6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
108985.6 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » «Ֆակտորի փրոդաքշնն» էլ է ուզում ղեկավարել Հ1-ը. Հանրայինի տնօրենի թեկնածուները 7-ն են
Այլ Լուրեր

«Ֆակտորի փրոդաքշնն» էլ է ուզում ղեկավարել Հ1-ը. Հանրայինի տնօրենի թեկնածուները 7-ն են

Վաղը՝ սեպտեմբերի 18-ին, լրանում է Հանրային հեռուստաընկերության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի ժամկետը։ Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը NewArmenia.am հարցին ի պատասխան ասաց, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 թեկնածու՝ առանց բացահայտելու նրանց անունները։

«Երբ որ ի մի կբերենք, վաղը կհայտարարենք, կիմանաք»,-ասաց Շիրինյանը:

NewArmenia.am-ի տեղեկություններով՝ Հ1-ի տնօրենի պաշտոնի համար պայքարում է նաև «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության ղեկավարությունը: «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ «Ֆակտորի փրոդաքշնի» բաժնետերերը երկուսն են՝ Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը։ Տեր-Գալստյանը նախկինում եղել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը։ Հենց նրա անունն էլ շրջանառվում է որպես թեկնածու: Նրանք նաև աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում։

Լուրը ճշտելու համար զանգահարեցինք «Ֆակտորի փրոդաքշն»: Մեր զանգին ընկերությունից պատասխանեցին, որ ղեկավարությունը տեղում չէ և խոստացան փոխանցել հարցը, որպեսզի նրանք կապվեն մեզ, սակայն այդպես էլ զանգ չստացանք: 

Այս ընկերությունը հանրությանը հայտնի դարձավ հեղափոխությունից հետո պետական մի շարք միջոցառումների կազմակերպմանը մասնակցելով: Օրինակ՝ այս տարվա Երևանի նոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը քաղաքապետարանը առանց մրցույթի անցկացման վստահել էր «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին: Ընդհանուր գումարը կազմել էր 24 մլն դրամ՝ մոտ 50 հազար դոլար։ Ընկերությունը ակտիվ համագործակցում է պետական տարբեր կառույցների հետ:  2019-ին այս ընկերությունը դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով 27,5 միլիոն դրամով կազմակերպել էր Քաղաքացու օրվա միջոցառումները, ևս 1 միլիոն դրամով ներկայացուցչական ծառայություններ էր մատուցել Արարատի մարզպետարանին։ Անցյալ տարի «Ֆակտորի փրոդաքշնի» հետ ներկայացուցչական ծախսերի շրջանակում կնքվել է մոտ 160 միլիոն դրամի պայմանագիր։

Հանրային հեռուստաընկերության տնօրենի մրցույթի մասնակիցների թվում շրջանառվում են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և  տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի, ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանի, Հանրային հեռուստաընկերության տնօրենի ժ/պ Արմեն Սարգսյանի, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ինչպես նաև Ռուբեն Շահինյանի անունները։

Թե ովքեր են թեկնածուները, պարզ կլինի վաղը:

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին