14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Քրիստոսը խաչվում է մարդկանց փրկության համար, ես էլ այդ փրկությունը տեսնելու համար. Մանոն Արմինե Ավետիսյան
Հարցազրույցներ

Քրիստոսը խաչվում է մարդկանց փրկության համար, ես էլ այդ փրկությունը տեսնելու համար. Մանոն Արմինե Ավետիսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը զրուցել է նկարչուհի Արմինե Մանոն Ավետիսյանի հետ:

-Դուք ներկայանում եք Արմինե Մանոն Ավետիսյան, Մանոն անունը որտեղի՞ց է ծագում։

-Մայրս երբ առաջին կուրսի ուսանող էր և դեռ ամուսնացած չէր նվեր է ստանում Ֆրանսիացի գրող Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկո» գիրքը և այդ անվանումն իրեն դուր է գալիս ու մտածում է, որ աղջիկ ունենա անունը պետք է Մանոն դնի։ Հայրս արվեստաբան նկարիչ է եղել, և շատ հայրենասեր մարդ էր, երբ ես ծնվեցի որոշեցին, որ անձնագրում Արմինե գրվի, բայց, չնայած դրան, ինքն էլ ինձ ամբողջ կյանքում Մանոն է ասել։ «Մանոն Լեսկո» գիրքը մայրս ինձ նվիրեց, 1937թ. հրատարակություն է Կոջոյանի նկարազարդումներով։

-Ումի՞ց եք ժառանգել նկարչուհու տաղանդը:

-Ես Մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետն եմ ավարտել։ Նկարչի տաղանդը ժառանգել եմ հորիցս, իսկ իմ ընտանիքը կրկին արվեստի շնչով է ապրում՝ աղջիկս մոդելավորող է, փեսաս՝ ռեժիսոր, տղաս ու հարսս ինտերիերի և էքստերիերի դիզայներ։

-Ե՞րբ է եղել Ձեր առաջին ցուցահանդեսը։

-Իմ առաջին անհատական ցուցահանդեսը եղել է 1987թ. «Զգացմունք» խորագրով՝ հարյուր աշխատանքներով ցուցահանդես ունեցա։ Երևանում ևս երկու մեծ ցուցահանդեսներ եմ ունեցել «Տրամադրություն» և «Հոգևիճակ» խորագրերով։ Վերջին ցուցահանդեսը թեպետ նվիրված էր Այվազովսկու 200 ամյակին, բայց իմ կտավների ալիքներն իմ հոգևիճակն էին ցույց տալիս։

-Ո՞րն է Ձեր ոճը: Ովքե՞ր կամ ի՞նչն է դառնում մուսա Ձեզ համար, ինչպես են ծնվում Ձեր նկարները։

-Ինձ համար ամենակարևորը, որ նկարիչն ունենա իր ձեռագիրը։ Ոչ լրիվ կլասիկա, ոչ լրիվ աբստրակցիոնիզմ, մոդեռն նկարչություն՝ սա է իմ ոճը։ Իմ մուսան իմ օրվա տրամադրությունն է՝ իմ հոգեվիճակը, իմ զգացածը, իմ զգացմունքները։ Կան զգացողություններ, որոնք չես կարող կիսվել մարդկանց հետ, բայց թղթի, կտավի հետ կիսվում ես։ 

-Հայ ընտանիքում հե՞շտ է լինել և՛ լավ կին, և՛ հոգատար մայր, և ՛կարողանալ ստեղծագործել։

-Աշխատել եմ ոչ մի տեղ չթերանալ և այն ժամանակահատվածը, որ նվիրում եմ նկարչությանը ինձանից եմ կտրում, որովհետև ես գիշերը կարող է չքնեմ և նկարեմ։ Գիշերն ամենալավ ժամանակն է, որ ինձ չեն կտրում նկարչությունից և չեն խանգարում։

-Ո՞ր նկարիչն է ՁԵզ համար համարվում լավագույնը։

-Փոքր ժամանակվանից, ինչ սկսվել է իմ գիտակցական կյանքը, որպես ինձ համար սկիզբ սկսվեց Վան Գոգի գիրքը, ու մինչև հիմա էլ Վան Գոգն ինձ համար նկարչության սկիզբն է, կենտրոնն է և կարծես թե նաև վերջն է։

— Ձեր կտավներում երբեմն արտացոլված է խաչված կին։ Ինչո՞ւ:

-Ենթագիտակցորեն, ամեն փուլից հետո, խաչված տեսարան եմ պատկերում։ Անկախ ինձնից է այդ տեսարանը ստացվում։ Ես երկար մտածեցի, թե ինչու և, կարծես թե, գտա այդ հարցի պատասխանը․ Քրիստոսը խաչվում է մարդկանց փրկության համար, ես էլ այդ փրկությունը տեսնելու համար։

-Դուք երկար տարիներ ՀՀ նկարիչների միության անդամ եք, միությունը ի՞նչ է տալիս նկարիչներին, կա՞ փոփոխություն հեղափոխությունից հետո:

-Նկարիչների միության անդամ եմ երեսուն տարուց ավելի, և վերջին քսան տարիները այդ միությունում լճացման տարիներ էին։ Շատ նկարիչներ այնտեղ մտնելիս իրենց անկոչ հյուր էին զգում։ Մենք մեր տան մեջ անկոչ հյուր էինք, իսկ հիմա չկա կաշկանդվածություն, նկարիչների միության տան  լիիրավ անդամ եմ ինձ զգում։ Ցուցադրությունները մեծ նշանակություն ունեն նկարչի համար։ Իսկ այն ժամանակ կար մի կլան, որ թե ներսում, թե դրսում միշտ նույն մարդիկ էին ցուցադրվում։ Այս վերջին երկու տարին, նոր երիտասարդ կազմը շատ ավելի թարմ մտքերով են, դրական շարժ կա։ Նկարիչների միության տան երեք հարկն էլ օգտագործվում է ցուցահանդեսների համար, նաև երկար ու ձիգ տարիներ չլսված բան էր, որ Ամանորին նկարիչների երեխաներին ու թոռներին Ամանորի ներկայացման տոմսեր տան և միևնույն ժամանակ նվերներ։ Ցուցահանդեսների ժամանակ ևս ընդառաջում են նկարիչներին տրամադրելով ներկեր, շրջանակներ։

-Ձեր նկարները բացի Հայաստանից, ո՞ր երկրներում են ցուցադրվել: Առաջիկայում ի՞նչ սպասելիքներ ունեք։

-Անհատական ցուցահանդեսներ ունեցել եմ տարբեր երկրներում՝ այդ թվում Հունաստանում, Բրյուսելում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, մեծ ցուցահանդես եմ ունեցել նաև Մոսկվայում։ Ներկայումս Ֆրանսիայից կրկին հրավեր ունեմ, բայց պլաններս այլ են։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Նկարիչ Սուրեն Մեսրոպյանի կտավները մեծ ուշադրության են արժանացել Սլովակիայում

Սերինե

Նկարիչների միությունում բացվեց ՉԺՀ կազմավորման 70-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին