Գլխավոր » Քաղաքական կաշառք է, ժողովրդավար չէ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրինագիծի մասին
Քաղաքականություն

Քաղաքական կաշառք է, ժողովրդավար չէ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրինագիծի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի հերքում՝ երկրում ժողովրդավարության կայացման համար հարկավոր է առողջ դատական համակարգ։ Նա NewArmenia.am-ի հետ զրուցում շեշտեց, որ համակարծիք է այն պնդումների հետ, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի։

«Միանշանակ է, որ մեր դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի, սակայն այնպես ինչպես այսօր իշխանություններն են փորձում բարեփոխում անել, ինձ համար անընդունելի է։ Ամեն բան արվում է քաղաքական լուծումներով»,- ասաց նա։

Զոհրաբյանն այս համատեքստում նկատեց, որ իր համար Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրինագիծը զուտ քաղաքական ենթատեքստ ունի։ Նա այս նախագիծը քաղաքական կաշառք է որակում։

«ՍԴ դատավորներին ցմահ կաշառք են առաջակում, սա քաղաքական կաշառք է, որի դեմ, միանաշանակ, ըմբոստանալու եմ։ Սա չի կարելի, սա ժողովրդավարական չէ, ի՞նչ է նշանակում մեր հարկատուների հաշվին մարդկանց ասել՝ եկեք դուք ՍԴ դատավոր մի եղեք, բայց մենք ձեզ կվճարենք այսքան տարիների աշխատավարձը։ Ես թույլ չեմ տվել, որ իմ հարկերի հաշվին չաշխատող դատավորը՝ կլինի Հրայր Թովմասյանը,  Արևիկ Պետրոսյանը, թե այլ անձ, աշխատավարձ ստանան՝ չաշխատելով»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը կարծում է, որ այս նախագծով խնդիրները կարգավորելու փոխարեն միայն նոր խնդիրներ են առաջ գալու․ «Հոնքը սարքելու փոխարեն՝ աչքն էլ ենք հանելու, այս նախագծով դատական համակարգի ճգնաժամը չի լուծվելու»,- շարունակեց Զորաբյանը։

Վերջինս դատական համակարգի ճգնաժամից դուրս գալու գործիքներ չի առաջարկում՝ նկատելով, որ ինքը ոլորտի մասնագետ չէ։ Սակայն մի բանում վստահ է՝ իրավական տիրույթում գտնվող խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական, այլ ոչ թե քաղաքական գործիքներով։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումն արդեն հստակեցվել է։ Նախագիծը ՍԴ դատավորներին առաջարկվում է հրաժարական տալ՝ պայմանով, որ մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձը և սոցիալական երաշխիքները: 

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին