21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107328 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Վերջերս Շոտլանդիայից մի քուրդ բիզնեսմեն մեծ քանակությամբ սայլակներ ուղարկեց նվեր Հայաստանին. Կնյազ Հասանով
Այլ Լուրեր

Վերջերս Շոտլանդիայից մի քուրդ բիզնեսմեն մեծ քանակությամբ սայլակներ ուղարկեց նվեր Հայաստանին. Կնյազ Հասանով

 «Քուրդ ժողովուրդը կանգնած է հայ ժողովրդի կողքին հոգով և սրտով: Պատերազմի այս օրերին մեր ժողովուրդը հայերի հետ մեկնում է Արցախ և առաջնագծում մասնակցում է պատերազմական գործողություններին: Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի մարզերից մի շարք քուրդ երիտասարդներ են կամավորագրվել և մեկնել մարտի դաշտ»,-NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը:

Նա նշեց, որ վիճակագրական տվյալներով Հայաստանում 2300 քուրդ է գրանցված: Ապրում են Հայաստանի, հիմնականում, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Արմավիրի մարզերում: Ներգրավված են տարբեր ոլորտներում` այդ թվում զբաղվում են անասնապահությամբ, բուսաբուծությամբ:

«Օրինակ` Սիմյոնովկա գյուղում ընդամենը 4-5 քուրդ ընտանիք է ապրում, բայց այնտեղից էլ կամավորներ եղան, ովքեր մեկնեցին Արցախ: Մարտերին մասնակցելու են գնացել տարբեր քաղաքներից ու համայնքներից` այդ թվում Դիլիջանից, Սևանից, Իջևանից: Իսկ Չկալովկա գյուղից կամավորները գյուղապետի հետ միասին են մեկնել»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Կնյազ Հասանովը հիշատակեց, որ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին քրդերի մասնակցությունն ապահովելու համար ինքը ԱԺ ամբիոնից նաև կոչ է արել Թուրքիայում, Սիրիայում, Իրանում ապրող միլիոնավոր քուրդ ժողովրդին, որպեսզի իրենց զորակցությունը հայտնեն հայերին:

«Վերջերս Շոտլանդիայից մի քուրդ բիզնեսմեն մեծ քանակությամբ սայլակներ ուղարկեց նվեր Հայաստանին»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:

ԱԺ պատգամավորը հավելեց, որ Սիրիայի իրենց քրդական աղբյուրները հաղորդել են, որ 5-6 ամիս առաջ թուրքական իշխանությունները Սիրիայից իրենց տրամադրության տակ գտնվող վարձկաններ են տեղափոխում Ադրբեջան:

Հարցին` ներկայումս Թուրքիայի իշխանության դիրքորոշումն ինչպիսին է քուրդ ժողովրդի հանդեպ, Հասանովը հիշատակեց, որ թուրքական իշխանությունները քրդական Ժողովրդական Դեմոկրատական կուսակցության 80 ներկայացուցիչներին, քաղաքապետերին ձերբակալել են  տարբեր անհիմն պատճառներով. «Այդ կուսակցության անդամ է նաև Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլյանը: Եվ սա թուրքական իշխանությունների ներգործությունն է մեր ժողովրդի նկատմամբ»,-ասաց նա և շարունակելով խոսքը նշեց, որ արդեն տասը տարի է` քուրդ ժողովուրդը կռվում է թուրքական իշխանության կողմից հովանավորվող իսլամիստների դեմ. «Աֆին քաղաքը, որը քրդաբնակ քաղաք էր` թուրքական իշխանությունները հարձակվեցին քաղաքի վրա, և երեք ամիս քրդերի դիմադրությունից հետո քաղաքը գրավեցին: Եվ հիմա քուրդ ժողովրդին հանել են դաշտեր, և նրանք մահանում են վրանների տակ,  իսկ քաղաքը լցրել են իրենց կողմից հովանավորվող իսլամիստներով, որոնց էլ այսօր Թուրքիան տեղափոխում է Ադրբեջան»:

Կնյազ Հասանովը եզրափակելով խոսքն ասաց, որ աշխարհում 50 մլն քուրդ ժողովուրդ կա. Թուրքիայում` 20 մլն, Իրանում 12մլն, Սիրիայում 4մլն, Իրաքում 6մլն, որոնք դարերի ընթացքում հալածվում են թուրքական իշխանությունների կողմից:

Նարա Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին