-2 C
Yerevan
22 Հունվարի, 2020
Գլխավոր » Օժանդակելու ենք այն ուսանողներին, ովքեր հետ կվերադառնան՝ զարգացնելու իրենց մարզերը․ «Ուսանողի տուն» նախագծի հեղինակ
Քաղաքականություն

Օժանդակելու ենք այն ուսանողներին, ովքեր հետ կվերադառնան՝ զարգացնելու իրենց մարզերը․ «Ուսանողի տուն» նախագծի հեղինակ

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը մարզերից ժամանած ուսանողների խնդիրների, ինչպես նաև այդ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին զրուցել է «Ուսանողի տուն» նախագծի հեղինակ Մհեր Մկրտչյանի հետ։

-Կներկայացնե՞ք «Ուսանողի տուն» նախագծի կառուցման ծրագիրն ընդհանուր գծերով, ի՞նչ է այն նախատեսում:

-Այն ուսանողները, որոնք մարզից գալիս են Երևան, հիմնականում շատ խնդիրների են բախվում։ «Team Time»-ում հաճախ կազմակերպում ենք ոչ ֆորմալ կրթությանն ուղղված տարբեր միջոցառումներ, սեմինարներ և մասնակիցների մեջ շատ են լինում նաև մարզից եկած ուսանողներ, ու քանի որ շփումը շատ անմիջական է, մեզ հաճախ հարցնում են վարձով բնակարանների համար կամ գիտե՞նք այլ ուսանողի, որի հետ կարող են համատեղ վարձակալել։ Հիմա մենք որոշեցինք ստեղծել մի հարթակ, որի անունն է «Ուսանողի տուն», որը կթեթևացնի մարզից եկած ուսանողների խնդիրները Երևանում։

Նորքի 2-րդ զանգվածում հարմար պայմաններով տարածք ենք վարձակալել, վերանորոգումը սկսել ենք չորս ամիս առաջ, շենքն ունենալու է հարմարավետ ննջասենյակներ, մեծ ճաշարան, ընդհանուր սենյակ, որտեղ կկազմակերպվեն սեմինարներ, շենքում կունենանք նաև մեծ գրադարան՝ հագեցած նոր գրքերով, ինտերնետ, համակարգիչներ։ Նախատեսված է մոտ քառասուն ուսանողի համար։

— Այսինքն՝ սույն ծրագիրը բացի ուսանողներին բնակության վայրով ապահովելուց, նաև այլ գործառույթնե՞ր է իրականացնելու։

— Բացի կացարանային խնդրից, ուսանողներն ունենում են նաև շատ այլ խնդիրներ ուսման վարձի հետ կապված, երիտասարդության հետ շփման հարթակների, աշխատանքային, որ չգիտեն ում դիմել, ինչպես լուծել, քանի որ նոր են տեղափոխվել Երևան։ Այդ խնդիրներով նույնպես զբաղվում ենք։ «Ուսանողի տուն»-ը հստակ ծրագրով ուսանողների համար կազմակերպելու է թրեյնինգներ տարբեր ոլորտների մասնագետների հետ։ Մենք շեշտը դնելու ենք այն ուսանողների վրա, որոնք իսկապես եկել են ուսում ստանալու համար, օգնելու ենք իրենց և հորդորելու, որ վերադառնանան և փորձեն զարգացնել մարզերը։ Մեր գուրծունեությունը միտված է մարզերը զարգացնելուն։

-Ուսանողների մարզ վերադառնալը կարևոր նախապայմա՞ն է «Ուսանողի տան»-ը բնակվելու համար։

-Ոչ թե նախապայման, այլ ավելի շատ՝ խրախուսում։ Ուսանողներն ապրելով այդ կացարանում տարիների ընթացքում, մենք դառնալու ենք մի մեծ ընտանիք, այն չի լինելու զուտ բնակության վայր։ Իրենց ծանոթությունների շրջանակն է ընդլայնվելու, լեզուների ակումբ ենք ստեղծելու, տարբեր բիզնես ղեկավարների ենք հրավիրելու, որոնք կկիսվեն իրենց փորձով, հոգեբանական, նեղ մասնագիտական, մոտիվացնող թրեյնինգներ ենք ունենալու։ Տանելու ենք, նրան, որ իրենց աշխարհայացքն այնքան ընդլայնվի, զարգանա, որ վերադառնան մարզեր  իրենք էլ իրենց հերթին փորձեն զարգացնել։ Իրենք արդեն ծանոթ լինելով մարզում առկա խնդիրներին, նաև մեր օգնությամբ կարողանան դիմել տարբեր կառույցների և մարզում բարեփոխումներ անեն։

-Որտեղի՞ց է գոյանում ձեր բյուջեն, ունե՞ք ձեզ օժանդակող կամ համագործակցող բարերարներ կամ ֆոնդեր:

— Ես և գործընկերս՝ Ծովինար Սարգսյանը մեր միջոցներով ենք սկսել աշխատանքները, ու մտածում էինք, որ ինչ գնով էլ լինի պիտի անենք։ Մեծ կազմակերպություններից ենք փորձում աջակցություն ստանալ, մեր ընկերներն են օգնում, աշխատանքների մի մասն ինքներս ենք արել, գումար չենք ծախսել։ Հիմա արդեն մեր բյուջեն չի բավականացնում, մենք ներդրել ենք մոտ 4 մլն դրամ, բայց դեռ 16 մլն դրամի ներդրման կարիք կա։ Հիմա փորձում ենք ֆինանսավորում գտնել, որոշ ընկերություններ կապվել են արդեն մեզ հետ, ծրագիր պիտի ներկայացնենք: Աջակցությունը նաև կարող է լինել հետևյալ կերպ՝ օրինակ, ինչ որ կառույց անվճար դռները տրամադրի, մյուսը՝ պատուհանները, այսինքն յուրաքանչյուրը կարող է ինչ որ բանով աջակցել գաղափարի իրագործմանը։ Շենքի վերանորոգումը նախատեսվում էր մինչև հունվար ամիսը ավարտին հասցնել, բայց ֆինանսական խնդիրների պատճառով մի փոքր հետաձգվում է։

-Համագործակցո՞ւմ եք բուհերի  կամ պետական գերատեսչությունների հետ:

-Դեռ համագործակցություն չունենք։ Դասախոս ընկերներ ունենք, որ դիմել ենք ուսանողներին այս կամ այն խնդրի հետ կապված օգնել են, բայց դա անմիջական շփում է եղել, ոչ գործնական։ Նախատեսվում է համագործակցություն բուհերի, կրթության նախարարության հետ, որպեսզի փոխանակման ծրագրերին կարողանանք մասնակցել, մեր ուսանողներին ուղարկենք արտասահման և արտասահմանից ուսանողներ բերենք «Ուսանողի տուն»։ Համագործակցություն ունենք բարեգործական, սոցիալական կազմակերպությունների հետ, մասնակցում ենք իրենց ծրագրերին ու մարզերում հաճախ ենք լինում, շփվում մարզերի երիտասարդության հետ, ու կարող եմ ասել, որ նրանց մեջ մեծ պոտենցիալ կա, որը չի օգտագործվում։

-Ի՞նչ չափորոշիչներով է կայացվելու ընտրությունը՝ որ ուսանողին ընդունել, որին՝ ոչ:

-Ուսանողները հարցաթերթիկներ են լրացնելու, որոնցից ստանալու են միավորներ և ըստ այդմ էլ կայացվելու է ընտրությունը։ Չեմ կարող ասել ինչ հարցեր կլինեն, բայց դրանց միջոցով մենք գտնելու ենք այն ուսանողներին, որոնք հայրենասեր են, եկել են իսկապես սովորելու, զարգանալու համար և նաև պատրաստ են զարգացնել։ Այն ուսանողները, որոնք պատրաստվում են երկիրը լքել, իրենց չենք դիտարկելու։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին