21 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 31.05.2020
Գլխավոր » Ցեղասպանությունն ընդունելով՝ կդավաճանեն իրենք իրենց․ Թուրքիան վախենում է պատասխանատվությունից․ Ռուբեն Սաֆրաստյան
Քաղաքականություն

Ցեղասպանությունն ընդունելով՝ կդավաճանեն իրենք իրենց․ Թուրքիան վախենում է պատասխանատվությունից․ Ռուբեն Սաֆրաստյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am –ը օրվա խորհրդի, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

«Ամենակարևոր հանգամանքն այն է, որ այդ ծանրագույն հանցագործությունը մարդկության դեմ, որի նպատակն էր ոչնչացնել հայ ժողովրդին՝ նպատակին չհասավ, և հայ ժողովուրդը ոչ միայն գոյատևեց, այլ նաև վերստեղծեց իր պետականությունը, և հիմա մենք տեսնում ենք, որ հայությունը՝ որպես գործոն, աշխարհով մեկ գոյություն ունի։ Երկրորդ կարևոր հանգամանքը հետևյալն է՝ կապված այսօրվա հետ, ոչ միայն մենք գոյատևել ենք, ոչ միայն մեր գոյությամբ ցույց ենք տվել, որ ի չիք են դարձել թուրքական պետականության ամբողջ ջանքերը՝ վերացնել մեր ժողովրդին, այլև պայքարում ենք հանուն ցեղասպանության ճանաչման, դատապարտման, այսինքն՝ մենք բռնել ենք պայքարի ճանապարհը, տարբեր միջազգային հարթակներում վերահաստատելու ցեղասպանությունը դատապարտելու այդ կարևորագույն սկզբունքը և տեսնում ենք, որ այս բնագավառում ունենք բավական հաջողություններ, և այդ պայքարը շարունակվում է։ Կարևոր է, որ չսահմանափակվենք միայն ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար պայքարով, այլ գնանք ավելի առաջ և մեր պայքարը շարունակենք ու հասցնենք հաջողության նաև հատուցում ստանալու առումով։ Այս է օրվա խորհուրդը»,- ասաց Սաֆրաստյանը։

-Ինչու՞ Թուրքիան մինչ օրս չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը։

-Կարծում եմ, թուրքական պետականությունը, համենայնդեպս մոտ ապագայում չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Թուրքական վերնախավը դրան պատրաստ չէ, թուրքական քաղաքական կուսակցությունները չեն ցանկանում դա։ Այն սերունդը, որ հիմա ղեկավարում է Թուրքիան, չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ եթե փոխվի էլիտան, գուցե և որոշակի դրական փոփոխություններ լինեն, որովհետև վերջին տարիներին թուրքական երիտասրդության, մասնավորապես՝ ուսանողության շրջանում, կային մարդիկ, որոնք ճանաչում և դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը, ուղղակի վերջին տարիներին, երբ բռնաճնշումները Թուրքիայում ուժեղացան, ըստ էության, այդ ձայները հիմա համարյա չեն լսվում այնտեղ, շատ քիչ անհատներ են, որ կարողանում են իրենց ձայնը բարձրացնել։

-Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիան չի ընդունում պատմական այդ իրողությունը, քանի որ իսկապես հավատո՞ւմ է, որ իր նախապապերը այդ ոճրագործությունը չեն իրականացրել, թե՞ որոշակի վախեր ունեն՝ տարածքային կորուստներ, բարոյական պատասխանատվություն։

-Բարդ հարց եք տալիս։ Իմ անձնական տպավորությունները կարող եմ ասել։ Տասնյակ տարիների ընթացքում, երբ հանդիպել եմ էլիտայի տարբեր ներկայացուցիչների հետ՝ թե՛ գիտական, թե՛ քաղաքական,  ինձ մոտ տպավորություն է ձևավորվել, որ նրանք չեն ճանաչում, քանի որ կարծում են, եթե ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, վատ կլինի իրենց ժողովրդի համար, Թուրքիայի համար։ Դրանից են իրենք վախենում, չեն ուզում իրենց վրա պատասխանատվություն վերցնել մի քայլի համար, որի համար կարող են դատապարտվել։ Իրենք կարծում են, որ ցեղասպանության մեղքն իրենց վրա վերցնելն ու ապաշխարելը ոչ թե ցույց կտա, թե Թուրքիան ուժեղ է, որ կարողանում է այդ բեռից ազատվել, բաց աչքերով նայել ապագային, այլ, կարծում են, իրենք կդավաճանեն իրենց։ Դրա խորքային պատճառն այն է, որ ներկայիս թուրքական էլիտան, ըստ էության հիմնադրվել է Աթաթուրքի կողմից, իսկ նրանք երիտթուրք էին, մարդիկ, ովքեր մասնակից են եղել ցեղասպանության, այսինքն՝ հանցագործներ են եղել, և նրանք են հիմնադրել ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը։ Սրանք են պատճառները, իհարկե, պատասխանատվության խնդիրն էլ կա, ցեղասպանությունն այնպիսի հանցագործություն է, որը չունի վաղեմության ժամկետ և ցեղասպանությունը պատասխանատվություն է ենթադրում միջազգային օրենքով։

-Եթե տարիներ անց Թուրքիան ընդունի ցեղասպանության փաստը, տարածքների վերադարձ ակնկալե՞նք, թե՞ դա իրենից չի ենթադրում կորսված տարածքների վերադարձ, պարո՛ն Սաֆրաստյան։

-Դա պայքարի մեկ այլ՝ ավելի բարձր մակարդակ է ենթադրում։ Միջազգային փորձում նման նախադեպեր կան մասնավորապես՝ թուրքմեսխեթցիների հետ կապված։ Եվրոպայի խորհուրդը որոշում է ընդունել, որ Վրաստանը ոչ միայն պետք է ճանաչի խորհրդային իշխանության հանցագործությունը՝թուրքմեսխեթցիներին  վրաց-թուրքական սահմանների մերձակայքից, որտեղ բնակվում էին, վտարեց դեպի Միջին Ասիա, այլ նաև համաձայնի ընդունել թուրքմեսխեթցիներին և ապահովի նրանց ամեն ինչով։ Եթե միջազգային որևէ հեղինակավոր ատյանի կողմից որոշում ընդունվի, որ Թուրքիան ոչ միայն ճանաչի ցեղասպանությունը, այլ նաև ապահովի հայ ժողովրդի վերադարձը այն տարածքներ, որտեղից տեղահանվել են , Թուրքիան պարտավոր կլինի դա կատարել։ Այնպես որ կան իրավական ճանապարհներ այդ ամենի համար, ուղղակի պետք է մեր կռվաններն ավելի համոզիչ ներկայացնենք, որ հաղթենք Թուրքիային։

-Այս համատեքստում, պարո՛ն Սաֆրաստյան, վարչապետն այսօր հայտարարեց Ազգային հայեցակարգ ունենալու մասին, առաջիկայում այդ նախագիծը հանրային քննարկման դնելու մասին։ Ձեր մեկնաբանությունը կխնդրեմ այս առումով, նմանատիպ նախագիծ մենք անցյալում ունեցե՞լ ենք, թե՞ սա նախադեպ կարող է լինել։

-Շատ կարևոր է, որ մեր ժողովուրդն ունենա իր գաղափարախոսությունը, որովհետև դա կլինի այնպիսի հայեցակարգ, որը, համոզված եմ, պետք է իր շուրջը համախմբի ամբողջ աշխարհի հայերին։ Այդ հայեցակարգում, վստահ եմ, տեղ կգտնեն և՛ Հայկական հարցը, և՛ ցեղասպանության ճանաչման խնդիրները, քանի որ դրանք մաս են կազմում ներկայիս ինքնությանը։ Ճիշտն ասած, չեմ հիշում նման բան, որ գաղափարախոսություն ունենալու պահանջ կամ ցանկություն լիներ։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Աշխարհում հիմա իրենց դիրքերն ամրացնելու հնարավորություն ունեն ավելի փոքր պետությունները․ Ռուբեն Սաֆրաստյան

Աշխեն

Էրդողանի կողմից պաշտոնական հայտարարություն՝ ուղղված Հայաստանի իշխանություններին չի եղել, հետևաբար, արձագանքելն անիմաստ է․ Ռ․ Սաֆրաստյան

Աշխեն

Արևելագետը Թուրքիայի «Գարնանային վահան» գործողությունը դիտարկում է ՌԴ-ի հետ պայքարի համատեքստում

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին