիմ է հավաքում, անձնական կապերն է գործի դնում՝ միջազգային կազմակերպությունների հանրապետական ուժեր բերել, լավ է, բայց եթե մարզպետը կամ համայնքի ղեկավարը պատկերացում չունեն մարզի ու համայնքի կարիքներից, այլ շարժառիթներ ունի, միայն իր պաշտոնի մասին է մտածում, ապա համայնքը լացում է:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին