-2 C
Yerevan
22 Հունվարի, 2020
Գլխավոր » Փոխգնդապետ Սանասար Գաբրիելյանը մեղադրում է գեներալ Սեյրան Սարոյանին իրեն ունեզրկելու համար
Գլխավոր Նորություններ

Փոխգնդապետ Սանասար Գաբրիելյանը մեղադրում է գեներալ Սեյրան Սարոյանին իրեն ունեզրկելու համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազատամարտիկ, փոխգնդապետ, ավելի քան 10 տարի Հայաստանի զինված ուժերում ծառայած Սանասար Գաբրիելյանը մեղադրում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանին՝ Ռուսաստանում իր հիմնադրած «Золотой Теленок» ընկերությունն իրենից խլելու մեջ։

NewArmenia.am-ի հետ զրույցում Ս․Գաբրիելյանը պատմեց, որ Սարոյանի հետ դեռ Արցախյան պատերազմի տարիներից ընկերներ են եղել։ 2000-ականների սկզբին Սեյրան Սարոյանը, ըստ Գաբրիելյանի, ընդամենը 100 հազար դոլարով ձեռք է բերել «Սևան-2» հանգստյան տունը, որը հսկայական տարածք է զբաղեցնում Սևան-Ճամբարակ ավտոմայրուղու հատվածի Ծովագյուղ համայնքում։ Որոշ ժամանակ անց Սարոյանը որոշում է վաճառել «Սևան-2»-ը, Ս․Գաբրիելյանն աջակցում է նրան այդ գործում և գնորդ է գտնում, որին Սարոյանը հանգստյան տունը վաճառում է 2 մլն դոլարով։ Ընդ որում՝ տուրքերից խուսափելու համար գույքի կադաստրային արժեքը ցածր են ցույց տալիս։ Սարոյանը չի վճարում նաև Ս․Գաբրիելյանի միջնորդավճարը՝ պատճառաբանելով, թե առջևում ընտրություններ են, փողը պետք է բաժանեն։ Նոր «սեփականատերն» իր ազգականներից մեկին ուղարկում է հանգստյան տան կառավարումը ստանձնելու համար, սակայն Սեյրան Սարոյանը թույլ չի տալիս և իր ազգականին է հանձնում այդ պաշտոնը։ Ներկայումս որպես «Սևան-2»-ի տնօրեն պաշտոնապես գրանցված է Արամայիս Սարոյանը։

Իսկ «գցված» սեփականատերն իր գումարը Ս․Գաբրիելյանից է պահանջել։

Միաժամանակ Ս․Սարոյանի սանիկներից Սարգիս Մուրադյանը Ս․Գաբրիելյանի հետ համաձայնություն է ձեռք բերում, որ 2 մլն դոլար ներդրում կատարի ՌԴ Իրկուտսկի շրջանում գործող Գաբրիելյանին պատկանող «Золотой Теленок» ընկերությունում, բայց դառնա 51%-ի բաժնետեր, որպեսզի հետագայում, իբր,  տեխնիկական հարցերով ինքը զբաղվի։ Գործընկերները վարկային գիծ են բացում և մի օր Գաբրիելյանն իմանում է, որ Սեյրան Սարոյանը հետաքրքրվել է, թե ինչքա՞ն գումար կարող են վերցնել այդ հաշվից։

Ավելի ուշ Ս․Գաբրիելյանը տեղեկանում է, որ իր ստորագրությունը կեղծելու միջոցով, Սարոյանը 2 մլն դոլար է «հափշտակում»։

Այնուհետև Ս․Մուրադյանը որոշում է դուրս գալ բիզնեսից ու գնալ Մոսկվայում գործ սկսել։ Գաբրիելյանն էլ չինացիների հետ է պայմանավորվում, որ ընկերությունը 180 մլն ռուբլով՝ մոտ 4 մլն դոլարով վաճառի նրանց։ Տեղեկանալով այս մասին՝ Սեյրան Սարոյանը «բանագնաց» է ուղարկում, թե իր սանիկին տա ընկերությունը, գումարն ինքը կտա։ Ս․Գաբրիելյանը պատմեց, որ մինչև ինքը հասնում է Կրասնոյարսկ, ընկերությունում կեղծ ստորագրությամբ գլխավոր գործադիր տնօրեն է նշանակված լինում, իսկ Սեյրան Սարոյանը վստահեցնում է, թե 1 ամսում կտա գումարը, սակայն կրկին դրժում է խոստումը։ Ռուսաստանի հանցավոր աշխարհի հեղինակություններն անգամ՝ Թևոսիկ (Թևոս Սաֆարյան), Ասետրինա (Սերգեյ Ասատրյան) և այլն, աջակցում են այս թալանին։

Ս․Գաբրիելյանը դիմում է գեներալ Մանվել Գրիգորյանին, բայց նա էլ սպառնում է, թե «երեխեքիդ կվնասեն»։ Գաբրիելյանը դիմում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին (Սերժի Վաչո), սակայն նա հրաժարվում է միջամտել։ Գաբրիելյանը դիմում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին՝ խոստանալով խնդրի լուծման դեպքում այդ գումարը բյուջե մուծել։

«Ասում էի՝ թող էդ փողը գոնե բյուջե գնա, երկրաշարժից տուժածների հարց լուծեն և այլն, ես հանգստանամ։ Բայց պարզվեց՝ սեփականաշնորհած թագավոր ունեն ու պրոբլեմ չունեն»,- ասում է Ս․Գաբրիելյանը։

Ղահրամանյանը խնդրանքը փոխանցում է Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս մերժել է, ասելով՝ «մեր նեղին Մանվելն ու Սեյրանն են հասնում, ո՞նց կլինի նրանց դեմ դուրս գանք»։ Ղահրամանյանը պատասխան է բերում Գաբրիելյանին, թե «առաջինի դաբրոն չկա» ու ոչինչ անել չեն կարող և խորհուրդ է տալիս հեռանալ Հայաստանից։

Ս․Գաբրիելյանն այս անգամ դիմում է Սամվել Բաբայանին, որն իր հրամանատարն էր պատերազմի ժամանակ, և արդյունքում, նրա խոսքով, «Իգլայի» գործով իրեն ներգրավում են որպես մեղադրյալ, 1․5 տարի պահում «ԿԳԲ-ի պադվալում»։

«Իգլայի» գործով 2017-ին դատարանում սկսված քննությունը շարունակվում է մինչ օրս՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 27-ի որոշումը վճռաբեկը բեկանել է և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, իսկ ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոփոխվում է մի շարք պատգամավորների երաշխավորությամբ:
«Էն ժամանակ օրենք չի եղել, իրավունք չի եղել։ Հիմա ես Նիկոլ Փաշինյանին եմ դիմում՝ իրավիճակ է փոխվել, ինչի՞ մեր փողերը իրենցով անեն։ Մանվելին հիմա «տուշոնկա» են ասում։ Բայց Սեյրանը պակաս չի։ «Սևան-2»-ն առավ-ծախեց, պետությանը փող չտվեց։ Հիմա սա որ «կանսերվայի» ամանի մեջ չի, տուշոնկա չի՞։ Սարոյանն իր ամբողջ ունեցվածքը թալանով է ձեռք բերել»,- ասաց Ս․Գաբրիելյանը։

Հարցին՝ ինչո՞ւ չի դիմել ՌԴ դատարան, փոխգնդապետը պատասխանեց․ «Դատարան տայի, կխփեին։ Իրենց համար դա մեկից մեկ էր»։

Նա նշեց, որ 2015-ին դատական փորձաքննություն է պատվիրել և ապացուցվել է, որ իր ստորագրությունը կեղծված է։

Նոր Հայաստանում իրավապահներին չդիմելու հանգամանքը Ս․Գաբրիելյանը հիմնավորում է, թե համակարգում բոլորը նախկինների ընկերներն են ու չի վստահում նրանց։ Ընդ որում, ըստ նրա, կալանքից դուրս գալուց հետո բազմիցս փորձել է կապ հաստատել Սեյրան Սարոյանի հետ, սակայն նա համառորեն չի պատասխանում իր զանգերին։

Ս․Գաբրիելյանը հույս հայտնեց, որ այս հարցը կարժանանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությանն ու նրա վերահսկողության ներքո արդարությունը կվերականգնվի։

Հավելենք, որ «Սևան-2»-ի մասնավորեցման մասին որևէ տեղեկություն համացանցում չկա։ Դրա սեփականաշնորհման հանգամանքները պարզելու նպատակով դիմել ենք Պետական գույքի կառավարման կոմիտե և արդյունքներն առաջիկայում կհրապարակենք։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին