Գլխավոր » Օսիպյանն ու Վանեցյանը իրավիճակային խնդիր են լուծել. նրանց փոփոխությունը խոսում է իշխանության ներուժի մասին
Վերլուծական

Օսիպյանն ու Վանեցյանը իրավիճակային խնդիր են լուծել. նրանց փոփոխությունը խոսում է իշխանության ներուժի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ներքաղաքական զարգացումներն աստիճանաբար հետաքրքիր ընթացք են ստանում: Արթուր Վանեցյանի պաշտոնաթողությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Ըստ որում` այն մեկնաբանությունները, թե Ն. Փաշինյանի իշխանությունը ճաքեր է տալիս, առավելապես շտապողական են, կանխակալ ու մանիպուլյատիվ:

Ժամեր առաջ էլ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու մասին որոշում:

Հարկ է նկատել, որ պետության առաջին էշելոնում կադրային փոփոխությունները խոսում են ոչ այնքան ճաքեր տալու մասին, որքան վկայում են, որ իշխանությունն ունի տրանսֆորմացվեու և իր ներսում փոխատեղումներ իրականացնելու ներուժ, վստահության ու լեգիտիմության պաշար, որը հնարավորություն է ընձեռում խնդիրներին առավել արդյունքվետ լուծումներ առաջարկող կադրեր ունենալ:

Այս ֆոնին, երբ դիտարկում ենք Ա. Վանեցյանի, Վ. Օսիպյանի արդեն կայացած և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր հրաժարականների հանգամանքները, եզրակացնում ենք, որ իշխանությունները նախաձեռնել են զտման փուլ, որից, ամենայն հավանականությամբ, դուրս կգան ավելի ամրացած: Այստեղ ավելի կարևոր հարց է առաջանում. Ովքե՞ր են փոխարինելու ներկայիս պաշտոնյաներին: Արդյո՞ք այդ անձինք լինելու են առավել պրոֆեսիոնալ: Մտահոգվելու տեղիք է տալիս, այն հնարավոր զարգացումը, որ վստահության խնդիրը կարող է լուծվել պրոֆեսիոնալիզմի հաշվին, ինչից էլ պետք է զգուշանալ:

Նկատենք, որ թե՛ Օսիպյանը, թե՛ Վանեցյանը հեղափոխությունից անմիջապես հետո պահի թելադրանքով նշանակված կադրեր էին, ովքեր նախկինում տարիներ շարունակ աշխատել են նախկին իշխանությունների հետ և ինչ-որ առումով 2018-ի գարնանը նրանց նշանակումը իրավիճակային խնդիր էր լուծում: Այն հանգամանքը, որ նախկին իշխանական վերնախավի կոռումպացված կադրերից որևէ մեկն այս ընթացքում չի դատապարտվել և հայտնվել ճաղերի ետևում (բացառությամբ մեկ-երկու հոգու), ինչի առիթով էլ բազմիցս քննադատություններ են հնչել իշխանությունների հասցեին, պայմանավորված է հենց այս երկու ուժային կառույցների ղեկավարների նախկին կապերով ու գործունեությամբ:

Այս հանգամանքները համադրելով աստիճանաբար պատկերն ամբողջանում է և որոշակիորեն անհիմն է թվում որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն թեզը, թե Օսիպյանի պաշտոնանկության պատճառն Ամուլսարի ճանապարհն ուժով բացելու մեթոդին Օսիպյանի դեմ լինելն է: Նախ՝ վարչապետը որևէ ակնարկ չի արել այդ ճանապարհը ուժով բացելու վերաբերյալ, մյուս կողմից Օսիմպյանը մեկ անգամ չէ, որ նման օպերացիաներ է իրականացրել ակցիաներ իրականացնող քաղաքացիների դեմ, և Օսիպյանի համար ուժային եղանակով ճանապարհներ բացելը հազիվ թե խնդրահարույց լիներ:

Ի վերջո, դեպքերի այսպիսի ընթացքը վկայում է այն մասին, որ նախկին համակարգից ժառանգություն մնացած այս երկու՝ արդեն նախկին պաշտոնյաներն այդպես էլ չեն դարձել իշխող թիմի ադամ, և չեն դարձել նոր Հայաստանի ժողովրդավարական արժեքեների կրողներ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին