31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90108.8 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » Տպավորիչ ցուցանիշ է, բայց իշխանությունները բարեփոխումների հարցում դանդաղում են․ տնտեսագետը՝ ՀՀ-ի՝ «Տնտեսական ազատության ինդեքս»-ում դիրքերը բարելավելու մասին
Այլ Լուրեր

Տպավորիչ ցուցանիշ է, բայց իշխանությունները բարեփոխումների հարցում դանդաղում են․ տնտեսագետը՝ ՀՀ-ի՝ «Տնտեսական ազատության ինդեքս»-ում դիրքերը բարելավելու մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը՝ «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ» երկրի։ NewArmenia.am-ը հարցի հետ կապված զրուցել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ։

Ատոմ Մարգարյանը այս առաջընթացը՝ հատկապես ներկա ֆորսմաժորային իրավիճակի պայմաններում, տպավորիչ ձեռքբերում է համարում, թեև հավելում է, որ այդ ինդեքսը նախորդ տարվա իրողությունների փորձագիտական գնահատման արդյունք է։

«Այդպես էլ պետք է լիներ, որովհետև տասնամյակների մղձավանջը, քրեաօլիգարխիկ, մոնոպոլացված տնտեսությունը, կոռուպցիան ու անարդյունավետ տնտեսական կառուցվածքը, բևեռացված հասարակությունը և այլ պատճառներ տնտեսությունը ծայրահեղ վատ վիճակի էին հասցրել, իսկ այս ամենը թոթափելն, իհարկե, կարճ ժամանակահատվածում շատ բարդ է։ Բայց այն,  որ դրական տեղաշարժեր կան, ու ակնհայտ է, որ կոռուպցիան սահմանափակվել է, իսկ տնտեսության վրա կոռուպցիոն ճնշումը թուլացել է,  հարկագանձման մակարդակը բարձրացել է, փաստ է։ Բնական է, որ ռեյտինգավորող կազմակերպությունները՝ տվյալ դեպքում տնտեսական ազատության մակարդակը գնահատող այս կազմակերպությունը, չէր կարող այսօրինակ գնահատականը չտալ»,- ասաց Մարգարյանը։

Միևնույն ժամանակ նա արձանագրեց, որ «միջազգային փորձագիտական գնահատականը» շատ հարաբերական է ասված, քանի որ իրականում գնահատականները ձևավորում են հայաստանյան փորձագետները կամ ՀՀ-ում այդ կազմակերպության ներկայացուցիչները, որոնք շատ դեպքերում ունեն սուբյեկտիվություն, որոշ դեպքերում էլ՝նրանց գնահատականները գիտականությունից շատ հեռու են։ Բայց Մարգարյանը շեշտեց, որ որոշ դրական փոփոխություններ անզեն աչքով էլ նկատելի են։

«Պետք է նաև ասենք, որ դանդաղ են ընթանում բարեփոխումները, հիմնական ֆունդամենտալ խոստումները, որ այս իշխանությունները տվել են, շատ դանդաղ ու դժվարությամբ են առաջ տանում, խոստումների մի զգալի մասն էլ մնացել են թղթի վրա, հասարակության ակնկալիքների մի զգալի մասն այս պահին մնում է չիրացված։Սրան գումարվել է կորոնավիրուսի այս «բոլոլան», դրա  դեմ պայքարի քաղաքականությունը շատ հակասական է, քանի որ մի օր մի բան է ասվում, հաջորդ օրն՝ այլ, երբեմն շատ կասկածելի ու միանձյան որոշումներ են կայացվում ոլորտի  նախարարի կողմից։ Մինչդեռ, առողջապահական համակարգում ընդունվող որոշումները պետք է լինեն թափանցիկ, այլ ոչ թե մի նախարարի կողմից։ Պետք է լինի լայն, ընդարձակ հարթակ, որը կազմված լինի բժշկական ոլորտի պրոֆեսիոնալ ու հեղինակավոր պրոֆեսորներից, որոնք վստահություն են ներշնչում. Նրանք օրական ռեժիմով պետք է վերլուծություններ անեն ու իրազեկեն հանրությանը, այլապես, եթե այսպես շարունակվի, նույն այս տնտեսական հաջողության թվերը կիջնեն հակառակ ուղղությամբ»,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը։

Վերջինս վստահեցրեց, որ առողջապահական ոլորտի անկանոն իրավիճակը  տնտեսության վրա խիստ բացասական ազդեցություն ունի, քանի որ անկումային, դեպրեսիվ վիճակ է տնտեսության մեջ, իսկ ժամանակի ընթացքում հետևանքները լինելու են շատ ծանր։ Նրա կարծիքով՝ արտաքին օգնության վրա հույս դնելը սխալ մոտեցում է։ Մարգարյանի խոսքով, եթե իշխանությունները տնտեսության ճեղքերը փակելու համար գնան դրսից մեծածավալ վարկային ռեսուրսներ ներգարվելու ուղղությամբ, ապա 1-2 տարի հետո կոլապսից, առաջին հերթին՝ բյուջետային դեֆոլտից չենք կարող խուսափել։ Ի դեպ, տնտեսական ազատության ինդեքսի որոշ ենթաբաղադրիչների գծով անցյալ տարի հետընթաց է գրանցվել՝ դա վերաբերում է մոնետար ազատությանը և առևտրի ազատությանը։

Հարցին՝ խնդիրները դանդաղ են լուծվում, որովհետև քաղաքական կամքի բացակայությո՞ւն կա, թե՞ կառավարության տնտեսական բլոկը թույլ է, Ատոմ Մարգարյանը պատասխանեց․ «Այդպես էլ պետք է լիներ, քանի որ քաղաքակիրթ աշխարհում ռեֆորմներն ընթանում են մրցակցության պայմաններում, երբ կուսակցությունները ասպարեզ են բերում իրենց պրոֆեսիոնալ դեմքերին, համապատասխան ծրագրեր, որպեսզի իրենց օրակարգը և վարվող քաղաքականությունը համապատասխանեցնեն տրված խոստումներին։ Իսկ մեզանում տեսաք, թե ինչի միջոցով անցավ երկիրը՝ քաղաքական ցնցումների, ընտրություններ եղան, ու դա լեգիտիմության որոշակի ռեսուրս ապահովեց, բայց դա վստահության քվե էր ընդամենը, մինչդեռ հիմա պատասխանատու մոտեցումներ ցուցաբերելու ժամանակն է, ինչը շատ դեպքերում  չենք տեսնում։ Հատկապես իրավական հարթության վրա լուծումները չեն կարող հեղափոխության ու սուբյեկտիվ քաղաքական որոշումների վրա հիմնված լինել, այլ պետք է կառուցվեն օրինական ընթացակարգերի վրա։ Հարկավոր է դեմոկրատական զարգացումների օրակարգը պահել, իսկ դրա կրողը առաջին հերթին ներկայացուցչական մարմինն է՝ Ազգային ժողովը։ Քաղաքական կամքի հետևում պետք լինեն լուրջ պրոֆեսիոնալ,քաղաքական դեմքեր,  բայց մենք դա հաճախ չենք տեսնում։ Գործադիր իշխանության պարագայում մենք տեսնում ենք, որ կադրերի մի մասը եղել են նախկին իշխանության 2,3-րդ կարգի պաշտոնյաներ, որոնք այսօր առաջին դեմքի կարգավիճակ ունեն, սակայն այդպես էլ չեն աճել-բարձրացել քաղաքական կամ տվյալ ոլորտի քաղաքականությունը մշակող առաջնորդի մակարդակի, որոնք ի վիճակի են լուրջ քաղաքական պատասխանատվություն ստանձնել»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ տնտեսության հետ կապված միջազգային կազմակարպությունների տրված դրական գնահատականները կարո՞ղ են ՀՀ-ում ներդրումներ անելու համար դաշտ ստեղծել, Ատոմ Մարգարյանը պատասխանեց, որ սա շատ փոքր ազդակ է, մանավանդ վարակի ֆոնին շուկաների և միջազգային առևտրի կազմալուծման պայմաններում։ Տնտեսագետի գնահատմամբ՝ ավելի լուրջ ազդակ է,  թե երկիրը որքանով է հավատարիմ դեմոկրատական արժեքներին, որքանով է բիզնես միջավայրը իրավական ու օրինականականության տիրույթում դիրքավորված։

«Վարակի նահանջից հետո միջազգային ներդրումների վեկտորը փոխվելու է, մեր կարգի երկրների համար ներդրումներ ներգրավելը չափազանց բարդանալու է։ Նախ պետք է նկատի ունենանք, թե համավարակից հետո ինչպիսին կլինի երկրի մակրոտնտեսական կացությունը։ Հենց այնպես չասացի, որ պարտք ավելացնելով չես կարող լուծել երկար ժամկետի խնդիրները, պարտք ավելացնելով լավագույն դեպքում 1-2 տարվա իշխանության մնալու խնդիրը կլուծես։ Մինչդեռ, մակրոտնտեսական վիճակը ազդակ է ներդրողների համար, քանի որ դրա վատացումը փոխարժեքի կայունության, գնաճային ճնշումների և այլ ռիսկեր է առաջացնելու։ Միջազգային կազմակերպությունների կողմից տրված գնահատականները հարաբերական դիրքավորման ցուցանիշներ են, քանի որ կարևոր դեր են խաղում բիզնես միջավայրը, իրավական կարգավորումները, քաղաքական թափանցիկությունը,կոռուպցիայի մակարդակը, ինստիտուցիոնալ կարգավորումների որակը, քաղաքական թափանցիկությունը, կառավարման արդյունավետությունը գնահատելու համար։ Երկրները համեմատվում են իրար հետ։ Հիմա եթե մեր հարևան Վրաստանի հետ համեմատենք, ապա սար ու ձորի տարբերություն կա թե՛ ներդրումային միջավայրի, պայմանների, և թե՛ գրավչության տեսանկյունից»,-եզրափակեց Ատոմ Մարգարյանը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Պետք է վարկերի գերշահույթները հարկել, ոչ թե գովազդները արգելել․ Ատոմ Մարգարյան

Diana Amirkhanyan

Կարևոր է, որ հարկային բեռը լինի արդարացի և հիմնավորված․ Ատոմ Մարգարյան

Աշխեն

ՀԿ-ները կարող են անցնել քաղաքական դաշտ և պետք է թափանցիկ լինեն

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին