15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Ցանկալի կլիներ` 30 տարվա ռազմավարության ծրագիրը նաև հնգամյա միջնաժամկետ թիրախավորումներ պարունակեր․ տնտեսագետ
Կարևոր

Ցանկալի կլիներ` 30 տարվա ռազմավարության ծրագիրը նաև հնգամյա միջնաժամկետ թիրախավորումներ պարունակեր․ տնտեսագետ

NewArmenia.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

-Պրն Խաչատրյան, երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ վարչապետը մինչև 2050թ․-ի ռազմավարությունը ներկայացնելիս նշեց, որ 2050թ․-ին աշխատավարձը պետք է յոթնապատկվի։ Ինչքա՞ն տնտեսական աճ պետք է ունենանք, որքա՞ն պետք է լինի ՀՆԱ-ն, որ յոթնապատիկ բարձրացվի աշխատավարձը, և արդյո՞ք այդ ժամանակ յոթնապատիկի չափով աշխատավարձը չի հավասարվի այսօրվա աշխատավարձին։

-Քանի որ ռազմավարության մեջ ոչ մեթոդաբանություն էր նշված, ոչ էլ միջանկյալ արդյունքներ, դժվար կլինի մեկնաբանել թե նշված կանխատեսումները որքանով են իրատեսական, բայց ամեն դեպքում պետք է փաստենք, որ մինչև 2050թ․ ներկայացված ռազմավարության մեջ դրված թիրախները բավական հավակնոտ են և մի փոքր էլ իրականությունը գերագնահատված, որովհետև ցավոք սրտի վերջին տարիներին տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսները դեռևս նմանատիպ կանխատեսումներ անելու համար հիմք չեն տալիս։ Ինչ վերաբերում է, թե մեր ՀՆԱ-ն ինչքան պետք է աճի, որ կարողանանք աշխատավարձերը յոթնապատկենք, ապա ասեմ, որ դա ավելի շատ կապված է մեր աշխատանքի արտադրողականության աճից։ Այսինքն մենք պետք է գիտակցենք, որ մարդկանց արտադրողականությունը՝ հավելյալ արժեք ստեղծելու կարողությունը պետք է մեծանա, որպեսզի նրանց աշխատավարձերը բարձրանան։ Իսկ արտադրողականությունն աճում է կրթության, կայուն առողջապահական համակարգ ունենալու, տարբեր հմտություններ զարգանալու, արտադրական և առհասարակ տնտեսական պրոցեսներում ինովացիոն որոշակի տեխնոլոգիաների կիրառման պարագայում, որի մասին ցավոք սրտի երեկ չխոսվեց։

-Այսինքն պետությունը պետք է ներդրումնե՞ր անի, նո՞ր գա այն եզրահանգման, որ 2050թ հնարավոր է աշխատավարձը յոթնապատկել։

-Այստեղ ոչ այնքան պետության անմիջական ներդրումներ անելու խնդիրն է, որքան պետության կողմից անհրաժեշտ միջավայր ձևավորելու խնդիրն է։ Կրթության և առողջապահության ոլորտում պետության դերակատարումը բավական մեծ է։ Պետությունը մի կողմից պետք է բարձր չափորոշիչներ սահմանի, մյուս կողմից հավելյալ ռեսուրսներ ուղղի այդ ոլորտներին, որպեսզի մենք կարողանանք զարգացում ապրենք, իսկ տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից դա պետք է բիզնեսն անի, ուղղակի պետությունը պետք է համապատասխան միջավայր ձևավորի, որպեսզի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձինք հետաքրքրված լինեն, ներդրումներ կատարեն, և այդ տեխնոլոգիաների կապիտալազիննման արդյունքում բարձրանա արտադրողականությունը, ինչն էլ բերի մարդկանց աշխատավարձերի բարձրացման։

-Այս կորոնավիրուսի համավարակի շրջանում, անորոշ պայմաններում, երբ Ռուսաստանը նույնիսկ մեզ համար սահմանը չբացեց` ի տարբերություն ԵԱՏՄ մյուս երկրների, որքանո՞վ է ճիշտ երեսուն տարվա համար ռազմավարություն մշակել, և արդյոք այն կիրականանա։

-Իրականում մենք հասկանում ենք, որ կառավարության որոշմամբ չի, որ աշխատավարձերը պետք է բարձրանան, կամ ՀՆԱ-ն մեծանա, բայց դա չի նշանակում, որ կառավարությունն այստեղ անելիք չունի։ Կառավարությունը պետք է որոշակի ազդակներ հղի թե բնակչությանը, թե բիզնեսին, անհրաժեշտ սպասումներ ձևավորի, որոնք կնպաստեն այդ թիրախավորումներին։ Իսկ ռազմավարության համար պատեհ առիթ էր ընտրված, թե՝ ոչ, ես կարծում եմ, որ հենց ծանր վիճակներում է պետք մտածել երկարաժամկետ զարգացման մասին և այն, որ մենք հիմա տնտեսական ճգնաժամի մեջ ենք, չպետք է խանգարեր մեզ հավակնոտ ծրագրեր մշակել։

Ուզում եմ շեշտել, որ շատ կարևոր է նմանատիպ ռազմավարական ծրագրեր մշակելը. ու տարիներ ի վեր մենք խոսել ենք վարվող տնտեսական քաղաքականությունում հեռանկարի բացակայության մասին ու շեշտել դրա կարևորությունը։ Լավ է, որ գոնե այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվում է։ Ցանկալի կլիներ, որ երեսուն տարվա համար նշված ռազմավարության ծրագիրը նաև միջանկյալ հնգամյա միջնաժամկետ թիրախավորումներ պարունակեր, որը նաև հնարավորություն կտար մեզ ամեն երեք-հինգ տարի մեկ հասկանալու, թե մեր նախանշած ռազմավարական նպատակներին որքանով ենք հասնում։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքական ապրանքներից հրաժարվելը էական ու լուրջ ցնցումների չի բերի, բայց որոշակի հետևանքներ կունենա․ տնտեսագետ

Նատա Հարությունյան

Միջազգային հանրությունը ԼՂ-ի պարագայում պետք է ընդունի անջատում հանուն փրկության սկզբունքը. Փաշինյան

Անի Գրիգորյան

Խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, նրանց ծնողների եւ հատկապես մայրերի առաջ. Նիկոլ Փաշինյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին