3 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » 12 զոհ՝ ոչ մարտական պայմաններում ու մեծ մասը՝ Արցախի բանակում. քրեական ենթամշակույթը բանակից հզո՞ր է
Գլխավոր Նորություններ

12 զոհ՝ ոչ մարտական պայմաններում ու մեծ մասը՝ Արցախի բանակում. քրեական ենթամշակույթը բանակից հզո՞ր է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ոչ մարտական պայմաններում Արցախում երեկ մահացած 2 զինվորների մահը ցնցեց հասարակությանը՝ խորացնելով մտահոգությունը բանակում առկա խնդիրների մասին: ՀՀ քննչական կոմիտեում 2 ժամկետային զինծառայողների՝ Տիգրան Մանվելյանի ու Տիգրան Մխոյանի մահվան դեպքերով հարուցվեցին քրեական գործեր՝ ինքնասպության հասցնելու հոդվածով: 

ՊՆ գլխավոր շտաբից ճշտեցինք, որ այս տարի արդեն ՀՀ բանակում մահացել է 12 զինծառայող: Ընդ որում՝ 4-ը մահացել են դժբախտ պատահարից, 4-ը՝ ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում, որոնցից 3-ը հիվանդություններից, մնացած 4-ը՝ չպարզված հանգամանքներում:

4 զինծառայողների մահվան հետ կապված ՔԿ-ում քրգործեր են հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Ստացվում է՝ հայոց բանակում այնպիսի իրավիճակ է, որ 1,5 ամսում 4 զինվոր ինքնասպանության է հասնում: Բացի սա, ըստ իրավապաշտպանների, կա զինվորների վիրավորման 9 դեպք:

Ինքնասպանության հասցնելու հոդվածով դեպքերի թիվն այս տարի 5-ը կլիներ, եթե հունվարի 30-ին Արցախում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները նրա դագաղը մայրուղիով չբերեին Երևան ու ՔԿ-ն չհրաժարվեր այդ հոդվածից՝ ծառայակիցներին մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Հայաստանի ՊՆ գլխավոր շտաբի խոսնակ Սամվել Ասատրյանին ուղղված մեր հարցը, թե ոչ մարտական պայմաններում մահվան ելքով դեպքերի շարունականությունը արդյոք չի՞ նշանակում, որ բանակում կոնկրետ քայլեր չեն արվում իրավիճակները շտկելու ուղղությամբ, միայն լսում ենք հայտարարություններ, չպատասխանվեց, հարցը գրավոր ուղղելու հորդոր ստացանք: 

Ի դեպ, այս տարի ոչ մարտական պայմաններում մահերի մեծ մասը Արցախի բանակում է եղել: Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը NewArmenia-ի հարցին, թե Արցախի ՊՆ-ն ինչո՞վ է բացատրում, որ ոչ մարտական պայմաններում բանակում մահերի մեծ մասը Արցախում է լինում, կարճ պատասխան տվեց. «Դրա համար էլ քննություն է գնում, քննության արդյունքում կպարզվի: Այն, ինչ որ մենք պետք է տարածեինք, տարածել ենք, ձեզ հաղորդել ենք, այլ ասելու բան չունենք»: 

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը մեր հարցին, թե ՄԻՊ գրասենյակն ինչ է անում  Արցախի զորամասերում տիրող իրավիճակի փոփոխման, միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրների լուծման, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առումով, ասաց, որ իրենց ռեսուրսները շատ փոքր են և իրենք առավելապես արձագանքում են բողոքների շրջանակներում: Մասնակի  մշտադիտարկում են կատարում և առաջարկներ ներկայացնում Արցախի ՊՆ-ին:

Անցյալ տարի Արցախի ՄԻՊ-ը Արցախի ՊՆ-ի դեմ ընդամենը 33 բողոք է ստացել, որոնցից միայն 21-ն են առնչվել զինծառայողների խնդիրներին: Դա Արցախի ՄԻՊ-ի ստացած բողոքների 9 տոկոսն է: Այս տարի դեռ վիճակագրություն չունեն: Այս թիվը տարակուսելի է, հատկապես բանակում կատարվող բազմաթիվ դեպքերի ֆոնին: 

«ՄԻՊ լիազորությունները խիստ սահմանափակ են քրեական գործերով»,-ասաց Արտակ Բեգլայանը՝ պատախանելով հարցին, թե ինչ են անում քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու ուղղությամբ, ապա հավելեց. «Դա կապ ունի բոլորիս հետ, կարևոր են թե կրթությունը, թե զինվորների պատշաճ իրազեկումը, թե հրամանատարների վերահսկողությունը, ցավալի է, բայց այդ մշակույթը լատենտային է, ու դրա մեջ ներգրավվածները խուսափում են ինչ-որ տեղ դիմել, բողոքել»:  

Արցախի ՄԻՊ-ը անցյալ տարի քրեական մշակույթի հետ կապված ընդամենը 1 դեպք են ունեցել, երբ դրամահավաքության խնդիր է եղել 2 զինվորների միջև. «Ահազանգել ենք համապատասխան մարմիններին»: 

Արցախի բանակի նախկին հրամանատար, «Միացյալ Հայաստան» կուսակցության  նախագահ Վահան Բադասյանը կարծում է, որ բանակում զինվորների միջանձնային հարաբերությունների խնդիրների համար պատասխանատու են նախևառաջ համապատասխան իրավապահ մարմինները, իսկ հրամանատարի դերը նվազեցված է: 

«Բանակում մենթերի դերը ավելի մեծ է, քան հրամանատարի: Դերակատարում ունեն զինվորական ոստիկանությունը, հակահետախուզությունը, դատախազությունը, ինչն էլ դարձնում է շիլաշփոթ, քանի որ քրգործերի բացահայտման պատասխանատվությունը մեկը մյուսի վրա են գցում: Իսկ Փաշինյանը գիտի՝ վարտիքներն են պատճառը, որ նույն լվացքի մեքենայի մեջ են լվանում»,-NewArmenia-ի հետ զրույցում նշեց Բադասյանը: 

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե երեկվա մահվան 2 դեպքի հետ կապված  մանրամասն զրույց է ունեցել և՛ պաշտպանության նախարարի հետ, և՛ գլխավոր շտաբի պետի հետ։

«Իմ տեսակետն ասել եմ, որ այս խնդրի խորքը հասկանալու համար պետք է գնանք ու տեսնենք, թե մեր բակերում, դպրոցներում երեխաներն իրար հետ ինչպես են շփում»,- ասաց նա՝ հավելելով. «Գիտեք, որ վարտիքները փոխելու խնդիր են դրել, լվացքի մեքենաներով ապահովել ենք զորամասերը, բայց պարզում է, որ մեր զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, որ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ։ Եթե հանկարծ զինվորներից մեկը կրի վարտիք, որը լվացքի մեքենայի մեջա հայտնվել ուրիշի վարտիքի հետ, այդ զինվորի հետ մեծ պարզաբնում  կլինի։ Խնդիրն այն է, որ գենետիկ մակարդակում նույնիսկ այս խնդիրը պետք է ախտորոշենք, իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է։ Հանգամանքների բերումով եղել եմ քրեակատարողական հիմնարկում, տեսել եմ, թե ինչ հասկացություններով են մարդուն ոտքի վրա ոչնչացնում, ջարդում ու հողին հավասար են սարքում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։


Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նմանություններ է տեսել բանակի իրավիճակի առթիվ Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի երեկվա գնահատականներում. «Այսօր լսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, և ամենևին չտեսա մտահոգություն համակարգում փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ Եվ հակառակը, նա կրկնեց տարիներ առաջ, ավելի ճշգրիտ, 2010 թվականին Սերժ Սարգսյանի հնչեցրած միտքը․«․․․Բանակը հասարկության հայելին է, և այն թերությունները, այն խնդիրները, որ գոյություն ունեն հասարակության մեջ` այս կամ այն չափով, միշտ գոյություն են ունենալու բանակում․․․», — ասում էր Սարգսյանը։ Ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ 10 տարի անց․
«․․․Խնդրի խորքը հասկանալու համար մենք պետք է գնանք և տեսնենք, թե մեր բակերում, դպրոցներում, մեր երեխաներն ինչպես են իրար հետ շփվում․․․», — ասում է Փաշինյանը։ Փաստացի, երկուսն էլ պատասխանատվության բեռը դնում են հասարակության վրա, ասելով, որ բանակում հայտնվող երիտասարդների դաստիարակության, նրանց պատկերացումների պատճառով է, որ ունենանում ենք զոհեր բանակում»,-ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպանը։


Նա անհամաձայնություն է հայտնել Փաշինյանի դիրքորոշմանը. «Ես իմ կտրուկ անհամաձայնությունն եմ հայտնում այսպիսի դիրքորոշման վերաբերյալ, որն արտահայտել եմ թե՛ 2010 թվականին /չասեք, ու՞ր էիր Սերժի ժամանակ/, թե՛ 2020-ին / նախկինների ժամանակ էլ նույն դիրքերում էի, իրավապաշտպանի, ուստի նախկին չփորձել ինձ որակել/»,-նշել է, նա՝ հավելելով. «Բանակը մի կառույց է, որը գործում է հստակ ռեժիմի, օրենքի և կանոնակարգի պայմաններում և, ի տարբերություն բակի և դպրոցի, այդտեղ օրենքով սահմանափակվում են մարդու ազատությունները։ Եթե բանակում նման իրավիճակ է, ապա նշանակում է, որ օրենքը չի գործում, կամ գործում են այլ օրենքներ, որոնք հաստատոմ են ոչ թե զինվորները, այլ հրամանատարներն ու սպաները”։ Ես, դժբախտություն եմ ունեցել ներկա գտնվել մի քանի զինվորական գործերով դատավարությունների։ Ամբաստանյալի աթոռին հայտնվել էին զինակոչիկներ, որոնք, ըստ սպանված զինծառայողի հարազատների, մեղավոր չէին, սակայն դատապարտվեցին՝ բարձրաստիճան զինվորականների փոխարեն»։


Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն առաջարկել է «ասֆալտին փռել» բանակում կատարվող սպանությունները բացահայտելու անկարող քննիչներին. «Հավաքվեք, զգաստացեք, ենթասպաներից մինչև գեներալ, մինչև նախարար բոլորդ պատասխանատու եք: Այստեղ «ես մեղավոր չեմ» չկա: Քննիչներն «անկարող» են միայն վերադասի ցանկությամբ: Այդ թվում նաև տարիներ շարունակ «անկարող» քննիչներ ունենալու համար: Այնքան մարդ է պարգևատրվել, մեդալ, շնորհակալագիր, պաշտոնի բարձրացում ստացել «անկարողության» համար»,-գրել է նա:

Շուշիի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը տևական ժամանակ առաջ առաջարկներ էր արել բանակում համակարգային փոփոխության հետ կապված՝ նշենոլվ. «Պաշտպանության խնդիրը չի կարելի լուծել 18-20 տարեկաններին մատաղ անելու հաշվին։ Նրանք պետք է ընդամենը մեկ տարի ծառայեն և այդ ժամանակահատվածում միայն մարզվեն, վարժվեն և դառնան պատրաստի մարտիկ։ Ուրիշ ոչինչ։ Առանց նրանց կյանքն ու առողջությունը վտանգելու»,-առաջարկել է Սեֆիլյանը՝ շարունակելով. «Փոխարենը՝ պետք է զարգացնել պայմանագրային ծառայության համակարգը և Շվեյցարիայի օրինակով ներդնել նաև աշխարհազորային (միլիցիոնային) ծառայության համակարգ՝ ակտիվ պահեստազորի բաղադրիչով։ Այդ դեպքում բոլորը պետք է պարբերաբար մասնակցեն վարժանքների, իսկ ակտիվ պահեստազորը՝ նաև սահմանի պաշտպանության գործընթացին»։

Ըստ Սեֆիլյանի՝ ներկայիս պաշտպանության համակարգն ապազգային է, ուստի պետք է արմատապես փոխվի։ «Հայրերն ու ավագ եղբայրները չեն կարող և իրավունք չունեն մահվան վտանգի ենթարկել իրենց զավակներին ու կրտսեր եղբայրներին, թաքնվել նրանց թիկունքում և պասիվ դիտորդի նման հետևել, թե ինչպես են նրանք նվաստացվում, խեղվում և զոհվում»։

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Բնականաբար թերացումներ եղել են, մենք պատահականությունների չենք հավատում․ Բալայանը՝ բանակի դեպքերի մասին

Աշխեն

Խնդիրը իրավակիրառությունն ապահովելու մեջ է. փոխնախարարը՝ բանակում արձանագրված դժբախտ դեպքերի մասին

Diana Amirkhanyan

Հրամանատարներին նոր կարգադրություն են տվել. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին