-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » «Քաղաքականությունն առաջ է անցնում մարդու իրավունքների սկզբունքներից». «Փաստ»
թերթերի տեսություն

«Քաղաքականությունն առաջ է անցնում մարդու իրավունքների սկզբունքներից». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

Այսօր ունենք իրավիճակ, երբ միջազգային հանրության արձագանքը համապատասխան չէ այն սկզբունքներին և արժեքներին, որոնք հռչակել են համապատասխան կառույցները: Հատկապես այն կառույցները, որոնք կոչված են երաշխավոր կանգնել միջազգային իրավունքի և մարդասիրական սկզբունքների պահպանման համար: Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի ընթացքում միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին, հայկական կողմի ներկայացրած փաստերին ու միջազգային արձագանքներին՝ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

«Վերոնշյալի պատճառով ունենք բավականին խնդրահարույց իրավիճակ: Կոչերից բխող գործողություններ կատարելու տեսանկյունից ստացվում է, որ, ամեն դեպքում, աշխարհում մի մեծ «պաուզա» է, սպասողական իրավիճակ, թե այս գլոբալ մսաղացը ինչպես է ընթանալու ու ինչ ուղղությամբ: Միևնույն ժամանակ, սակայն, մարդկային կյանքեր են դրվում զոհասեղանին՝ այսօրվա աշխարհի բաժանման, աշխարհաքաղաքական շահերի, տարբեր խմբավորումների տեսանկյունից, ինչը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ թե՛ տարածաշրջանում, թե ՛ համաշխարհային տարբեր գործընթացների փոփոխության վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Զ. Հովհաննիսյանի խոսքով, ավելի գործուն քայլեր, կանխարգելման մեխանիզմներ պետք է կիրառեր աշխարհը, որպեսզի իրավիճակը չհասներ այս կետին: «Իրականում մարդու իրավունքների վերաբերյալ մոտեցումները երկու սկզբունք ունեն. մեկը կանխարգելումն է, որ մարդասիրական ճգնաժամ չառաջանա, երկրորդն արդեն խախտված իրավունքի վերականգնումն է: Իհարկե, խախտված իրավունքի վերականգնումը սարսափելի երկարատև ճանապարհ է և բավականին մեծ ռեսուրս է պահանջում, ինչպես նաև մասնագիտական կարողությունների մեկտեղում ու ժամանակ: Խախտված իրավունքի վերականգնումը, իհարկե, միջազգային իրավունքի մեջ բավականին մեծ ներդրում է ունենում հետագայում նման իրավիճակները կանխելու համար:

Օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ներդրված մեխանիզմները, նույն միջազգային քրեական դատարանների դատավարությունները հնարավորություն էին տալիս հղում կատարել իրավունքի այդ նորմերին, ինչի արդյունքում այդ ճյուղերը կարող էին զարգանալ ու նաև կանխարգելման որոշակի հնարավորություններ ստեղծել: Բայց այն պարագայում, երբ աշխարհում սկսվում են բախվել աշխարհաքաղաքական շահերը, կարծես թե, կանխարգելման մեխանիզմների մասին մտածելու ժամանակ չի մնում: Միայն հետո են սկսում հետհայացք նետել ու դիտարկել, թե ինչպիսի մարդասիրական ճգնաժամ տեղի ունեցավ ու ինչպես է հնարավոր վերականգնել խախտված իրավունքը:

Քաղաքականությունն առաջ է անցնում մարդու իրավունքների սկբունքներից, ինչը, ի վերջո, քաղաքականության տապալմանն է հանգեցնում»,-ընդգծեց իրավապաշտպանը՝ շեշտելով, որ մարդկության շահի հիմքում մարդ տեսակի պահպանությունն է: «Միևնույն ժամանակ, ցանկացած մարդասիրական ճգնաժամ մարդկության ինքնաոչնչացմանն է բերում, ինչը շատ մեծ խնդիր է, որի մասին լուրջ մտահոգություն պետք է լինի. այսինքն, ո՞րն է գլոբալ մարդկության շահը, շարժվել այս կամ այն երկրի այսօրեական խնդրո՞վ, թե՞ մարդկության զարգացման ու այդ իրավունքի ամրապնդման ուղղությամբ: Այսօր մենք այն իրավիճակում ենք, երբ ցավալիորեն հայ ժողովուրդն է կանգնած այդ խնդրի բարձրաձայնման ու այդ խնդիրը մարդկության առջև դնելու այսօրեական պահանջի կիզակետում»,-նշեց մեր զրուցակիցը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին